ru24.pro
Все новости
Октябрь
2024

ArmGeo-ն ամփոփել է «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագիծը

0

2024 թվականի սեպտեմբերին Հայկական աշխարհագրական նախագծի (ArmGeo) լեռնագնացների թիմը Հայաստանի դրոշը ծածանեց Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ երրորդ լեռան՝ Ջիլոյի գագաթին (4135 մ), որով ակումբն ավարտին հասցրեց «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագիծը:

Վերջինիս իրականացումը 11 տարի է պահանջել, քանի որ որոշ գագաթներ տարիներ շարունակ փակ էին լեռնագնացության համար:  

Մեդիամաքսը ArmGeo-ի լեռնագնաց Հրաչյա Իվանյանի հետ զրուցել է իրականացված նախագծի եւ գագաթներից յուրաքանչյուրի առանձնահատկությունների մասին:

Նվաճված յոթ գագաթ

ArmGeo-ն ներկայում միակ ակումբն է, որն իրականացրել է «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագիծը: Վերջինիս շրջանակում ակումբի լեռնագնացները վերելքներ են իրականացրել Մեծ Մասիս (5165 մ), Սաբալան (4811 մ), Ջիլո (4135 մ), Արագած (4090 մ), Սիփան (4058 մ), Քաջքար (3937 մ) եւ Սիս (3925 մ)։

Ընտրված յոթ թիվն, իհարկե, պատահական չէ: Համաշխարհային լեռնագնացության մեջ հայտնի «7 գագաթ» նախագիծը շատ լեռնագնացների երազանք է: Այն ենթադրում է վերելքներ աշխարհի բոլոր աշխարհամասերի ամենաբարձր գագաթներ։ Բազում լեռնագնացների նպատակներում է նաեւ «7 հրաբուխ» նախագիծը: Հենց սրանցից էլ ոգեշնչված է «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ»-ը, որն արդեն իրականություն է ArmGeo ակումբի լեռնագնացների համար:

Հրաչյա Իվանյանի խոսքով՝ նախագծի իրականացումն անհասանելի էր թվում ցանկի լեռներից Սիսի եւ Ջիլոյի՝ լեռնագնացության համար փակ լինելու պատճառով:

Այդուհանդերձ, 2023-ին խմբին հաջողվել է նվաճել Սիսի գագաթը, իսկ Ջիլոյի արտոնված վերելքն իրականացրել են 2024թ. սեպտեմբերի 20-ին:

«Հետաքրքրական է, որ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ 8-րդ լեռան՝ Կապուտջուղի գագաթը (3906 մ) եւս անհասանելի է, քանի որ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջեւանի հատվածում»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ մի օր այդ վերելքը եւս իրականություն կդառնա:

Արշավականից՝ լեռնագնաց

Հրաչյա Իվանյանի համար բոլոր յոթ գագաթների վերելքներից յուրաքանչյուրն առանձնահատուկ էր: Դրանցից շրջադարձայինն, իհարկե, Արարատի վերելքն էր, որն ինչպես շատերի, այնպես էլ Հրաչյայի կյանքը փոխել է 5165 աստիճանով. հենց այս ճանապարհն է նրան արշավականից դարձրել լեռնագնաց:

«Արարատ վերելքի ժամանակ լեռնագնացության փորձ դեռեւս չունեի, բայց գագաթին լինելը երազանք էր դեռեւս մանկությունից, երբ անգամ չգիտեի էլ, որ բարձրանալու համար անհրաժեշտ են լեռնագնացային որոշակի հմտություններ»,- պատմում է Հրաչյա Իվանյանը, որը Մեծ Մասիս բարձրացել է ArmGeo-ի` այդ ուղղությամբ առաջին արշավախմբի կազմում:

«Ամբողջ ճամփորդությունը շատ տպավորիչ էր, հատկապես գագաթ հասնելն ու այնտեղ մոտ կես ժամ մնալը: Էյֆորիկ զգացողություններ էին, որոնք վերելքից հետո առաջին անգամ Արարատը Երեւանից տեսնելիս էլ ավելի թանձրացան»,- հիշում է Հրաչյան:

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը՝ Արագածը ցանկում չորրորդն է, որը հայ լեռնագնացներն, իհարկե, հաճախ են բարձրանում:

«Արագածի հյուսիսային գագաթ հիմնականում բարձրանում ենք ավելի բարձր ու բարդ վերելքների նսխասպատրասվելիս, բայց իհարկե, Արագածի վերելքն, ինքնին, լավ նվաճում է»,- ասում է Հրաչյան:

Առաջին վերելքն Իրանում

Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը Սաբալանն է, որը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Գագաթից 25 մ ներքեւ՝ խառնարանում, գտնվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր լիճը, որը հիմնականում սնուցվում է սառցադաշտերի հալոցքային ջրերից։

Սաբալանի վերելքը Հրաչյա Իվանյանի լեռնագնացության առաջին փորձն էր Իրանում, իսկ նոր ուղղությունները մշտապես հետաքրքիր են:

«Վերելքն իրականացրինք իրանահայերից կազմված խմբի հետ համատեղ, որն էլ ավելի հիշարժան դարձրեց այն:

Հիշարժան պահերից էր նաեւ այն, որ թեեւ լճի մակերեսը սառցակալած էր, բայց սառույցի մի հատվածը կոտրելով կարողացանք լողալ լեռնաշխարհի ամենաբարձրադիր լճում»,- ասում է նա:

Գագաթից բացվող հարուստ տեսարաններ

Բարձրությամբ 5-րդ գաթաթը Սիփանն է, որը գտնվում է Վանա լճի արեւմտյան ափին:

«Սիփանի գագաթը ցանկի մյուս լեռներից առանձնացավ դեպի Վանա լիճ բացվող հիանալի տեսարանով»,- ասում է Հրաչյա Իվանյանը:

Լեռնագնացի համար ամենագեղեցիկ վերելքը դեպի Քաջքար էր՝ բարձրությամբ 6-րդ գագաթը: Այն առանձնանում է բազմաշերտ լեռնազանգվածով ու գեղեցիկ երթուղով:

«Իմ տեսած տեսարաններից ոչ մեկը չեմ կարող համեմատել Քաջքարի գագաթից բացվող համայնապատկերի հետ: Հիասքանչ տեսարանները բոլոր ուղղություններով էին՝ մի կողմից արեւելապոնտական լեռները՝ իրար ուսի թառած, մյուս կողմից՝ Սեւ ծովի տեսարանը: Դեպի գագաթ տանող ճանապարհը եւս հիասքանչ էր, հատկապես երբ քայլում էինք կիրճերի եզրով»,- ասում է նա:

Փակ լեռների անակնկալ բացված ճանապարհը

Մինչեւ 2015 թվականը Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ 7-րդ գագաթը՝ Սիսը, հասանելի էր լեռնագնացների համար, սակայն Թուրքիայի կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել էր վերելքները: Հրաչյա Իվանյանի խոսքով՝ ներկայում վերելքներ արտոնում են, սակայն շարունակում են դժվարություններ առաջանալ:

«Քանի որ լեռան հարավային լանջը գտնվում է Իրանի հետ սահմանին, այդտեղ ռազմակայաններ, սահմանային կետեր կան, ուստի ռազմական գոտի է համարվում: Այդուհանդերձ, նախորդ տարվա սեպտեմբերին տեղացի ուղեկցորդների ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց վերելք կատարել»,- ասում է Հրաչյա Իվանյանը:

Այդ վերելքը խմբի համար առանձնացել է նրանով, որ զուգադիպել է Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի հետ:

«Մեկնելիս չգիտեինք՝ կհաջողվի վերելքը, թե ոչ, ուստի մեզ տրամադրել էինք, որ գնում ենք պարզապես գարեջրի գավաթի շուրջ ֆուտբոլ դիտելու: Խաղի հաջորդ օրը վաղ առավոտյան Բայազետից ճանապարհ ընկանք, եւ պտտվելով լեռնազանգվածի շուրջ՝ վերելքը սկսեցինք լեռան արեւելյան կողմից»,- պատմում է լեռնագնացը:

Նրա խոսքով՝ Սիս բարձրանալու դժվարությունը նրանում է, որ բավականին կարճ տարածությունում միանգամից մեծ բարձրության են հասնում, ուստի այլ լեռների համեմատ՝ թեքությունները շատ են:

«Սիս բարձրացանք 5 լեռնագնաց ընկերներով, բոլորս էլ նախկինում Մեծ Մասիս բարձրացել էինք, ուստի վերելքը նշանավորվեց նաեւ նրանով, որ մեզ համար ամբողջացավ Արարատը»,-ասում է Հրաչյան:

Ամենաերկար սպասված վերելքը Ջիլոն էր՝ բարձրությամբ երրորդը: Թեկուզ եղանակային պայմանների պատճառով լեռնագնացների խումբը չի վայելել գագաթից բացվող տեսարանը, այդուհանդերձ, երթուղին շատ գեղեցիկ էր տարբերվող ժայռոտ զանգվածներով ու խորը կիրճերով:

«Եթե Սիս բարձրանալու հույս նշմարվում էր, քանի որ գիտեինք՝ նախկինում խմբեր եղել են, Ջիլոն անհասանելի էր թվում, քանի որ որեւէ վերելքի մասին տեղեկատվություն չկար: Կարելի է ասել, չէինք էլ երազում վերելքի մասին, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, եւ 2023 թվականին իմացանք, որ հատուկ թույլտվությամբ կարելի է բարձրանալ:

Պետք է բարձրանայինք 2023-ի սեպտեմբերին, բայց Արցախի ողբերգական իրադարձությունները փոխեցին ծրագրերը, ուստի հետաձգված վերելքն իրականացրինք այս տարի»,- ասում է Հրաչյա Իվանյանը:

Դեպի լեռներ, դեպի վեր

Հայկական լեռնաշխարհի գագաթներ բարձրանալը Հրաչ Իվանյանի համար յուրահատուկ է նաեւ նրանով, որ այդ լեռները, դրանց շրջակա բնակավայրերը պատմական հայտնի տեղանուններ են:

«Այս վերելքներից յուրաքանչյուրը ճամփորդություն է տարբեր պատմական վայրերով, որոնց ծանոթ ենք գրական ստեղծագործություններից, մեր պատմությունից, ուստի յուրահատուկ զգացողություններ ես ունենում»,- ասում է նա:

ArmGeo-ի հետ լեռներ բարձրացող շատ մարդկանց համար առաջինը դառնում է հենց լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Մասիսը: Այդուհանդերձ, լեռնագնացը խորհուրդ է տալիս բարձր վերելքներին ֆիզիկապես պատրաստվել՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար:

«Նախընտրելի է սկսել 2000-3000 մետր բարձրությամբ լեռներից, որոնցով շատ հարուստ է մեր երկիրը, բազում հետաքրքիր ուղղություններ կան: Մարզասրահներում մարզումները կարող են օգնել, բայց դժվարամաչելի լեռներ բարձրանալուն պատրաստվելու լավագույն ձեւն ավելի մատչելի գագաթներ նվաճելն է»:

Ինչու՞ են մարդիկ ձգտում դեպի լեռներ. լեռնագնացի կարծիքով՝ այդ հարցի պատասխանը գտնելու միակ ճանապարհը գագաթներ բարձրանալն ու բարձունքում այն զգալն է: Անձամբ Հրաչյա Իվանյանը լեռներ գնալու շատ պատճառներ ունի.

«Առաջինը, թերեւս գագաթներից բացվող տեսարաններն ու ազատությունն է: Ինձ համար կարեւոր է նաեւ գագաթ տանող ճանապարհը, որը ներառում է ինքնահաղթահարում, համատեղ հաղթահարվող դժվարություններ եւ գագաթ հասնելիս միասին ապրած ուրախություն»,-ասում է նա եւ մտաբերում է Սերգեյ Դովլաթովի հետեւյալ խոսքերը.

«Ժամանակին մենք մառան էինք իջնում: Իսկ հիմա վազում ենք գաստրոնոմ: Մենք նորակառույցների ուղղաբերձ թեքությունները գերադասեցինք սարերից ....
Բայց կար ժամանակ, երբ սարերում էինք ապրում»:

«Երեւի, հիմա ենթագիտակցորեն ձգտում ենք սարեր վերադառնալ»,- ամփոփում է Հրաչյա Իվանյանը:

Գայանե Ենոքյան