Ստեղծվել է Afeyan Initiatives for Armenia զարգացման հիմնադրամ
AIFA զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հասարակական կազմակերպություններում կառավարման փորձառու ղեկավար Դալար Կազանջյանը:
Նախկինում նա եղել է «Հայաստան 2041» հիմնադրամի գործառնությունների գծով գլխավոր տնօրենը, որտեղ համակարգել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության մեկնարկը: Դրանից առաջ եղել է ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրենը՝ օգնելով փոփոխություններ իրականացնել Հայաստանում:
Կազանջյանը միանում է AIFA զարգացման հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Դավիթ Թադեւոսյանին, որը վերջին մի քանի ամիսներին աշխատանք է տարել կազմակերպությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:
«Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային. ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը եւ առաջնահերթություն տալիս բոլոր քաղաքացիների բարեկեցությանը: AIFA նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդել մեր կատարած աշխատանքը, իրականացնել նոր ծրագրեր եւ համագործակցել նոր գործընկերների հետ՝ ընդլայնելու նախաձեռնությունների ազդեցությունը»,- նշել են Afeyan Philanthropies կազմակերպության հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները: