ru24.pro
Все новости
Октябрь
2024

UWC Dilijan -ից մինչեւ Airbus. Մարկոս դոս Սանտոսի իրականացված երազանքը

0

2024 թ. հոկտեմբերին UWC Dilijan քոլեջը տոնում է հիմնադրման 10 տարին: Այս տասնամյակի ընթացքում այն կարողացել է փոխակերպել աշխարհի տարբեր ծայրերից շուրջ հազար շրջանավարտների կյանքի ուղին:

Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարը պատկանում է սոցիալական ներդրողներ եւ ձեռնարկատերեր Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին:

Մեդիամաքսը զրուցել է UWC Դիլիջանի շրջանավարտներից մի քանիսի հետ: Նրանցից մեկը 26-ամյա Մարկոս դոս Սանտոսն է Բրազիլիայի Սալվադոր քաղաքից: Նա աշխատում է Airbus ընկերությունում՝ որպես ավիացիոն ինժեներ:

Բրազիլիայից դեպի մի անհայտ կետ քարտեզի վրա

Մարկոսը 13 տարեկան էր, երբ առաջին անգամ լսեց UWC քոլեջների մասին, եւ որոշեց, որ անպայման պետք է դիմի: Դրա համար մեկ տարի եւս պետք է մեծանար: Ընդունվելու համար Մարկոսը մրցելու էր Բրազիլիայի տարբեր շրջաններից եկած բազմաթիվ դիմորդների հետ, ինչը նրա համար մեծ մարտահրավեր էր:

«Ես ծնվել եմ Բրազիլիայի հյուսիսարեւելյան տարածաշրջանում, որն ավելի աղքատ է, քան Սան Պաուլոն, Ռիո դե Ժանեյրոն եւ այլ տարածաշրջաններ: Թվում էր, որ հնարավորություն չունեմ մրցակցելու այն դիմորդների հետ, որոնք ավանդաբար բարձունքում են եղել: Ուստի մեկուկես տարի միայն երազում էի UWC ընդունվելու մասին»,- հիշում է Մարկոսը:

Հայտադիմումի ընթացքում Բրազիլիայի ազգային կոմիտեն նրան առաջարկել է ընտրել, թե որ երկրի դպրոց մեկնելն է նախընտրելի՝ երեք տարբերակ նշելու հնարավորությամբ: Ի վերջո, կոմիտեն Մարկոսի համար ընտրել է այն երկիրը, որի մասին նա գրեթե ոչինչ չգիտեր՝ Հայաստան:

«Այդ տարիքում միակ բանը, որ գիտեի Հայաստանի մասին, ցեղասպանության փաստն էր, որն ընդամենը մի պարբերություն էր կարդացածս գրքերից մեկում: Երբ Բրազիլիայի ազգային կոմիտեն ընտրեց ինձ UWC Դիլիջանում սովորելու համար, իմ առաջին հարցն այն էր, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Մայրս էլ նույն կերպ արձագանքեց, երբ նրան հաղորդեցի ուրախ լուրը»,- պատմում է Մարկոսը՝ նշելով, որ շատ այլ դիմորդներ եւս նույն կերպ շփոթված են եղել Դիլիջանի մասին լսելիս:

«Բայց դա գեղեցիկ անակնկալ էր: Մենք բոլորս սիրահարվեցինք Հայաստանին, այն իսկապես հրաշալի երկիր է»:

Դժվարությունների հաղթահարում եւ հաջողություններ UWC Դիլիջանում

Մարկոսը UWC-ի ակտիվ աշակերտներից էր: Սովորելու տարիներին նա երկու ակումբ է հիմնել՝ թենիսի եւ մեղվապահության: Վերջինիս անդամները կարողացել են մեղրի վաճառքից մոտ 250 դոլար աշխատել, ինչը շատ ոգեւորիչ էր 16-ամյա աշակերտների համար, որոնք նոր-նոր էին սովորում մեղվապահության արվեստը:

Մի հետաքրքիր փաստ կա Մարկոսի մասին, որը նրան առ այսօր ստիպում է զարմանքով նայել դպրոցում իր հաջողություններին. սկզբնական շրջանում նա անգլերեն ընդհանրապես չգիտեր: Չնայած բազում ջերմ հիշողություններին, առաջին ամիսները շատ դժվար էին՝ լեզվական խոչընդոտի պատճառով:

«Կարելի է ասել, որ դա կյանքիս ամենածանր փուլերից մեկն էր»,- հիշում է Մարկոսը: «Մանկուց շատ եմ սիրում բանավիճել: Դպրոցի առաջին շաբաթներին, երբ բոլոր աշակերտները քննարկում էին, թե ինչպես սովորել, ինչպես ընդունել մյուսներին եւ այլ թեմաներ, ես չէի կարողանում մտքերս արտահայտել: Աշխարհի բոլոր ծայրերից եկած իմ ընկերները հաղորդակցվում էին միմյանց հետ, իսկ ես ասես ոչ ոք լինեի»:

Առաջին օրերին Մարկոսն իրեն միայնակ էր զգում, դասերից հետո հիմնականում սենյակ էր գնում, մինչ մյուսները ժամանակ էին անցկացնում ընդհանուր գոտիներում: Որոշում է իր ապրումներով կիսվել անգլերենի ուսուցիչ Դուգլաս Իրվինի հետ, որն էլ նրան խրախուսում է մեկուսանալու փոխարեն ամբողջապես ներգրավվել շփումներում: Մոտ չորս ամիս անց Մարկոսն արդեն կարողանում էր անգլերեն հաղորդակցվել:

«Այնքան շատ մարդիկ կային, որ օգնում էին ինձ: Նրանք ասում էին՝ «Մենք հավատում ենք քեզ, Մարկո´ս, մի´ հանձնվիր»: Եվ նրանց շնորհիվ էր, որ ես գիտեի՝ պետք է լավագույնս դրսեւորեմ ինձ: Չէի ցանկանում հիասթափեցնել նրանց, ովքեր հավատում էին իմ ուժերին»,- հիշում է Մարկոսը՝ շնորհակալության զգացողությամբ լցված:

Հետագա ճանապարհը. խոստումների կատարում

UWC Դիլիջանը ավարտելուց հետո Մարկոսը ընդունվել է Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարան, որտեղ սովորել է մեխանիկական ճարտարագիտություն: Այնտեղ նա ուսում է ստացել Դիլիջանի դպրոցի իր մտերիմ ընկերոջ՝ գանացի Սեբաստյանի հետ:

2020 թվականին բակալավրի որակավորում ստանալուց հետո Մարկոսն ուսումը շարունակել է Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտում, որտեղ ձեռք է բերել ավիացիոն ինժեների մագիստրոսի աստիճան: Այս կրթության շնորհիվ նա աշխատանքի առաջարկ է ստացել օդանավերի արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկում՝ «Airbus»-ում, որի համար որոշել է կիսատ թողնել թեկնածուականի պաշտպանությունը:

Այժմ Մարկոսն ապրում է Ֆրանիսայի Թուլուզ քաղաքում՝ ոգեւորված «Airbus»-ում իր աշխատանքով:

«Միշտ ցանկացել եմ ապրել Եվրոպայում: Դա հիանալի է նաեւ այն պատճառով, որ հիմա Հայաստանին ավելի մոտ եմ, ուստի հաճախակի կարող եմ այցելել»,- ասում է նա:

Հետահայաց նայելով իր անցած ճանապարհին՝ Մարկոսը հստակ կապ է տեսնում ներկայի եւ UWC Դիլիջանի միջեւ: Նա հիշում է իր հանդիպումը Ջորջ Քլունիի հետ եւ այն խոստումը, որը տվել է նրան:

«Կրթության մասին իմ ելույթից հետո բոլոր ներկաների առջեւ Ջորջ Քլունին հարցրեց ինձ, թե ինչ եմ անելու իմ կյանքում, ասացի, որ թեեւ հստակ չգիտեմ, բայց աշխատանքս կապված կլինի ֆիզիկայի եւ ինժեներիայի հետ: Միշտ մտածում էի, որ ես դա խոստացա 300 հոգու առաջ, իսկ ի՞նչ եթե չկարողանամ իրականացնել: Անդադար մտածում էի, թե ինչպես կարող եմ կապել ֆիզիկան եւ ճարտարագիտությունը: Երբ աշխատանքի անցա «Airbus»-ում, պարզվեց, որ բաժինը, որտեղ պետք է աշխատեմ որպես ինժեներ, կոչվում է թռիչքի ֆիզիկա: Այդ երկու ոլորտների ավելի լավ համադրություն երեւի թե չկա, ուստի կարողացա պահել խոստումս, ինչի համար հպարտ եմ»,- ասում է Մարկոսը:

«Նա միշտ ներկա էր»

Մարկոսի համար UWC Դիլիջանի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն օրինակ է, թե ինչպիսին պետք է լինեն տնօրեններն ու հիմնադիրները: Չնայած մեծ ծանրաբեռնվածությանը, Ռուբեն Վարդանյանը մշտապես ժամանակ էր գտնում դպրոց այցելելու եւ ուսանողների հետ ծանոթանալու համար:

«Հիշում եմ մի օր, երբ գրադարանում պարապում էի, հանկարծ տեսա Ռուբեն Վարդանյանին: Դասերիս մասին հարցրեց, ես էլ պատմեցի այն էսսեի մասին, որի վրա աշխատում էի: Մի փոքր խոսեցինք, կատակներ արեցինք, ու նա շարունակեց իր շրջայցը»,- հիշում է Մարկոսը: «Երանի յուրաքանչյուր տնօրեն, յուրաքանչյուր հիմնադիր այդպիսին լիներ» - հավելում է նա:

Մեկ այլ դիպված, որը ստիպել է Մարկոսին հիացմունք տածել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, Ջորջ Քլունիի այցի ժամանակ էր, երբ բոլոր ուսանողները նախապես մշակված եւ հեշտ հարցեր էին հնչեցնում: Վարդանյանը մի պահ դադարեցրել է հարցուպատասխանը եւ դիմել աշակերտներին.

- Մենք այստեղ զրուցում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնք մեծ փոփոխություններ են անում աշխարհում: Դուք հնարավորություն ունեք հնչեցնելու շատ դժվար եւ կարեւոր հարցեր: Խնդրում եմ, տվե´ք այն հարցերը, որոնք իսկապես ձեր մտքում են, ոչ թե նրանք, որ նախապատրաստել եք: Դուք շատ ավելիին եք ընդունակ:

«Հետո աշակերտներից մեկը վերցրեց բարձրախոսն ու շատ լավ հարց տվեց, այդուհետ հանդիպումն այլ կերպ ընթացավ» - հիշում է Մարկոսը:

«Հույս ունեմ, որ նա հիմա չի տառապում», - ասում է Մարկոսը՝ նկատի ունենալով Ռուբեն Վարդանյանի բանտարկությունը Բաքվում: «Ես կուզենայի նրան հարցնել, թե ինչ ելք է տեսնում նա աշխարհի այս բարդ դրությունից՝ Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան, Թայվան, Մերձավոր Արեւելք: Աշխարհը բռնկվել է: Ես համոզված եմ, որ նա պատասխան կունենար»:

Ամենաջերմ հիշողություններն ու վերադարձի ճանապարհը

Մարկոսը երջանկությամբ է հիշում իր նավարկելու առաջին փորձը Սեւանա լճում UWC Դիլիջանի նախագծերի շաբաթվա ընթացքում: Լինելով Բրազիլիայի հյուսիսարեւելյան մարզից, որտեղ միշտ տաք եղանակ է, նրա համար պաղ եղանակն ու սառը ջրում նավարկելը մարտահրավերային էր:

«Մենք սովորում էինք նավարկել, եւ ես նույնիսկ ջուրն ընկա: Հազիվ եմ փրկվել»,- պատմում է Մարկոսը՝ արդեն ժպիտով հիշելով այդ օրը: «Չնայած սկզբնական դժվարություններին, ես ի վերջո, սովորեցի նավարկել, եւ հիմա էլ երբեմն օգտագործում եմ այդ հմտությունս»,- հավելում է նա:

Մարկոսի մտքում Սեւանի գեղեցիկ տեսարանը նույնքան պարզ է, որքան 10 տարի առաջ: Նա նկարագրում է մի լուռ առավոտ, երբ արեւածագին մոտեցել է լճափին եւ հիացել հանդարտ Սեւանի տեսարանով:

«Անմիջապես լուսանկարեցի այդ տեսարանը: Մինչեւ հիմա պահում եմ այդ նկարը, քանի որ ուզում եմ մշտապես հիշել խաղաղության այդ րոպեները»:

Մեկ այլ վառ հիշողություն, որը մեծ ազդեցություն է ունեցել Մարկոսի աշխարհայացքի վրա, դպրոցի աստիճանավանդակներից մեկի վրա Ջոն Լենոնի «Imagine» երգի խոսքերը նկատելն էր:

«Հետեւյալ տողերն էին՝  «Դուք կարող եք ասել, որ ես երազող եմ, բայց ես միակը չեմ»: Ամեն անգամ, երբ բարձրանում էի այդ աստիճաններով եւ կարդում էի դա, փշաքաղվում էի, որովհետեւ հասկանում էի՝ միայն ես չէ, որ երազում եմ, դպրոցում բոլորն էլ ինձ նման երազողներ են»,- հիշում է նա:

Ուսանողների, ուսուցիչների եւ դպրոցի անձնակազմը մեկ միասնական նպատակ են կիսում՝ գործածել կրթությունը որպես ազգերը եւ տարբեր մշակույթները միավորելու ուժ՝ հանուն կայուն եւ ավելի լավ աշխարհի: Սա հենց այն պատճառներից մեկն է, որի բերումով Մարկոսն ասում է՝ UWC-ն եւ Դիլիջանը աշխարհը բացեցին իմ առջեւ:

«Հայաստանում մարդիկ այնքան հյուրասեր են, ես շատ բան սովորեցի տեղի մշակույթի մասին: Հիմա ցանկանում եմ լինել այնքան հյուրասեր այլոց նկատմամբ, որքան հայերը եղել են իմ հանդեպ»,-ասում է Մարկոսը

«UWC Դիլիջանի 10-ամյակը նշելը ինձ համար հաստատումն է այն բանի, որ չնայած դժվարություններին եւ վախերին, որ չեմ հաջողի, 10 տարի անց ես կարող եմ վերադառնալ իմ սեփական պատմությամբ, որը հուսով եմ, կոգեշնչի մյուսներին»,- եզրափակում է Մարկոսը:

Գայանե Ենոքյան