ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Գրքի երեւանյան փառատոնը

0

Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տարվա ամենասպասված գրական իրադարձությանը նախատեսված է 32  միջոցառում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասել է, որ երեք օրերի ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ եւ արտասահմանյան գրողների հետ, ընթերցումներ։

«Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ ներկա կլինեն գրքի կյանքի շղթայի բոլոր օղակները՝ ստեղծողից մինչեւ ընթերցող: Այս ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի, եւ այն Գրքի երեւանյան միջազգային փառատոնով սկսելը համահունչ է մեր այս մոտեցմանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ կոչ անելով դպրոցներին ակտիվորեն մասնակցել փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին:

Փառատոնի գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետարանն է:


Գրականության եւ արվեստի թանգարանի (ԳԱԹ) տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն անդրադարձել է փառատոնի առանձնահատուկ մի նախաձեռնությանը՝ թանգարանային մեկ առարկայի ցուցադրությանը:

«Գրականության եւ արվեստի թանգարանում են պահվում հայ եւ սփյուռքահայ  գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների եւ ոլորտի երեւելիների անձնական արխիվները: Այդ արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ, այլեւ անձնական  իրեր, այդ թվում՝ կահ-կարասի, հագուստ, զենքեր, զարդեր եւ այլն: Ահա այս հավաքածուներից մեկում է պահվում հայ գրականության ամենալուսավոր եւ սիրելի  դեմքերից մեկի՝ Միսաք Մեծարենցի մատանին: Սա սովորական մատանի չէ. կիսաթանկարժեք երկշերտ քարով պատրաստված այս ոսկե մատանին Մեծարենցին նվիրել է մայրը: Բանաստեղծն այն կրել ու փայփայել է՝ իբրեւ իր կյանքի ամենաթանկարժեք գանձ: Նվեր ստանալուց հետո՝ տարիներ անց, Մեծարենցը մատանու վրա փորագրել է Հովհաննես Ավետարանչի խոսքերը՝ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ /կատարյալ սերը մերժում է վախը/»: Հետագայում այս մատանին թանգարանին է փոխանցել Մեծարենցի եղբոր դուստրը»,- պատմել է ԳԱԹ տնօրենը:

Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանն ասել է, որ փառատոնն ունի երեք բաղադրիչ՝ գրքի տոնավաճառը՝ 20-40% պարտադիր զեղչով, որը կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, 32 միջոցառումները եւ ամենահեղինակավոր գրական մրցույթը՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» եւ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում:

Անի Ղազարյանն առանձնացրել է նաեւ թատերական ներկայացումները՝ «Անտիպոեզիա» եւ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է», որոնց մուտքը՝ պարտադիր գրքով:

«Ներկայացումներին հանրությունը կարող է հետեւել «մուտքը գրքով» սկզբունքով, որը բարեգործական նպատակով է: Գրքերը փոխանցվում են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին եւ տրամադրվում սահմանամերձ գյուղերին»,- ասել է Անի Ղազարյանը:

Փառատոնի ծրագրին ծանոթանալու համար այցելեք https://mediamax.am/am/news/society/55614/: