Ալիեւ. Հայաստանից կարելի է ցանկացած սադրանքի սպասել
«Հայկական կողմը զանգվածաբար զինվում է, միաժամանակ զորավարժություններ անցկացնում, նաեւ՝ խոշոր տերությունների հետ։ Արեւմտյան երկրները Հայաստանին զենք ու զինամթերք են մատակարարում»,- ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի նիստում՝ հայտարարել է Իլհամ Ալիեւը:
«Միանգամայն ակնհայտ են արեւմտյան որոշ պետությունների՝ Հայաստանը մեր դեմ հանելու ծրագրերը: Նրանց, բնականաբար, չի հետաքրքրում հայ ժողովուրդը։ Նրանց համար հայ ժողովուրդը պարզապես գործիք է, միջոց՝ Ադրբեջանին մշտական ճնշման տակ պահելու՝ օգտագործելով Հայաստանի տարածքը, Ադրբեջանի եւ Հայաստանի մյուս հարեւանների համար սպառնալիքի աղբյուր ստեղծելու եւ այդպիսով սեփական շահերն ապահովելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Միաժամանակ, նա նշել է, որ իրենց բանակի մարտունակությունը եւս աճում է.
«Հայաստանը եւ նրա հետեւում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ շանտաժի եւ վերջնագրի լեզվով խոսելն անհնար է։ Մենք ի վիճակի ենք ցանկացած պատասխան տալ»: