ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայերից պատուհասված, բայց կյանքը նրանց նվիրված Անտոնիո Գուռիարանը

0

Իսպանացի լրագրող, գրող Խոսե Անտոնիո Գուռիարանը երեւի այդպես էլ ոչինչ չէր իմանա Հայաստանի մասին, չէր դառնա հայ ժողովրդի բարեկամն ու Հայկական հարցի պաշտպանը, եթե 1980 թվականի դեկտեմբերի 29-ին չորոշեր կնոջը հրավիրել կինոթատրոն:

Այդ օրը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ-ASALA) Մադրիդի Գրան Վիա փողոցի շվեյցարական Swissair եւ ամերիկյան Trans World Airlines գրասենյակների մոտ երկու ռումբ պայթեցրեց՝ Ալեք Ենիգոմշյանի եւ Սյուզի Մահսերեջյանի ազատությանը հասնելու համար: Այդ պայթյունների հետեւանքով 5 մարդ վիրավորվեց, այդ թվում՝ Գուռիարանը:

Մեդիամաքսը գրողի, 1982 թվականին լույս տեսած նրա «Ռումբը» գրքի ու պայթյունի մասին խոսել է ՀԱԳԲ նախկին մարտիկ Ալեք Ենիգմոշյանի, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի եւ գրքի թարգմանիչ Շուշան Սիրույանի հետ:

Ռումբը գտավ Իսպանիայի հայտնի լրագրողներից մեկին

«Եթե ողջ մնամ, կփորձեմ հասնել TWA-ի եւ Swissair-ի գրասենյակների պայթյունների հեղինակներին: Դա դիալեկտիկական առճակատում կլինի զինյալ պայքարը պաշտպանողների եւ խաղաղասեր անձի միջեւ:

Այդ գիշեր, ճակատագրի բերումով, ես ռումբի հետ հանդիպման գնացի: Ինչ-որ բան կար իմ հապճեպ քայլերի մեջ... Առաջին պայթյունը... «Կոլիսեումի» դիմացի հեռախոսը չի աշխատում... Ինքնաբերաբար գնում եմ դեպի հեռախոսախցիկը... Ռումբն ինձ է սպասում»:

ՀԱՀԳԲ-ի հերթական գործողության արդյունքում, 1980-ին Ժնեւում Ալեք Ենիգոմշյանի պատրաստած պայթուցիկը ժամանակից շուտ պայթեց, որի արդյունքում վերջինս ծանր վիրավորվեց: Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը ձերբակալվեցին՝ մեղադրվելով անօրինական պայթուցիկ սարք պահելու համար:

«Ալեքը Գաղտնի բանակի առաջին ձերբակալվածն էր: Նրան ու Սյուզիին դատապարտեցին, իսկ ՀԱՀԳԲ-ն սկսեց հարվածել Շվեյցարիային ու այլ երկրներում շվեյցարական ընկերություններին, որպեսզի վերջիններս ազատ արձակվեն»,-պատմում է Կարո Վարդանյանը:

Դեկտեմբերի 29-ին Մադրիդի պայթյուններից րոպեներ անց «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը զանգ է ստանում. պատասխանատվությունը ստանձնել էր «Հոկտեմբերի 3» խմբավորումը: Այս անունը ՀԱՀԳԲ-ի կողմից ընտրվել էր, որովհետեւ հենց հոկտեմբերի 3-ին էր Ալեքի ձեռքին պայթել պայթուցիկը:

«Այդ օրերին թերթերից տեղեկանում եմ, որ «իմ ահաբեկչությունը» հայերն են կատարել: Երբ ապաքինվեմ՝ զանգահարելու եմ այդ գործակալությանը՝ 29-ի գիշերը զանգահարողի մասին հարցնելու համար...»:

Գուռիարանի տանջանքները, տասնյակ վիրահատությունները, մահվան դեմ կռիվը տեւում են շաբաթներ: Նրա մասին գրում են աշխարհի բոլոր թերթերը, մեծ աղմուկ է բարձրանում Հայաստանի, Ցեղասպանության ու զինված պայքարի մասին: Հայտնի լրագրողի ու խմբագրի առողջության մասին հետաքրքրվում են բոլորը՝ Իսպանիայի պաշտոնատար անձանցից մինչեւ թագավոր: Ինքը, փորձառու լրագրող լինելով, ոչինչ չգիտեր հայերի մասին։

«Եղբայրս Հայկական հարցի մասին Փարիզից երեք գիրք ուղարկեց: «Պուեբլո»-ի գործընկերներս դիմեցին Մադրիդում Թուրքիայի եւ ԽՍՀՄ-ի դեսպանություններին՝ պատմական ու արդիական նյութեր ստանալու համար: Կարդում եմ «Մուսա լեռան 40 օրը», խմբագրությունում պատճենահանել են պատմական եւ արդի Հայաստանի, ՀԱՀԳԲ-ի եւ հայկական ծագում ունեցող այլ խմբավորումների կատարած գործողությունների մասին նյութեր»:

Բացառիկ մարդու նվիրումը հայերին

«Գուռիարանը ՀԱՀԳԲ-ի իրականացրած գործողության զոհն է, բայց դրա արդյունքում մեր դատի մասին աշխարհով մեկ սկսեցին խոսել: Իհարկե, Գաղտնի բանակի բուն նպատակը Հայաստանի ազատագրումն էր, որն այդպես էլ երազանք մնաց, բայց գործողության արդյունքում Խոսե Անտոնիո Գուռիարանի նման բարեկամ ձեռք բերեցինք»,- նշում է Կարո Վարդանյանը:

Ալեք Ենիգոմշյանը վիրավորվելուց հետո որոշ ժամանակ անցկացրել է Ժնեւի հիվանդանոցի բանտային բաժանմունքում ու Մադրիդի պայթյունների մասին իմացել հենց այնտեղ:

«Իմ հաղորդակցման միջոցները սահմանափակ էին եւ ռադիոյի լուրերով էի միայն լսել դրա մասին: Հասկանում էի, որ դա ճնշում է Շվեյցարիայի վրա, որպեսզի ինձ ազատ արձակեն: Գիտակցաբար եմ եղել այդ պայքարի մեջ, ինձ համար կարեւոր է, որ բիրտ ուժի օգտագործումը լինի նպատակային եւ ուղղված թշնամուն: Ես բարոյապես ընդունելի չեմ համարում հարցի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդկանց վնասվելը: Թիրախային զոհերի նկատմամբ խղճի հարց չեմ տեսնում, բայց անմեղ զոհերի պարագայում լրիվ այլ է:

Իմ դատավարության ժամանակ էլ, Գուռիարանի հետ հանդիպման ժամանակ էլ ես ասել եմ, որ չեմ զղջում ինձ հաշմանդամության հասցրած իմ ընտրության համար: 45 տարի է անցել, անկեղծությամբ եմ ասում, երբեք չի եղել, որ ասեմ՝ ինչ հիմարություն եմ արել»,-վերհիշում է Ենիգոմշյանը:

Նրա հետ կապվածություն ողջ ընթացքում ունեցել է հենց ինքը՝ Գուռիարանը: Նրանք երկուսն էլ պայթյունի զոհն էին, երկուսն էլ հաշմանդամություն էին ձեռք բերել ու պայքարում էին ապրելու համար:

«Ահաբեկիչների ճակատագիրն իրենց զոհերի ճակատագրից շատ չի տարբերվում: ՀԱՀԳԲ-ի անդամ Արա Ենիգոմշյանը Ժնեւի հիվանդանոցում է եւ նա էլ ինձ նման զգացել է գոմա-2-ի արյունալի համը, վիրահատարանները, ներարկումները, վախը: Միայնությունն էլ առկա է: Նրանն ավելի խորն ու անանցանելի է: Ալեքը կուրացավ ռումբը պատրաստելիս...»:

«Ես մեծագույն հարգանք եմ զգում իր նկատմամբ, որովհետեւ բացառիկ մեծահոգի ու վեհանձն, արդարամիտ, արժանապատիվ  եւ հումանիստ մարդ էր: Չնայած իր կյանքն ամբողջությամբ փոխած, իրեն ցմահ հաշմանդամ դարձրած սարսափելի պատահարին, քեն կամ ատելություն չէր առաջացել նրա մոտ»,-նշում է Ենիգոմշյանը:

Կարո Վարդանյանն էլ ասում է, որ Գուռիարանն «աստվածային պարգեւ» էր հայ ժողովրդին, որը մենք չկարողացանք գնահատել:

«Գուռիարանի տեսակը բացատրություն չունի: Հիմա մեր երկրում այսպիսի ատելության մթնոլորտում նույնիսկ հայը հային թշնամացել է, իսկ նա խեղանդամ էր դարձել, ողջ կյանքը գլխի վայր էր շուռ եկել, ոչ միայն ներում է իր հետ այդպես վարվողներին, այլ նաեւ բարեկամանում, դառնում հայ ժողովրդի ամենանվիրյալ պաշտպանն ամբողջ աշխարհում»,- բացատրում է նա:

Ծանոթություն Հայաստանի պատմությանն ու ՀԱՀԳԲ-ին

«Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ եմ ուզում բացել այդ կծիկը: Որովհետեւ նրանց զո՞հն եմ դարձել, թե՞ գրական դրդումներից ելնելով իմ գիրքը լրացնելու նպատակով, թե՞ հոգեբանական խորը մղումներով ցանկանում եմ ռումբը տեղադրողներին հանդիպել»:  

Գուռիարանը սկսում է տեղեկություն հավաքել հայերի ու Հայաստանի մասին, փորձել հասկանալ, թե ինչու է ստեղծվել ՀԱՀԳԲ-ն ու տարբեր երկրներում իրականացնում է պայթյուններ:

«Հայերը մենակ են մնացել: Վաթսուն տարի առաջ զոհվել է մեկ ու կես միլիոն հայ... Այդքան շատ ժամանակ չի անցել, որ մոռացության ենթարկվի այս իրողությունը»:

Գուռիարանը կապեր է հաստատում հայաշատ երկրներում իր գործընկերների հետ, նամակներ է գրում հայկական թերթերին, կոչ անում ՀԱՀԳԲ-ին հանդիպում կազմակերպել իր հետ: Ստանում է բազմաթիվ նամակներ, որոնք հայերը գրում էին աշխարհի տարբեր երկրներից:

«Հայերը թակեցին արեւմտյան հզոր երկրների դռները, որոնք ականջ չդրեցին, Ազգերի լիգան ոչինչ չարեց: Այդ ընթացքում՝ Արեւմտյան Հայաստանն անհետանում էր, իսկ Արեւելյան Հայաստանի մի փոքր մասը հուսահատ ընկնում էր Խորհրդային Միության շահախնդիր տիրապետության տակ»:

Գտնում է դեպի ՀԱՀԳԲ տանող ճանապարհը

Ի վերջո Գուռիարանն ստանում է երկար սպասված զանգը. ՀԱՀԳԲ-ում պատրաստ էին հանդիպել իր հետ:

«Ասաց, «անունս Արամ է»:  Իսկ եթե կատա՞կ է: Արամը տարածված անուն է հայերի մեջ... Ըստ նրա առոգանության՝ հարավամերիկացի է: Անունս Արամ է: Հիմա հիշում եմ՝ դա Վիլյամ Սարոյանի մի պատմվածքի վերնագիր է... »:

Բազմաթիվ ճնշումներից հետո Շվեյցարիան արդեն բաց էր թողել Ենիգոմշյանին ու Մահսերեջյանին՝ արտահանձնելով Լիբանան: ՀԱՀԳԲ-ի ղեկավարների ջանքերի շնորհիվ Ենիգոմշյանին օդանավակայանից տարել էին իրենց ճամբար:

«Բեյրութ տեղափոխվելուց հետո հետաքրքրվում էի նրանով, բայց լիարժեք տեղեկություն չունեի: Հետո, երբ ինքը բավական ապաքինվեց ու կարող էր տեղաշարժվել, մենք իմացանք, որ ուզում է հանդիպել Գաղտնի բանակի մարտիկների հետ ու գտնել, այսպես ասած աղբյուրը, որի պատճառով իր հետ այդքան բան էր տեղի ունեցել:

Իմացել էինք, որ Գուռիարանը կապ է հաստատել Ֆրանսիայում Գաղտնի բանակի համակիրների հետ, հայտնել, որ ցանկանում է գալ Բեյրութ, մենք էլ միանգամից համաձայնեցինք»,-պատմում է Ենիգոմշյանը:

Վերջապես կատարվում է Գուռիարանի ցանկությունն ու լուսանկարիչ Կարլոս Բոշի հետ մեկնում է Բեյրութ: Լինում է Բուրջ Համուդում, այցելում Անթիլիաս, հանդիպում Գարեգին Բ կաթողիկոսին: «Ինձ համար շատ կարեւոր էր հանդիպումը, հոգեկան կապ էի զգում: Ինքն իմ հանդեպ ոչինչ չէր արել, իսկ ես մեղավորության զգացում ունեի, որովհետեւ թեեւ առանց իմացության, բայց իմ պատճառով տեղադրված ռումբի հետեւանքով նրա ողջ կյանքն էր փոխվել: Չնայած դրան, ես խոսելու ժամանակ ազատ էի, պարզապես պատասխանատվության զգացում ունեի:

Հիշում եմ մեր հանդիպումը: Եկել էր լուսանկարչի հետ, նույն սենյակում ես ու Մոնթե Մելքոնյանն էինք (երկուսս էլ արդեն բացահայտված էինք) եւ, իմ հիշելով, եւս մեկ մարտիկ՝ դեմքը փակ:

Մեր զրույցը բավական երկար տեւեց: Գուռիարանն Իսպանիայից է, որտեղ քաղաքացիական դաժան պատերազմ էր եղել, կար բասկերի խնդիրը: Միգուցե սա էր նաեւ պատճառը, որ ինքն էությամբ խաղաղասեր էր: Ենթադրում եմ, որ բիրտ ուժի կիրառումն անձամբ զգալով՝ կոչ էր անում խաղաղ ճանապարհով հասնել հարցերի լուծմանը»,- հիշում է Ենիգոմշյանը:

Դեպի ՀԱՀԳԲ-ի ռազմակայան

Ինչպես գրողն է նկարագրում, իրեն ու լուսանկարչին աչքերը փակ են տանում ՀԱՀԳԲ-ի ռազմակայան:

Կարո Վարդանյանն ասում է, որ գրքում նկարագրված մարտիկները, ովքեր ներկայանում են որպես ռումբը տեղադրողներ, նման քայլի գնացել են ԱՍԱԼԱ-ի ընդհանուր որոշման արդյունքում.

«Բանակում տեսնում էին, թե ինչպիսի մեծ ցանկություն ու մղում ունի Գուռիարանը հանդիպելու նրանց, ովքեր կատարել են գործողությունը: Կարծում եմ, որ պարզապես այդ երեք հոգուն խնդրել են խոստովանել, որ իրենք են եղել հեղինակը, իսկ վերջիններս համաձայնել են»:

Բոլորովին այլ կարծիք ունի Ալեք Ենիգոմշյանը: Նա համոզված է, որ դա Գուռիարանի գեղարվեստական լուծումն է.

«Գրքում նա Արամ, Անահիտ եւ Վահե անուններով կերպարները լրիվ գեղարվեստորեն է ներկայացնում: Վստահ եմ, որ բանակում նրան այդպիսի մարդկանց չեն ներկայացրել: Ինքը մինչեւ վերջ էլ փնտրում էր նրան, ով իրականում տեղադրել էր պայթուցիկը: Երբ Բեյրութում մենք նույն սենյակում էինք, նա Մոնթեին հարցրեց. «Դո՞ւ ես տեղադրել պայթուցիկը», չնայած իրականում Մոնթեն ոչ մի կապ չուներ այդ գործողության հետ:

Երբ 2007-ին եկավ Հայաստան, հանդիպեց նաեւ Գաղտնի բանակի ու համակիրների մի փոքր խմբի հետ: Նրա մոտ այդ փնտրտուքը դեռ կար, ներկաների մեջ էլ ման էր գալիս այդ մեկին: Դա նորմալ է, քանի որ իր կյանքն ամբողջությամբ փոխած պատասխանատուին ուզում էր ճանաչել: Ցավալի է, որովհետեւ այդ չլուծված խնդիրն իր մեջ մնացել էր ամբողջ կյանքում»:

Ո՞վ էր իրականում տեղադրել ռումբը

Այս հարցի բացահայտումն արել է Կարո Վարդանյանը: Երկար ժամանակ ուսումնասիրելով Գաղտնի բանակը, մտերիմ լինելով նախկին մարտիկների հետ՝ նա չէր կարող պատկերացնել, որ կշփվի ու գիրք կգրի հերթական չբացահայտված ՀԱՀԳԲ-ականի հետ:

«Պայթյուններ Թուրքիայում, եւ ոչ միայն...» գիրքը փաստագրական վեպ է, հերոսն իրական է: Հենց նա է այն մարդը, որին ողջ կյանքում փնտրել է Գուռիարանը:

«Մինչեւ վերջ Գուռիարանը եւ ողջ մամուլը կարծել են, որ ռումբը տեղադրված է եղել այն հեռախոսախցիկի մեջ, որում գտնվել է լրագրողը: Բայց իմ հերոսը պատմեց, որ դա այդպես չէ: Ռումբը տեղադրված է եղել Swissair-ի շենքի մոտ: Հզոր պայթուցիկի ալիքը վնասել է խցիկն ու դրանում գտնվող Գուռիարանին»,- պատմածը վերհիշում է Վարդանյանը:

Ռումբը տեղադրողն ապրել է Բեյրութում, օդաչու էր ու, լինելով ՀԱՀԳԲ-ի գաղտնի անդամ, իր մասնագիտությունն օգտագործում էր տարբեր երկրներում, այդ թվում եւ Թուրքիայում, պայթյուններ իրականացնելու համար:

Կարո Վարդանյանի հերոսը խոստովանել է, որ 2008-ին ինքը հանդիպել է Գուռիարանին: Հալեպում տեղի ունեցած դասախոսության ժամանակ այլ երկրում ու այլ անունով ապրող նախկին օդաչուն ռիսկի է դիմել եւ գնացել հանդիպմանը, վերջում մոտեցել ու զրուցել Գուռիարանի հետ:

«Շատ էի ուզում տեսնել նրան: Ինքը չիմացավ, որ ես ով եմ, բայց ես նրա այդ նպատակը իրականացրի: Հարցրի, թե որեւէ դառնություն պահե՞լ է հայերի պատճառով հաշմվելուց հետո: Ինձ թեթեւ կզգայի, եթե նա մեզ մեղադրեր: Բայց նա ասաց, որ իր տառապանքը չնչին բան է հայ ժողովրդի կրած տանջանքների համեմատ: Ես անհավատ մարդ եմ, բայց այդ մարդու բերանով կարծես Քրիստոսն էր խոսում»:

Այցը Հայաստան

«Ռումբը» գրքի հայերեն թարգմանության հեղինակ Շուշան Սիրույանը ծնվել է Բուենոս Այրեսում: Առաջին անգամ հանդիպել է Խոսե Անտոնիո Գուռիարանի հետ եղել է, երբ վերջինս Արգենտինայի հայկական համայնքին ներկայացնում էր իր գիրքը: Սիրույանի պապը՝ Աշոտ Արծրունին, լույս է ընծայել Հայոց պատմությանը նվիրված աշխատություն, որից Գուռիարանն օգտվել է իր գիրքը գրելու ժամանակ: Եղբայրը՝ Արմեն Սիրույանը, այդ հանդիպման ժամանակ էլ կապ է հաստատել գրողի հետ:

«Դեռ այդ ժամանակներից միտք առաջացավ գիրքը թարգմանել հայերեն: Երբ դարձա ԵՊՀ ուսանող, սկսեցի թարգմանել, բայց աշխատանքս կիսատ թողեցի, որովհետեւ սկսվեց 1988-ի Շարժումն ու ամեն ինչ խառնվեց»,- հիշում է Շուշանը:

Տարիներ անց Իսպանիայում հաստատվելուց հետո Արմեն Սիրույանը վերականգնում է կապը Գուռիարանի հետ ու նրան հրավիրում է Հայաստան: 2007 թվականին նա կնոջ հետ մեր երկրում անցկացրեց 15 օր:

«Գուռիարանին զարմացնում էր, որ հայերը չեն կարողանում պահել ունեցածը, չեն իմանում՝ ինչ անել իրենց նվաճումների հետ: Շատ հետաքրքիր հարց տվեց մեզ, ասաց՝ պատկերացնենք, թե Արեւմտյան Հայաստանը վերամիավորվում է այսօրվա Հայաստանի հետ, արդյո՞ք հայերը կվերադառնան ու կվերաբնակեցնեն իրենց պապերի տները: Ու մենք չիմացանք՝ ինչ պատասխան տալ: Գուռիարանն ասաց, որ մենք պետք է ու պարտավոր եք պահել մեր ունեցած Հայաստանը եւ ամեն ինչ անենք այն հզորացնելու համար»:

Ալեք Ենիգոմշյանն այսպես է հիշում հանդիպումը Գուռիարանի հետ.

«Շատ մտերմիկ զրույցներ ունեցանք, ասաց, որ նոր գիրք է գրում Հայաստանի մասին, իր տպավորություններից խոսեց: Պատմեց, որ գնացել է Եռաբլուր՝ Մոնթեի շիրիմին»։

«Ռումբը» վերջապես թարգմանվում է հայերեն

Շուշան Սիրույանի մոտ «Ռումբը» թարգմանելու գաղափարը կրկին վերադառնում է Գուռիարանի հետ հանդիպումից հետո: Պատմաբան Գեւորգ Յազըճյանի հետ սկսում են աշխատել հայերեն տարբերակի վրա:

«Մոտ 1,5 տարի աշխատում էի: Գեւորգի հետ բազմաթիվ ուսումնասիրություններ ենք արել ու ծանոթագրություններ ավելացրել, որպեսզի հայ ընթերցողի համար ամեն ինչ պարզ լինի: Հայերեն գրքում տեղ գտան նաեւ Հայաստան կատարած այցից լուսանկարներ, ծանոթագրություններ»:

«Ռումբը» գրքի հայերեն տարբերակի վերջնական աշխատանքներին ներգրավվում է նաեւ Արմեն Սիրույանը, եւ Բարսելոնայի «ՍԻՐԱՐ» հրատարակչությունում այն լույս է տեսնում 3000 տպաքանակով:  

Հայերն այդպես էլ արժանին չմատուցեցին Գուռիարանին

Ցավոք, բայց Խոսե Անտոնիո Գուռիարանը հայերի կողմից այդքան էլ ճանաչված ու նաեւ գնահատված չէ: Տուժելով հայերի կողմից՝ նա դարձավ հայերի պաշտպանը, բայց այդպես էլ չարժանացավ նրանց գնահատանքին:

Կարո Վարդանյանն ասում է, որ «Հայաստանում չգիտեն Գուռիարանի մասին եւ սա մեր օրերի անարդարություններից մեկն է»:

«Առավել ցայտուն զգացվում է հիմա, երբ այս ողբերգության միջով ենք անցնում ու տեսնում, որ աշխարհում լրիվ մենակ ենք: Գուռիարանին չգնահատելու պատճառով է նաեւ, որ մենք չունենք այլ նմանօրինակ բարեկամներ ու որպես ժողովուրդ մեզ լքված ենք զգում», - ավելացնում է նա:

Որպես վերջաբան

Ծանր հաշմանդամություն ձեռք բերելով՝ Գուռիարանը ոչ միայն քայլում էր, այլ երկրից երկիր էր գնում, դասախոսություններ կարդում Հայաստանի մասին, ակտիվ լրագրողական գործունեություն ծավալում, գրքեր գրում հայերի մասին: Ապրեց 80 տարի ու 2019-ին կնքեց մահկանացուն:

Ավարտենք Գուռիարանի «Ռումբը» գրքից մեջբերումով.

«Դժվար է հայկական ահաբեկչական խմբերին դատապարտել: Նրանք հուսահատ մարդիկ են, որոնք իրենց ներքին ողբերգությունն արտահայտելու այլ ճանապարհ չեն տեսնում բացի ահաբեկչությունից... Երբեք չեմ ընդունի, որ մարդկային առումով կամ արդյունավետության տեսակետից ահաբեկչությունն արդարացուցիչ տարբերակ է: Բայց հասկանում եմ: Գիտե՞ս, որ հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ես ի՞նչ կանեի հայ լինելու դեպքում, եթե իմ նախնիներին ոչնչացրած լինեին եւ ստիպված լինեի իմ հայրենիքից հեռու ապրել: Ճիշտն ասած՝ պատասխանը չեմ գտնում: Ոչ, ռումբեր չէի տեղադրի, հուսով եմ՝ ոչ...»:

Գոհար Նալբանդյան

Խոսե Անտոնիո Գուռիարանի, Կարլոս Բոշի ու Հովհաննես Ստեփանյանի կողմից արված լուսանկարները տրամադրել է Շուշան Սիրույանը։