Ի հայտ են եկել ավստրալական ծիսական սպանությունները և այլ վայրագությունները Աֆղանստանում
Ավստրալիայի իշխանությունները մեդալներից կզրկեն Աֆղանստանի պատերազմում կռված այն հրամանատարներին, որոնց ենթակաները ներգրավված են եղել ռազմական հանցագործություններում և «ապօրինի գործողություններում»: Մոտ տասը հրամանատարներ կզրկվեն իրենց պարգևներից, նրանց անունները, սակայն, չեն բացահայտվի։
Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսի խոսքերով նման որոշումն անհրաժեշտ է «անցյալի սխալները շտկելու համար»: 2020 թվականի հետաքննությունն, ըստ Մարլեսի, բացահայտել է «էլիտարության ենթամշակույթն ու շեղումն ընդունելի ստանդարտներից», ինչը «պահանջում էր ամենալուրջ, չափված և մանրակրկիտ արձագանքը»:
Ավստրալիայի զինված ուժերի կողմից նախաձեռնված հետաքննության ընթացքում պարզվել է, որ երկրի SAS (Հատուկ օդային ծառայության գունդ) հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանման զինծառայողները աֆղանական պատերազմի ժամանակ ապօրինի 39 մարդու են սպանել:
Ամենայն հավանականությամբ ապանությունները կազմակերպվել են, այսպես կոչված, «զինվոր դառնալու» համար. այսպես էին նոր զինվորներն անցնում «մկրտություն՝ արյամբ»։
Հետաքննության տվյալներով՝ սպանությունները տեղի են ունեցել 2009-2013 թվականներին։ Արձանագրվել է 23 միջադեպ՝ 25 ներկա և նախկին զինվորականների մասնակցությամբ, նրանցից 19-ի նկատմամբ կարող է հետաքննություն սկսվել։
Գեներալ-մայոր դատավոր Փոլ Բրետոնի գլխավորած հետաքննությունը տևել է չորս տարի, հարցաքննվել է ավելի քան 400 վկա։
Պարզվել է, որ ծառայության անցած նոր զինվորականները հանձնարարություն են ստացել սպանել իրենց առաջին աֆղանցուն․ այս պրակտիկան կոչվում է blooding, որը կարելի է թարգմանել որպես «մկրտություն արյամբ»։ Սպանություններից հետո աֆղանցիների մարմիններին զենք և այլ առարկաներ են թողել՝ հանցագործության դրդապատճառները թաքցնելու համար։
Ռազմական հանցագործությունների մասին այլ վկայություններ էլ կան․ բացահայտվել է գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի երկու դեպք։
Զեկույցի 143 առաջարկություններից գրեթե բոլորն ընդունվել են, այդ թվում՝ մեդալների, զինվորականներին տրվող փոխհատուցումների վերանայումը և բանակի մշակութային բարեփոխումները:
«Սա միշտ լինելու է ազգային խայտառակություն, և միևնույն ժամանակ… [այս որոշումը] ուղերձ է ավստրալացի ժողովրդին և աշխարհին, որ Ավստրալիան մի երկիր է, որը պատասխանատու է իր արարքների համար»:
Մարլեսը նաև ընդգծել է, որ 2001-ից 2021 թվականներին Աֆղանստանում ծառայած ավստրալացի զինվորականների ճնշող մեծամասնությունը կատարել է իր պարտականությունները բարեխղճորեն և գովաբանել է նրանց, ովքեր օգնել են բացահայտել ապօրինությունները:
Որոշումը չի ազդում նրանց վրա, ովքեր իրենք են հետաքննության տակ գտնվում պատերազմական հանցագործությունների համար, այդ թվում՝ Վիկտորիա Խաչի դափնեկիր Բեն Ռոբերթս-Սմիթին:
SAS-ի նախկին կապրալ Ռոբերթս-Սմիթն անցյալ տարի պարտվել է զրպարտության գործը, որը վերաբերում էր չորս աֆղանցի գերիների սպանությանը: Այնուամենայնիվ, նրան քրեական մեղադրանք չի առաջադրվել և կառավարության զեկույցում նա չի հիշատակվում։
Քաղաքացիական այս դատավարությունն առաջին դեպքն է, երբ դատարանը քննում է ավստրալական զորքերի կողմից ռազմական հանցագործությունների մասին մեղադրանքները:
Տասնյակ ավստրալացի զինվորականներ անցնում են ենթադրյալ ռազմական հանցագործություններ կատարելու գործերով, սակայն մինչ այժմ մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի՝ SAS-ի նախկին զինծառայող Օլիվեր Շուլցին։
Ավստրալիայի վետերանների աջակցությամբ զբաղվող «Վերադարձի և ծառայության լիգայի» նախագահ Գրեգ Մելիքի կարծիքով՝ մեդալները չպետք է խլվեն վետերաններից, քանի դեռ հետաքննությունն ու դատական գործընթացները չեն ավարտվել: Նրա խոսքերով այս միջադեպն «զգալի վնաս» է հասցրել վետերանների հոգեկան առողջությանը, նույնիսկ նրանց, ովքեր առնչություն չեն ունեցել ենթադրյալ հանցագործություններին:
Ի պատասխան սպաներին մեդալներից զրկելու որոշմանը, ընդդիմության ներկայացուցիչ Էնդրյու Հասթին, որը նախկինում ծառայել է SAS-ում, ասել է, որ Ավստրալիան պետք է «դասեր քաղի ռազմական պատմության այս ողբերգական և դառը գլխից»:
«Մեր զինվորները պետք է ասեն ճշմարտությունը, իսկ մեր ղեկավարները պետք է որոնեն այն։ Եթե դա անեին և՛ մեր զինվորները, և՛ մեր ղեկավարները, մենք այսօր կարող էինք այս դիրքում չլինել», – ասել է նա։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի Միացյալ նահանգներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ավելի քան 26,000 ավստրալացի զինվորներ գործուղվեցին Աֆղանստան՝ թալիբների, Ալ-Քաիդայի և այլ իսլամիստական խմբավորումների դեմ կռվելու համար: Ավստրալիայի մարտական զորքերը պաշտոնապես լքել են Աֆղանստանը 2013 թվականի վերջին։
The post Ի հայտ են եկել ավստրալական ծիսական սպանությունները և այլ վայրագությունները Աֆղանստանում first appeared on Epress.am.