Նյու Յորքում կկայանա Բլինքենի, Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումը
Այդ մասին հաղորդում են Հայաստանի ԱԳՆ-ից:
Մեդիամաքս-ը նշում է, որ այս ձեւաչափով վերջին եռակողմ հանդիպումը կայացել էր 2024 թվականի հուլիսին 10-ին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում:
Այդ հանդիպման մեկնարկին Էնթոնի Բլինքենն ասել էր.
«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարեւոր աշխատանք են կատարել՝ բանակցելով ամուր եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար, որը աննախադեպ հնարավորություններ կբացի տարածաշրջանի, երկու երկրների եւ Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար: Այս ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել եւ աջակցել՝ Եվրամիության եւ Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին:
Այսօր հնարավորություն ունենք գույքագրելու այն, ինչը ձեռք է բերվել եւ այն, ինչ մնում է: Բայց ելնելով մեր ունեցած շփումներից, այդ թվում՝ վերջին շաբաթների ընթացքում, ես կարծում եմ, որ երկու երկրները շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, ինչին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի»։