ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Մակրոնը Ֆրանսիայի ճակատագիրը հանձնել է Լը Պենին

0

Ներկայացնում ենք ամերիկացի քաղաքագետ, Eurasia Group-ի նախագահ Իեն Բրեմերի Macron has put France’s fate in Le Pen’s hands հոդվածի հայերեն թարգմանությունը:

Իեն Բրեմեր

Նախագահ Էմանյուել Մակրոնի կողմից Միշել Բարնյեի նշանակումը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում սեպտեմբերի 5-ին վերջ դրեց երկամսյա քաղաքական փակուղուն եւ խառնաշփոթին, որոնք առաջացան հուլիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Բայց քանի որ խորապես պառակտված խորհրդարանում ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը դարձավ «գորշ կարդինալ», Մակրոնի, Բարնիեի եւ Ֆրանսիայի համար դադարը կարող է կարճատեւ եւ թանկ լինել:

1958 թվականին Հինգերորդ հանրապետության հիմնադրումից ի վեր Ֆրանսիան ունեցել է մեծամասնության կառավարություններ, որոնք սատարում են նախագահին, մեծամասնության կառավարություններ, որոնք ընդդիմանում էին նախագահին («համակեցություններ») եւ վերջին երկու տարում՝ փոքրամասնության կառավարություններ, որոնք դժվարությամբ են իրականացնում նախագահի օրենսդրական օրակարգը, սակայն բավականաչափ աջակցություն ունեն խորհրդարանում, որ խուսափեն անվստահության քվեից:

Ընդհանուր կայունության այդ դարաշրջանն այժմ ավարտվել է: Մակրոնի անակնկալ ընտրությունները վերադարձրին «առկախ խորհրդարանը», որը բաժանվեց երեքուկես գաղափարական դաշինքների: Վաթսուներկու տարվա մեջ առաջին անգամ ոչ մի կուսակցություն, դաշինք կամ միություն չտիրեց 577 մանդատներից 289-ին, որոնք անհրաժեշտ են հանգիստ կառավարելու կամ անվստահության քվեին դիմանալու համար: Սա նշանակում է, որ ցանկացած կառավարություն ամենադյուրաբեկն է լինելու Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ:

Կարճ օլիմպիական զինադադարից հետո Մակրոնը օգոստոսի 23-ին վերջապես սկսեց նոր կառավարություն ձեւավորելու բանակցությունները: Ձախամետ Նոր Ժողովրդական Ճակատը պնդում էր, որ իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնում տեսնել քիչ հայտնի արմատականի, որը կփոխի նախագահի օրակարգը եւ կմեծացնի Ֆրանսիայի դեֆիցիտը, չնայած խորհրդարանում կուսակցությունն ուներ պատգամավորների ընդամենը մեկ երրորդը (193):

Մակրոնը, որը միակն է, ով վարչապետի թեկնածություն առաջադրելու սահմանադրական իրավունք ունի, հրաժարվեց։

Նա իրավացիորեն պնդեց, որ նման կառավարությունը զրոյական շանսեր ունի դիմադրելու Մակրոնի կենտրոնամետ (166 տեղ), նախկին Գոլիստական աջ կենտրոնամետ (47 տեղ) եւ Լը Պենի ծայրահեղ աջակողմյան (142 տեղ) անվստահության քվեին: Վրդովված ձախերը սեպտեմբերի 7-ին միասնաբար դուրս եկան փողոց՝ մեղադրելով Մակրոնին «ժողովրդավարությունը ոտնահարելու» եւ «հեղաշրջում կազմակերպելու» մեջ։ Բայց նախագահի մաթեմատիկայի հետ դժվար է վիճել:

Իսկ մաթեմատիկան հիմնական պատճառն է, թե ինչու Բարնյեն նշանակվեց այդ պաշտոնում:

Այո, «Բրեքզիթի» նախկին բանակցողը եւ աջամետ կենտրոնի 73-ամյա վետերանը անկախ բնավորությամբ պրագմատիկ գործարք կնքող է, որը կկառուցի «ազգային միասնության» կոալիցիա՝ աջ կենտրոնից դեպի ձախ կենտրոն: Բարնյեն նաեւ խոստացել է թույլ տալ Մակրոնին իր գործն անել արտաքին գործերի եւ պաշտպանության հարցերում, եւ երդվել է փորձել պահպանել նախագահի աշխատաշուկայի եւ կենսաթոշակային բարեփոխումների հիմնական մասը: Բայց նա ամենեւին Մակրոնի առաջին ընտրությունը չէր։ Նախկինում երկուսը բախվել էին, եւ Մակրոնը նրան առաջադրելուց առաջ սպառեց մի քանի այլ տարբերակներ:

Խնդիրն այն է, որ ի տարբերություն Մակրոնի առաջին ընտրության՝ նախկին սոցիալիստ վարչապետ Բեռնար Կազնյովին եւ Ֆրանսիայի հյուսիսային շրջանի աջ կենտրոնամետ նախագահ Քսավյե Բերտրանի, Լը Պենն ազդարարեց, որ իր կուսակցությունը չի միանա ձախերին եւ անմիջապես անվստահության քվե չի հայտնի Բարնյեին: Իսկ առանց նրա անուղղակի օրհնության ոչ մի կառավարություն չէր կարող դիմակայել Ազգային ժողովի հետ շփումին, քանի որ ձախերը պարտավորվել են դեմ քվեարկել կենտրոնամետ եւ աջամետ թեկնածուներին:

Լը Պենի պատրաստակամությունը՝ պասիվորեն հանդուրժելու Բարնյեի նշանակումը վկայում է այն մասին, որ այս պահին նա կարծում է, որ իր քաղաքական շահերից է բխում լինել կայունության, այլ ոչ թե քաոսի կողմնակից: Ավելին, հաղորդում են, թե նրան խոստացել են, որ նոր կառավարությունը առաջ կքաշի իր կուսակցության առաջնահերթությունները ներգաղթի, կեսնամինիմումի եւ համամասնական ընտրակարգի քվեարկության ոլորտում (վերջինը Ազգային հանրահավաքի վաղեմի պահանջն է, որը կմեծացնի ապագա ընտրություններում հաղթելու հնարավորությունը։):

Որքա՞ն հեռու կգնա այս կառուցողական մոտեցումը։ Լը Պենի ռազմավարության սահմանները կբացայահտենք, երբ նոր կառավարությունը մի քանի շաբաթվա ընթացքում բախվի առաջին եւ ամենադժվար փորձությանը: Առերեսվելով կործանարար հարկաբյուջետային ճգնաժամին՝ Բարնյեն ու նրա ֆինանսների նոր նախարարը (ում էլ նա ընտրի) պետք է առաջարկեն այս տարվա բյուջեում 16 մլրդ եվրոյի բացը լրացնելու ձեւ եւ մինչեւ հոկտեմբեր՝ 2025-ի դեֆիցիտի կրճատման նախագիծ, որպեսզի կանխեն Եվրոպական հանձնաժողովի եւ ֆինանսական շուկաների տույժը: Ե՛վ 2024-ի լրամշակված բյուջեն, եւ՛ 2025-ի բյուջեի նախագիծը Ազգային ժողովում անցնելու համար ծայրահեղ աջամետների ձայների կարիքն ունեն:

Այդ ժամանակ Լը Պենը կկանգնի անհարմար, բայց հստակ ընտրության առջեւ: Եթե աջակցի (կամ համաձայնվի) ծախսերի կտրուկ կրճատմանը, չի բախվի ներքին ընդվզման, բայց ձախերն ու նույնիսկ որոշ աջերը նրան կմեղադրեն իշխանության գործիք լինելու մեջ: Բայց եթե նա արագացնի կառավարության փլուզումը իր ազդեցիկ դիրքը զբաղեցնելուց ընդամենը շաբաթներ անց, ապա նրան կմեղադրեն Ֆրանսիային աննախադեպ քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ գցելու համար: Նա կարող է կորցնել նաեւ իր լավագույն հնարավորությունը՝ ազդելու երկրի ուղղության վրա, օրինականացնելու Ազգային հանրահավաքը եւ 2027-ին չորրորդ անգամ փորձելու հաղթել նախագահական ընտրություններում: Արդյունքում Լը Պենը երեւի կընտրի «պատասխանատու» ձեւը եւ Բարնյեի կառավարությունը կտանի իր նախընտրած քաղաքականության ուղղությամբ՝ միաժամանակ պահպանելով իր վետոյի իրավունքը ապագա օրենսդրական առաջնահերթությունների համար:

Եվ հենց դա է Մակրոնի եւ Բարնյեի խնդիրը։ Նույնիսկ եթե նրանց հաջողվի դուրս բերել Ֆրանսիան այս բյուջետային ճգնաժամից, Լը Պենի հաշվարկը կարող է ցանկացած պահի փոխվել, եւ նրա լիազորությունների շրջանակում կլինի տապալել կառավարությունը, երբ ցանկանա: Մնում է միայն ավելացնել իր կուսակցության 142 ձայները չորս կուսակցությունների ձախ դաշինքի 193 ձայներին (դաշինքի կատաղած է Մակրոնի վրա եւ անկասկած անհամար անվստահության քվեների կներկայացնի, էլ չասած՝ կաջակցի) որպեսզի շատ ավելի ձայներ ստանա, քան մեծամասնության համար անհրաժեշտ է 289-ը:

Մակրոնի ցնցող ընտրությունները Ֆրանսիայի նոր անկայուն կառավարության ճակատագիրը հանձնեցին իր ոխերիմ մրցակցին: Լիակատար անհաջողություն առաջնորդի համար, որն իր կյանքի առաքելությունն էր դարձրել «Լը Պենիզմը» պատմության աղբանոց նետելը: Անկախ նրանից, թե Լը Պենը կփոխարինի Մակրոնին 2027-ին, թե ոչ, նա երբեք այնքան մոտ չի եղել իշխանության լծակներին, որքան այսօր:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: