ru24.pro
Все новости
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Աջակցությունը ղարաբաղցիներին կդադարեցվի աստիճանաբար

0

Փախստականներին տրամադրվող 40+10 հազար դրամի սոցաջակցությունը երկարաձգվել է մինչև մյուս տարվա ապրիլ, որից հետո, սակայն, դրանից կօգտվեն միայն տեղահանվածների հատուկ խմբերը։ Այս պահին դեռ չկա ծրագիրը շարունակելու նոր որոշում, փոխարենը իրավական ակտերի առցանց հարթակում տեղադրված է նախագծի սևագիր տարբերակը․ այն բաց է քննարկման համար մինչև նոյեմբերի 19-ը։

«Կարողացել ենք հասնել նրան, որ Կառավարությունը լսի ժողովրդի արդար պահանջն առ այն, որ ձմեռվա ամենածանր պահին աջակցությունը դադարեցնելն ու միայն խոցելի խմբերին տրամադրելը, ճիշտ որոշում չէ», – Epress.am-ի հետ զրույցում նշել է ղարաբաղցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

Նոր նախագծով ապրիլից աջակցության շահառու կլինեն միայն երեխաները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցողները, 63+ տարիքի անձինք, ինչպես նաև զոհվածի, կերակրողին կորցրածի ընտանիքները։ Ապրիլից մինչև հունիս այս խմբերը կստանան 40 հազար դրամ, այնուհետև մինչև տարեվերջ 30 հազար դրամ սոցաջակցություն։

«Տեղահանված ցանկացած անձ, անկախ այն հանգամանքից աշխատունակ տարիքի է, թե ոչ, խոցելի է հենց բնակարան չունենալու հանգամանքով։ Մարդը որքան էլ աշխատի, չի կարող այնքան գումար վաստակել, որ աստղաբաշխական թվերով բնակարան վարձակալի և կարողանա իր ամենօրյա ապրուստը հոգալ», – նշել է Պետրոսյանը։

Նրա կարծիքով սոցաջակցությունը պետք է տրամադրվի այնքան ժամանակ, քանի դեռ անձը կամ ընտանիքը չեն ապահովվել բնակարանով։

Պետրոսյանի խոսքերով «40+10» ծրագրից հրաժարվելու միակ նախապայմանը «2-5 միլիոն» բնակապահովման ծրագրի ամբողջական վերանայումն է։ Նրա կարծիքով այդ ծրագիրն այժմ կենսունակ և կարիքահեն չէ։ Դա է պատճառը, որ մինչ այսօր սերտիֆիկատների համար դիմումների քանակը շատ քիչ է, նրա տվյալներով՝ մինչ այսօր ընդամենը երեսուն հավաստագիր է տրամադրվել։ Թե դրանցից քանիսն են իրացվել, որևէ վիճակագրություն Պետրոսյանը չունի։

«Ես չեմ ճանաչում սերտիֆիկատներից օգտված որևէ անձի կամ ընտանիքի։ Շատ հաճախ մարդիկ շփոթում են 2022 թ․ առանձին շրջաններից տեղահանվածներին տրամադրած սերտիֆիկատների հետ։ Դրանք միանգամայն տարբեր ծրագրեր են, շահառուների շրջանակն այլ է», – ասել է Պետրոսյանը:

Շուտով բնակապահովման ծրագրին զուգահեռ կգործարկվի սոցիալական բնակֆոնդը․ այս մասին Պետրոսյանին հայտնել են Սոցապ նախարարությունից։ Նրա խոսքերով նախարարությունը պայմանագիր է կնքել Կաթոլիկ օգնության ծառայության հետ, այժմ քննարկվում է սոցիալական բնակարանների տարբերակը․ «Բավականին լավ տարբերակ է, քանի որ փոքր կազմով ընտանիքները կամ հաշմանդամություն ունեցող խոցելի խմբերը, որոնք իվիճակի չեն լրացուցիչ վարկային բեռի տակ մտնել, կարող են օգտվել այս ծրագրից»։

Ըստ Սոցապի՝ սոցիալական բնակֆոնդը չի ենթադրում հանրակացարանային շենք։ Այն բնակարան է, որը տրամադրվում է անհատույց, բայց առանց սեփականաշնորհման իրավունքի։ Թե ովքեր կլինեն այս ծրագրի շահառուները, որտեղ կլինեն այդ բնակարանները և երբ, Պետրոսյանը դեռևս չգիտի։

The post Աջակցությունը ղարաբաղցիներին կդադարեցվի աստիճանաբար first appeared on Epress.am.