ru24.pro
Все новости
Октябрь
2024

Սալոմե Զուրաբիշվիլիին երկրորդ անգամ փորձում են տապալել

0

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրորդ անգամ  իմփիչմենթի գործընթաց է նախաձեռնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ։ Նախագահը միաժամանակ խորհրդակցություններ է սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ տեխնիկական կառավարության ձևավորման վերաբերյալ։ Այդ պայմանավորվածությունը բխում է վրացական խարտիայից, որը նախագահը ստորագրել էր ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Այսօրվա կոնսուլտացիայների թեման վարչապետի թեկնածուի ընտրությունն է։

«Վրացական երազանքի» որոշումը կապված է Զուրաբիշվիլիի եվրոպական տուրի հետ, որի շրջանակներում նախագահը հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, գրում է Էխո Կավկազան։

Եթե Սահմանադրական դատարանը վճռի, որ Զուրաբիշվիլին նորից խախտել է գլխավոր օրենքը, նրա պաշտոնանկության հարցով կզբաղվի նոր խորհրդարանը, ասել է խոսնակ Շավել Պապուաշվիլին։ Նա նշել է, որ գործընթացն ունի սիմվոլիկ բնույթ. «Մենք չենք կարող անպատիժ թողնել Սահմանադրական կարգի դիտավորյալ, կոպիտ և համակարգային խախտումը։ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է մնա ոչ թե որպես նախկին, այլ պաշտոնանկ նախագահ, ինչը որպես նախադեպ կարևոր դեր կունենա հետագայում նման ամենաթողությունների կանխման գործում»։

Անցյալ տարի Սահմանադրական դատարանը բավարարել էր իշխող կուսակցության հայտը և վճռել էր, որ Զուրաբիշվիլիի եվրոպական այցելություններն առանց կառավարության համաձայնության հակասում են Սամանադրությանը։ Բայց խորհրդարանում կազմակերպված պաշտոնանկության քվեարկության արդյունքներով նախագահի պաշտոնանկության օգտին քվերակել էին 86 պատգամավորներ՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն։

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վերջերս ավելի ու ավելի անթաքույց ձևով ռուսամետ քաղաքականություն է վարում։ Կուսակցության 12-ամյակի առթիվ իր ելույթում Իվանիշվիլին ներողություն է խնդրել ռուսաստանի հետ պատերազմի համար։ Վերջին տարիներին իշխող կուսակցությունն ընդունել է ռուսական օրենքների նմանությամբ մշակված օրենսդրական փոփոխություններ։ Արգելվել է ԼԳԲՏ պրոպագանդան, ընդունվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, վերացվել է խորհրդարանում կանանց ներկայացվածության քվոտան և օֆշորային հաշիվներից դեպի վրաստան գումարի փոխանցման հարկը, ստեղծվել են կասկածելի տվյալների բազաներ։

The post Սալոմե Զուրաբիշվիլիին երկրորդ անգամ փորձում են տապալել first appeared on Epress.am.