Ռուսաստանը և Իրանը Հարավային Կովկասում. շահերի հատում և բախում
2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, պարբերաբար լուրեր են ստացվում Ռուսաստանի և Իրանի միջև մերձեցման մասին՝ սկսած անօդաչու թռչող սարքերի մատակարարումից մինչև Թեհրանի որոշումը միանալ ԲՐԻՔՍ-ին: Արևմուտքի տեսանկյունից իրավիճակը պարզ է թվում. միջազգային լիբերալ կարգի երկու հակառակորդներ միավորվում են: Սակայն դա պարզեցնում է բարդ աշխարհաքաղաքական գործընթացները, մասնավորապես Հարավային Կովկասում, որոնք կարիք ունեն ավելի խորը ուսումնասիրության։
Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու մրցակցությունը
Ռուսաստանը և Իրանը երկկողմ համագործակցության բավական երկար պատմություն ունեն։ Ներկայումս համագործակցության ամենակարևոր ոլորտները ռազմատեխնիկական, էներգետիկ և տնտեսական ոլորտներն են: Ռազմատեխնիկական ոլորտում հիմնական իրադարձությունները ներառում են 2016 թվականին Ռուսաստանի կողմից C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը և Սու-35 կործանիչների և Մի-28 ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը: Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո մատակարարումները սկսեցին ընթանալ հակառակ ուղղությամբ, որոնցից ամենահայտնին իրանական Shahed-136 անօդաչու թռչող սարքերն էին: Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ներառում է Իրանին գազային տուրբինների մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը, Իրանում ջերմաէլեկտրակայանի կառուցման համար Ռուսաստանի կողմից 1,4 միլիարդ դոլարի վարկ տրամադրելը և գազի մատակարարման փոխանակման մասին համաձայնագրերը: Հուշագիր է ստորագրվել Իրանի նավթագազային ոլորտում «Գազպրոմի» կողմից 40 միլիարդ դոլարի ներդրման համար։ Չնայած 2023 թվականի վերջին ապրանքաշրջանառության ծավալների նվազմանը՝ Իրանը տնտեսական ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ստորագրեց ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Ակնկալվում է, որ վճարային համակարգերի շարունակական ինտեգրումը կխթանի նաև առևտրի և տնտեսական աճը: Այս համագործակցության ֆոնին Մոսկվան և Թեհրանը նախատեսում են գործընկերության համաձայնագիր ստորագրել՝ ընդգրկելով ռազմավարական կարևոր բոլոր ոլորտները։
Նման պատկերը կարող է տպավորություն ստեղծել, որ ռուս-իրանական հարաբերությունները սահուն զարգանում են առանց խոչընդոտների՝ անվտանգությունից մինչև տնտեսություն։ Այնուամենայնիվ, երկկողմանի հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները լուրջ խնդիրների են բախվել։ Օրինակ, S-300 համակարգերի վերաբերյալ համաձայնագիրը ձեռք է բերվել 2007 թվականին, սակայն, Իրանին զենք մատակարարելու արգելքով պայմանավորված, ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով պայմանագրի կատարումը հետաձգվել է։ 2016-ին Մոսկվան սկսեց օգտագործել Համադանում գտնվող իրանական ավիաբազան սիրիական գործողությունների համար։ Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը քննադատեց Ռուսաստանին այս տեղեկատվությունը հրապարակելու համար։ Ռուսաստանը և Իրանը, ունենալով նավթի և գազի մեծ պաշարներ, ուղղակի մրցակիցներ են էներգետիկ ոլորտում մատակարարման շուկաների համար։ Նաև, չնայած սիրիական հարցում իրենց ընդհանուր նպատակներին (ներկայիս կառավարության պահպանում, ահաբեկչության դեմ պայքար և Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնում) և ցանկությանը՝ պահպանել դաշնակցային հարաբերությունները, Մոսկվան և Թեհրանը շարունակում են մրցակցել ազդեցության գոտիների համար: Սովորաբար մրցակցությունը վերաբերում է էներգետիկ ռեսուրսների զարգացման հարցում ներգրավվածությանը։ Երկու կողմերը շարունակում են անհամաձայնությունը Սիրիայի տարածքում իսրայելական հարվածներին հակազդելու հարցում։
Որտե՞ղ են համընկնում շահերը Հարավային Կովկասում
Եթե տարբեր տարածաշրջաններում Իրանի և Ռուսաստանի շահերը համընկնում են, ապա դրանք սովորաբար ունենում են ռազմավարական նշանակություն, օրինակ՝ սիրիական համատեքստում։ Մոսկվան և Թեհրանը պատմականորեն մրցակիցներ են եղել Հարավային Կովկասում ազդեցության գոտու համար։ Ուժի այլ կենտրոնները չեն վիճարկել Ռուսաստանի գերակայությունը անցյալ դարերի ընթացքում։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասն այժմ ապրում է Խորհրդային Միության փլուզումից հետո ամենանշանակալի աշխարհաքաղաքական տեղաշարժերը: Այս համատեքստում Թեհրանն ու Մոսկվան ունեն հատվող շահերի կետեր։
Նախ՝ անվտանգության խնդիրները։ 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Ռուսաստանը և Իրանը հանդես էին գալիս որպես «ստատուս քվո պետություններ», որոնք շահագրգռված չէին փոխել նոր կոնֆիգուրացիան։ Այս դիրքորոշումը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի ռեվիզիոնիստական նկրտումների ֆոնին, որոնք ի վերջո ուժի կիրառմամբ միակողմանի զիջումների են հասել Հայաստանից։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, հետագայում Արցախի անկում, էթնիկ զտումներ և տարածքների հանձնում Տավուշի մարզում իրականացվող «սահմանազատման» գործընթացի արդյունքում։ Հաշվի առնելով այս իրադարձությունները՝ Ռուսաստանն այլևս ներկայություն չունի Լեռնային Ղարաբաղում, իսկ անվտանգության առումով ավելի խոցելի դարձած Հայաստանին այլևս չի ցուցաբերվում անհրաժեշտ օգնություն։ Հետևաբար, Հայաստանը սկսեց իր արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացը: Իրանի համար Հայաստանի հետ սահմանը կորցնելու սպառնալիքն ավելի իրական է դարձել։ Մինչև 2023 թվականի սեպտեմբեր Բաքուն ուղղում էր իր ռազմական հզորությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ. Լեռնային Ղարաբաղի անկումից հետո Բաքուն կարող է իր ողջ ռազմական ուժը կենտրոնացնել Երևանի դեմ:
Երկրորդ՝ ուղղահայաց հաղորդակցությունների զարգացումը։ Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ Ռուսաստանի համար հրատապ է դարձել տնտեսական շրջափակման հաղթահարման հարցը։ Այս համատեքստում կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանին և Իրանին Հարավային Կովկասով կապելու համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանում իրանական Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana ընկերությունները զբաղվում են Սյունիքի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի վերակառուցմամբ, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս է կազմում։ Աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության, Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից։ Այս հիմնադրամը կառավարվում է Եվրասիական զարգացման բանկի կողմից, որտեղ առաջատար դեր է խաղում Ռուսաստանը։
Երրորդ՝ արևմուտքի սահմանափակ ազդեցությամբ Հարավային Կովկասի ռեգիոնալիզացիան։ 2020 թվականի պատերազմի արդյունքում Ռուսաստանը կորցրեց իր մենաշնորհային դիրքը՝ թույլ տալով Թուրքիային լայնացնել իր ազդեցությունը։ Իրանը դուրս մնաց նոր կոնֆիգուրացիայից։ Այն ներգրավված չէր 2020 թվականից հետո ստեղծված ստատուս-քվոյում, որը ներառում էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը և ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի ստեղծումը։ Դիվանագիտական մակարդակով տարածաշրջանային գործընթացներում Իրանի ներգրավման հնարավոր տարբերակը «3+3» ձևաչափն է (Հայաստան, Իրան, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան): Այս ձևաչափը սկզբում նախաձեռնել են Թուրքիան և Ադրբեջանը, այնուհետև ակտիվորեն աջակցել է Ռուսաստանը, որը այն դիտարկում է որպես Հարավային Կովկասն ապաարևմտականացնելու հնարավորություն։
Հակասության հիմնական կետերը
Ինչպես երկկողմ և սիրիական հարցերում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ Ռուսաստանի և Իրանի մոտեցումները լիովին չեն համընկնում և ունեն խորը հակասություններ։ Օրինակ, Իրանը շատ առումներով փոխկապակցում է տարածաշրջանի անվտանգության և հաղորդակցության հարցերը, մինչդեռ Ռուսաստանի համար դրանք գտնվում են տարբեր «զամբյուղներում»։
Այս հարցն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ 2024 թվականի օգոստոսին Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում 2020 թվականի նոյեմբերի հայտարարության՝ հաղորդակցությունների ապաշրջափակման մասին 9-րդ կետի իրագործումը։ Այս հայտարարությունը Երևանում և Թեհրանում ընկալվեց որպես Հայաստանի վրա համատեղ ճնշում գործադրելու Մոսկվայի և Բաքվի փորձ։ Դրան հաջորդեցին մի շարք ակտիվ քայլեր ու ուղերձներ Թեհրանից։ Ռուսաստանի դեսպանը հրավիրվեց Իրանի ԱԳՆ, երկկողմ օրակարգ մտցվեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ ի սկզբանե ներառելով հիմնականում Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի կետերը։ «Միջանցքը» քննարկվեց Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ, ինչպես նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի այցի ժամանակ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ժամանակ։ Ռուսաստանի ներկայացուցիչը վերահաստատեց իր աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և տրանսպորտային ուղիների վերաբերյալ Իրանի քաղաքականությանը՝ չնայած ՌԴ ԱԳՆ-ի ավելի վաղ հայտարարությանը, թե «Մոսկվան ենթադրում է, որ Թեհրանը լսել է Մոսկվայի դիրքորոշումը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ»։
Ռուսաստանն ավանդաբար հայտարարել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը չպետք է տեղի ունենա «միջանցքի» տրամաբանության շրջանակներում։ Այնուամենայնիվ, այն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա։ Ավելին, Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ ակտիվ երկկողմանի երկխոսության ֆոնին Մոսկվան արդեն մեկ տարի պասիվ է։ Սակայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սյունիքով անցնող հաղորդակցությունների պատասխանատվության մի մասը կարող է փոխանցվել միջազգային մասնավոր ընկերության (որը, ամենայն հավանականությամբ, կլինի արևմտյան), Բաքուն Մոսկվային առաջարկեց ներգրավվել գործընթացում՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի հայտարարության 9-րդ հոդվածի վրա, որը ներառում է ռուս սահմանապահների տեղակայումը։ Հաղորդակցության ցանկացած ապաշրջափակում, որը տեղի է ունենում Հայաստանի լիակատար ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս, ընդունելի չէ Իրանի համար։ Այս մոտեցումը բխում է տարածաշրջանում Անկարայի և Բաքվի նպատակներից, որը սկզբնական փուլում նախատեսում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային կապի ստեղծում՝ Հայաստանի տարածքի հաշվին։ Ռուսաստանի կողմից իր պատասխանատվության գոտում գտնվող հաղորդակցության ուղիները վերահսկելու ձախողման օրինակներից էին Ադրբեջանի կողմից Լաչին/Բերձոր միջանցքի շրջափակումը և դրան հաջորդած ռուս խաղաղապահների ամբողջական հեռացումը։ Ուստի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ միջնաժամկետ հեռանկարում Սյունիքով հաղորդակցությունը չի վերածվի ուղիղ միջանցքի. չեն լինի ո՛չ ռուս սահմանապահներ, ո՛չ միջազգային մասնավոր ընկերություն։
Ուստի Իրանն ունի երկու լավագույն տարբերակ՝ փակ պահել Սյունիքով հաղորդակցությունը կամ ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները՝ Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո։ Մոսկվան իրավիճակին այլ կերպ է տեսնում. եթե Ռուսաստանը չվերահսկի հաղորդակցությունները, ապա մեծ է հավանականությունը, որ այնտեղ կլինի Արևմուտքի ներկայություն, ինչպես եղավ ԵՄ առաքելության հետ, որը Հայաստանի կողմից գերադասվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունից:
Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները տարբեր են նաև Հարավային Կովկասում Արևմուտքի ներկայության հարցում։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Մոսկվայի կոշտ քննադատության պայմաններում Թեհրանը միանշանակ բացասական գնահատականներ չի հնչեցրել։ Հավանաբար Թեհրանը գիտակցում է այն հնարավորությունը, որ ԵՄ առաքելությունը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը: 209 ոչ զինված անձնակազմից բաղկացած քաղաքացիական առաքելությունը չի կարող զսպել ադրբեջանական բանակի հարձակումը։ Այնուամենայնիվ, ԵՄ առաքելությանը հաջողվել է առնվազն երկու անգամ հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի Զինված ուժերը ծանր տեխնիկա են տեղաշարժում դեպի սահման: Սովորաբար նման հայտարարությունները տարածվում են սադրանքի նախապատրաստման նպատակով։ Այն բանից հետո, երբ եվրոպացի դիտորդները հայտարարեցին, որ դեպի սահման զինված տեխնիկայի տեղաշարժ չի գրանցվել, Բաքվից եկող նախապատրաստական ապատեղեկատվության ալիքը դադարեց։
Այս համատեքստում դեռևս հնչում են ռուսական հայտարարությունները, թե ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում զբաղվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ։ Կարևոր է ընդգծել երկու փաստ. նախ՝ ադրբեջանական կողմի մասնակցությամբ ի սկզբանե քննարկվել է երկամսյա առաքելության տեղակայման հարցը։ Երկրորդ՝ նմանատիպ գնահատականներ, թե եվրոպացի դիտորդները հետախուզությամբ են զբաղված Իրանի դեմ, Թեհրանից բարձր մակարդակով չեն հնչել։ Սա խոսում է իրանցիների կողմից Հայաստանի տարածքում եվրոպացիների գործունեության նկատմամբ առավել հավասարակշռված մոտեցման մասին։ Դրա բացատրությունը կարելի է գտնել Արևմուտքի առկայության վերաբերյալ Իրանի կոմից հայտարարված «կարմիր գծում». այն չպետք է լինի մշտական կամ ռազմական: ԵՄ առաքելությունը ժամանակավոր է և քաղաքացիական։ Իրանն ավելի սուր է արձագանքում իր սահմանների մոտ ԱՄՆ ներկայությանը և ակտիվությանը, ինչպես դա անում է Ադրբեջանում Իսրայելի ներկայության ընդլայնման դեպքում:
***
Ամփոփելով, ԵՄ առաքելության նկատմամբ մոտեցումների տարբերությունը, որտեղ Ռուսաստանն ավելի մեծ մտահոգություններ ունի, քան Իրանը, տրամագծորեն հակադիր է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ վերաբերմունքին: Իրանը սա դիտարկում է որպես «Թուրան-ՆԱՏՕ» միջանցք, որը կհանգեցնի տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի կործանարար պանթուրքական նկրտումների ամրապնդմանը և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի համախմբմանը։ Նման գնահատականներ Ռուսաստանից չեն գալիս։ Այս առումով Իրանն ավելի զգույշ է վերաբերվում ակնհայտ սպառնալիքներին, քանի որ դրանք ձևավորվում են ուղիղ իր սահմանին և ուղղված են ազգային անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից Ռուսաստանը սխալ է ընկալում Թուրքիային՝ թերագնահատելով նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելն ու անտեսելով նրա ռևիզիոնիստական նկրտումները, որոնք ներառում են պանթուրքական նարատիվների օգտագործումը՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունն ընդլայնելու համար։
Չնայած մոտեցումների որոշակի տարբերություններին, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են բարելավվել: Ռազմավարական գործընկերության համաձայնագիրը հիմք կստեղծի ավելի լայն օրակարգի շուրջ երկխոսության համար։ Մոսկվայի համար, հավանաբար, ավելի դժվար կլինի անտեսել Թեհրանի արդարացված մտահոգությունները, հատկապես նրա սահմանների հետ կապված։
Սերգեյ Մելքոնյանը պատմական գիտությունների թեկնածու է, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: