Պարենի hամաշխարհային ծրագիրը եւ Թուֆենկյան հիմնադրամը գործակցում են Սյունիքում
Այս համագործակցությունը միտված է լուծելու Սյունիքում բնակչության նվազման, ենթակառուցվածքային խնդիրների եւ տնտեսական մարտահրավերների խնդիրները։ Այն մեկնարկում է Սվարանց գյուղից:
Հիմնադրամը եւ ՊՀԾ-ն կիրականացնեն մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն նպաստելու Սյունիքի գյուղական համայնքների կայուն զարգացմանը եւ բարելավելու համայնքների բնակչության կենսապայմանները:
Կարեւոր ուղղություններից մեկը կլինի գյուղատնտեսության զարգացումը՝ նպատակ ունենալով արդիականացնել ոռոգման համակարգերը, ներդնել բարձրարժեք մշակաբույսեր եւ ավելի արդյունավետ սերմատեսակներ, ինչպես նաեւ բարելավել գյուղատնտեսական տեխնիկան։
Գործընկերությունը նաեւ կխթանի կլիմայական փոփոխությունների նկատմամբ զգայուն ծրագրերի իրականացումը՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղադրման միջոցով։ Ստացված եկամուտները կուղղվեն համայնքներում պարենային ապահովությունը խթանելու համար՝ նպաստելով երկարաժամկետ կայունությանն ու բարելավելով Սյունիքի գյուղական ընտանիքների կյանքը։