Գուրգեն Արսենյանն առաջարկել է հիմնվել իրական եւ ոչ թե «երեւակայական պատկերների» վրա
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Դաշնային Խորհրդի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը Հայաստանի դեսպանն ասել է.
«Եկել եմ, որպեսզի այս անհանգիստ ժամանակներում փորձեմ ջանքեր գործադրել եւ բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բերել դրանք այն վիճակի, որը մեզ համար գոհացուցիչ կլինի։ Հայաստանը երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ դաշնակցային պայմանագիր կա։ Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական միության մեջ է, իսկ այն, ինչ տեղի է ունենում մեդիա տարածքում, լիովին անհասկանալի է ինձ համար։ Ինչի՞ց ենք ելնում՝ իրականությո՞ւնից, թե՞ երեւակայական պատկերներից»։
Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Գրիգորի Կարասինը ընդգծել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների դաշնակցային բնույթը, որոնք պետք է ամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։ Կարասինը նշել է, որ խորհրդարանականները կոչված են պահպանել երկկողմ հարաբերությունների առողջ մթնոլորտ եւ միշտ պատրաստ են երկխոսության։