Ֆիլիպ Վոլքի «ուղեւորությունը» UWC Dilijan-ից ՎԶԵԲ
2024 թ. հոկտեմբերին UWC Dilijan քոլեջը տոնում է հիմնադրման 10 տարին: Այս տասնամյակի ընթացքում այն կարողացել է փոխակերպել աշխարհի տարբեր ծայրերից շուրջ հազար շրջանավարտների կյանքի ուղին:
Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարը պատկանում է սոցիալական ներդրողներ եւ ձեռնարկատերեր Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին:
Մեդիամաքսը զրուցել է UWC Դիլիջանի շրջանավարտներից մի քանիսի հետ:
26-ամյա Ֆիլիպ Վոլքը Իտալիայի Տրենտո քաղաքից: Այժմ նա ապրում է Լոնդոնում եւ աշխատում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ):
Բարդ ընտրություն
2014 թվականին, երբ Ֆիլիպը որոշել էր սովորել UWC ցանցում, Իտալիայի ազգային կոմիտեն նրան առաջարկեց ընտրության երկու տարբերակ՝ UWC Atlantic-ը Ուելսում եւ UWC Dilijan-ը Հայաստանում: Վերջինս այդ տարի նոր էր բացվել, ինչն էլ վճռորոշ դեր խաղաց Ֆիլիպի որոշման մեջ:
«Ուզում էի երկու մասի կիսվել: UWC Atlantic-ը ամրոց է՝ նման Հոգվարթսին: Բայց այն միտքը, որ Դիլիջանի դպրոցը նոր էր եւ հնարավորություն կա ամեն ինչ զրոյից ստեղծելու եւ դա նորովի անելու, շատ հրապուրիչ էր»,- հիշում է Ֆիլիպը:
Դիլիջանի դպրոցի օգտին էր նաեւ Հայաստանի լեռնային բնությունը, որը Ֆիլիպին հիշեցնում էր հայրենի միջավայրը՝ Դոլոմիտյան Ալպերը:
«Հիշում եմ մեր առաջին հանդիպումը դպրոցի տնօրեն Ջոն Փադեֆուդի հետ, որն ասում էր, որ մենք չենք կրկնօրինակելու ցանցի մյուս դպրոցներին եւ փոխարենը ստեղծելու ենք նորը՝ հետագայում դա փոխանցելով գալիք սերունդներին: Ռիսկի դիմելու եւ ամեն ինչ նորովի անելու պատասխանատվությունը մեզ համար շատ ոգեւորիչ էր»,-պատմում է Ֆիլիպը:
Կրթության առանձնահատկությունները
Ֆիլիպի խոսքով՝ UWC դպրոցների կրթական ծրագիրը լիարժեք համապատասխանում է տարբեր ազգեր ներկայացնող աշակերտների համատեղ ուսուցմանը եւ անգամ դասերից դուրս էլ դպրոցը լի է գիտելիքով, փորձառությամբ եւ բազմակարծությամբ:
«Մեր քննարկումները շարունակվում մինչեւ ուշ գիշեր: Աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց մեկ տեղում հավաքելն արդեն իսկ երաշխավորում է, որ շատ հետաքրքիր զրույցներ են սպասվում»,- ասում է Ֆիլիպը:
Դիլիջանում ստացած կրթության մեկ այլ առանցքային գործոն է ուսուցչի դերը, որի միանգամայն փոխակերպում է ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների սովորական ընկալումը:
«Ես Իտալիայում շատ լավ դպրոցում եմ սովորել, բայց դա սովորական դպրոց էր, ուստի ինձ համար ուսուցիչը նա էր, ով քննում ու գնահատական էր դնում: UWC-ում եւ IB կրթական ծրագրում ընդհանուր առմամբ, ուսուցիչը գնահատական չի նշանակում, նա կարծես քո մարզիչը լինի»,-ասում է Ֆիլիպը՝ կրթական գործընթացը նմանեցնելով մարաթոն վազելուն, երբ աշակերտը շարժվում է իր սեփական արագությամբ, բայց ուսուցիչն է, որ պատրաստում է նրան այդ վազքին:
Այն հանգամանքը, որ ուսուցիչներն աշակերտների հետ ապրում են նույն տարածքում, մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն ակադեմիական, այլեւ անձնային շփման տեսանկյունից:
«Ուսուցիչներն այստեղ կարողանում են աշակերտի կողքին լինել նաեւ դժվար պահերին, երբ նրանք կարոտում են տունը կամ սթրեսային իրավիճակում են հայտնվում»,- բացատրում է Ֆիլիպը:
Կրթություն եւ նոր նվաճումներ
2016 թվականին UWC Դիլիջանն ավարտելուց հետո Ֆիլիպն ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջ, որտեղ սովորել է պատմություն, քաղաքականություն եւ տնտեսություն բաժնում՝ տնտեսության վրա շեշտադրմամբ: «Ավելի շատ մասնագիտացա հետխորհրդային տարածաշրջանի երկրների վրա»,-ասում է Ֆիլիպը:
Բակալավրի աստիճան ստանալուց հետո նա որոշել է չշտապել մագիստրոսական կրթական ծրագիր ընտրելու հարցում՝ փոխարենը իրեն փորձելով աշխատանքային շուկայում: Սկսել է պրակտիկա անցնել տարբեր ընկերություններում, որոնց շարքում էր նաեւ Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը Մոսկվայում: Երկար բացակայությունից հետո կարողացել է վերադառնալ նաեւ հայրենի համայնք, եւ այնտեղ եւս օգտակար լինել:
Այս ճամփորդությունից հետո Ֆիլիպը, վերջապես, հասկացել է, թե որ ուղղությամբ է ցանկանում շարունակել իր կրթությունը, եւ այս ուսումնական տարվանից սովորում է UCL-ի ենթակառուցվածքների ներդրումներ եւ ֆինանսներ բաժնի մագիստրատուրայում: Զուգահեռաբար շարունակում է աշխատել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում, որտեղ ընդունվել էր դեռեւս 2022 թվականին:
Նավարկություն միջմշակութային միջավայրում
ՎԶԵԲ-ում Ֆիլիպի աշխատանքի առանցքում այնպիսի նորարարական գործիքների օգտագործումն է, որը կօգնի բանկին ներդրումներ կատարել բարձր ռիսկային, բայց կայունություն ապահովող ոլորտներում, ինչպիսին, օրինակ, կլիմայի փոփոխության մեղմացումն է:
Նա ընդգծում է, որ իր այսօրվա աշխատանքը լիարժեք համապատասխանում է UWC-ում սովորած արժեքներին:
«Ավելի քան 70 երկրներից գործընկերների հետ եմ աշխատում, եւ ամեն ինչ կայունության, բազմակողմանիության ու միջերկրային համագործակցությունների մասին է: Այս ամենը լիարժեք համադրելի է նրա հետ, ինչ սովորել եմ UWC Dilijan-ում»,-ասում է Ֆիլիպը:
Նրա խոսքով՝ UWC-ն իրեն նախապատրաստել է բազմամշակութային միջավայրում աշխատելուն՝ ինչպես պրակտիկ, այնպես էլ անձնային շփումների մակարդակում:
«Մեզ սովորեցրել են մտածել, որ ամեն ինչ կարելի է զրոյից նախագծել կամ այլ կերպ անել: Մենք սովորել ենք դժվար, բայց անհրաժեշտ հարցեր տալ՝ հասկանալու համար, թե որն է տվյալ գործն անելու լավագույն միջոցը»,- նշում է Ֆիլիպը:
Նրա համար ամենեւին էլ զարմանալի չէ, որ UWC-ի բազում շրջանավարտներ են աշխատում միջազգային կազմակերպություններում: Նրանք բոլորն էլ աշխարհը շարունակ բացահայտելու մեծ ձգտում ունեն:
«UWC-ի հետ կապված մի տարօրինակ բա կա. բոլոր շրջանավարտները միմյանց հետ շատ արագ ու հեշտ լեզու են գտնում, նույնիսկ նրանք, ովքեր սովորել են ոչ թե նույն դպրոցում, այլ ցանցի դպրոցներից մեկում: Երբ ինչ-որ մեկի հետ շատ արագ եմ մտերմանում եւ հետո իմանում, որ UWC-ի շրջանավարտ է, հասկանում եմ, թե գաղտնիքը որն էր», - ասում է Ֆիլիպը:
Աշխարհին պետք են երազողներ, որոնք գործում են
Այս տարիների ընթացքում Ֆիլիպը մի քանի անգամ հանդիպել է Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը՝ Վերոնիկային։ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը նրա համար շոկային էր:
«Մենք նշում ենք UWC Dilijan-ի 10-ամյակը, որովհետեւ Ռուբենը Վարդանյանը Վերոնիկայի հետ միասին այս խելահեղ գաղափարն ունեցավ՝ ստեղծելու մի բան, որը դուրս էր որեւէ մեկի երեւակայությունից: Ռուբենի նվիրումը ոչ միայն այս, այլեւ Հայաստանում շատ այլ նախագծերին, շատ ավելին է, քան պարզապես բարեգործություն. նրա ծրագրերը խթանիչներ են ավելի լայն էկոհամակարգի համար»,- ասում է Ֆիլիպը։
Նույն նվիրումը, որը դրված էր դպրոցի ստեղծման ակունքներում, դարձավ UWC Dilijan-ում գտնվող բոլոր մարդկանց ընդհանուր առաքելությունը: Նրանք կիսում են գրող Սառա Բան Բրեաթնաչի կողմից հնչեցված հետեւյալ գաղափարը. «Աշխարհը կարիք ունի երազողների, եւ աշխարհը կարիք ունի գործողների: Բայց ամենից ավելին, աշխարհը կարիք ունի երազողների, որոնք գործում են»:
«Մենք պետք է կարողանանք տեսնել մեծ պատկերը, թե իրադարձությունները դեպի ուր են զարգանում, տեսնենք, թե դեպի ուր է գնում աշխարհը եւ թե մենք ինչ ենք ուզում աշխարհի համար: Սրա հետ մեկտեղ, պիտի հասկանանք, որ ամեն ինչ ինքն իրեն տեղի չի ունենալու, ուստի պատկերը վերեւից տեսնելով՝ պետք է ներքեւից վերեւ զարգացման համար լուծումներ եւ գործիքներ ստեղծենք: Սա այն է, ինչ սովորել ենք UWC Dilijan-ում»,- ներկայացնում է Ֆիլիպը:
Նրա մտքում վառ է մնացել Դիլիջանի դպրոցում անցկացրած վերջին երեկոն, երբ բոլորը միասին խմբվել էին խարույկի շուրջ:
«Եվ հանկարծ մեզանից մեկն ասաց, որ սա վերջին երեկոն է, երբ մենք բոլորս միասին ենք: Երկու տարի շարունակ ամեն օր գրեթե 24 ժամ միասին անցկացնելուց հետո մենք գիտակցեցինք, որ այլեւս երբեք չենք կարողանալու վերստեղծել այդ պահը: Բայց հետո գալու է նոր սերունդ եւ նույն կախարդանքը տեղի է ունենալու նրանց հետ: Բարի նախանձով եմ նայում նրանց, որ շաբաթներ առաջ նոր են ժամանել Դիլիջան եւ առջեւում ունեն այդ հիանալի ճամփորդությունը»,- ամփոփում է Ֆիլիպը:
Գայանե Ենոքյան