ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Ապրիլյան պատերազմով հեռացված գեներալը պատրաստ է վճարել 200 մլն

0

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում Գլխավոր դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել, որով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն դրամ (մոտ 500 հազար դոլար):

Գեներալ Միրզաբեկյանը որպես փոխնախարար պատասխանատու էր նյութատեխնիկական ապահովման համար և պաշտոնանկ էր արվել 2016 թվականի ապրիլին՝ քառօրյա պատերազմի հետևանքով, սակայն ի տարբերություն ավելի ցածրաստիճան սպաների խուսափել է քրեական պատասխանատվությունից։ 2019-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խորհրդարանական մեծամասնության ներքո Ապրիլյան պատերազմը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվեց, որը հարցաքննեց պատասխանատուներին՝ ընդհուպ մինչև նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ 2021-ին Ազգային Ժողովը որոշեց, որ զեկույցը պետք է գաղտնի լինի։

2020 թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսել ուսումնասիրություն: Պատասխանողների ներկայացրած լրացուցիչ նյութերի և դիրքորոշումների հիման վրա՝
պաշտպանության նախկին փոխնախարարից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել
էր վերադարձնել՝

– 5 անշարժ գույք.
– 1 տրանսպորտային միջոց.
– 12 բանկային ավանդ և պարտատոմսեր.
– 20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
– 54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

2024-ի սեպտեմբերի 9-ին կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանողները պարտավորվել են հօգուտ ՀՀ-ի 200 մլն դրամ փոխանցել, ինչը կազմում է հայցագնի 79 տոկոսը:

2024 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազության և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման (Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ նշված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում)։

Ալիկ Միրզաբեկյանը ռազմական կարիերայի ընթացքում պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Վարդան Մամիկոնյան», 
«Ներսես Շնորհալի» շքանշաններով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, Մարտական ծառայության, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», ԼՂՀ «Մարտական ծառայություն», ՌԴ ՊՆ «Մարտական համագործակցության ամրապնդման համար», ԽՍՀՄ «Անբասիր ծառայության համար» մեդալներով։

The post Ապրիլյան պատերազմով հեռացված գեներալը պատրաստ է վճարել 200 մլն first appeared on Epress.am.