ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Մի քանի օր նվաստացրել են ու ծեծել. ծնողները չեն հավատում «ինքնասպանությանը»

0

Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը:

«ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, խախտելով զինվորական հարգանքի, վարքի, կարգուկանոնի և կարգապահության հետ կապված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային մի շարք կանոններ, անձնակազմի ներկայությամբ, պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։

Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել», – գրել է Քննչական կոմիտեն։

Զինծառայող Հ․Ե․-ն ձերբակալվել է և կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով, որը 5-ից 10 տարվա ազատազրկում է ենթադրում։

18-ամյա Էդգար Ալեքսանյանը Սիսիանում էր ծառայում, ձմռանն էր զորակոչվել բանակ։ Կոտայքի մարզի Գետարգել գյուղից էր, ընտանիքի կրտսեր որդին։ Նրա հոգեհանգստի արարողությունը այսօր է եղել։

News.am-ը՝ հղվելով տղայի համագյուղացիներին, գրել է․ «Ընտանիքի անդամները չեն հավատում ինքնասպանության վարկածին, քանի որ նախորդ օրը երեկոյան զրուցել են Էդգարի հետ և ոչ մի արտասովոր բան չեն նկատել»։

Տարեսկզբից հայկական բանակում առնվազն 23 զինծառայող է մահացել։ Նրանցից առնվազն 18-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում։

Մահերից 4-ը ինքնասպանություն է որակվել (Միքայել ԴանիելյանԱրտակ ԱվալյանՍարգիս Խաչատրյան, Էդգար Ալեքսանյան), 5-ը՝ սպանություն (Ավագ ԶաքարյանԳոռ ԱսատրյանԿարեն ԿարապետյանԱրմեն Գասպարյան և Դավիթ Ներսիսյան), 1-ը՝ դժբախտ պատահար (Բենիամին Մանուչարյան), 5-ը՝ ավտովթար (4 զինծառայող զոհվել է Մեղրիում անսարքի «ՈՒԱԶ»-ի վթարման հետևանքով, ևս 1-ի մասին ոչինչ հայտնի չէ), 1-ը՝ հրդեհ (Արթուր Գրիգորյանի), 2-ը՝ ինքնաթիռի վթար։

Հուլիսի 11-ին ավտովթարից նաև երկու զորացրված զինծառայողներ են զոհվել․ քանի որ նրանք բանակից տուն էին վերադառնում քաղաքացիական տաքսիով, պաշտպանության նախարարությունը սա ծառայության հետ կապ չունեցող դեպք է որակել և բացառել վիճակագրությունից։

Վերջին տարիներին բանակային միջադեպերի թիվը միայն աճում է: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2018-2023 թվականներին Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացել է 436 զինծառայող։ Մահվան դեպքերը բանակում ավելացել են 29 տոկոսով՝ նախորդ վեց տարիների համեմատ։ Իրավապաշտպանները սա պատճառաբանում են բարձիթողի վիճակովոչ կանոնադրային հարաբերություններով և պատշաճ վերահսկողության բացակայությամբ

The post Մի քանի օր նվաստացրել են ու ծեծել. ծնողները չեն հավատում «ինքնասպանությանը» first appeared on Epress.am.