ru24.pro
Все новости
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ինչի վերածվեց բժշկական բռնությունից խուսափելու ծննդկանի փորձը

0

Աննա Կամայը որոշել է ծննդաբերել տանը՝ խուսափելու համար մանկաբարձական բռնությունից։ Երեխան բարեհաջող ծնվել է Դիլիջանում օգոստոսի 26-ին: Առողջապահական համակարգն այժմ հրաժարվում է գրանցել նորածնին և հանդիմանում է մորը։

Կամայը Epress.am-ի հետ զրույցում պատմել է՝ քանի որ մի անգամ էլ է ծննդաբերել տանը, գիտեր կարգը և կանչել է շտապօգնություն։

«Ինձ վերաբերվեցին որպես հանցագործի, վատ մոր, սկսեցին խրատներ տալ այդ օրը իմ տուն ներխուժած բոլոր հինգ պետական մարմինների ներկայացուցիչները», – պատմում է Կամայը:

Առաջինն եկել են շտապ օգնության բժիշկները, որոնք հրաժարվել են անկետա լրացնել՝ ասելով «ինչ ես երջանիկ նստել, վեր կաց, գնում ենք հիվանդանոց»։ Կամայը պատմում է, որ հետո զանգել է հղիությունը հսկող գինեկոլոգին, ով ևս հրաժարվել է հաստատել ծնունդը․ «Գնա դատական կարգով գրանցի»։

Հետո Կամայի տուն են եկել երկու ոստիկաններ, որոնք խնդրել են հայտարարություն ստորագրել, որ ինքն իր կամքով է հրաժարվում բուժօգնությունից։

«Հետո եկավ Դիլիջանի բժշկական կենտրոնի ողջ գինեկոլոգիական բաժանմունքը։ Մեկ էլ իմ ննջարանի դուռը բացվում է ու մտնում են ներս՝ կոշիկներով, առանց խալաթների։ Ուզում էին սրսկել հեպատիտի և փայտացման դեմ պատվաստանյութեր, ես հրաժարվեցի։ Հորդորում էին գնալ հիվանդանոց։ Հետո եկավ տեղամասային բժիշկը, բայց նա էլ հրաժարվեց գրանցել ծնունդը։ Երևանի պոլիկլինիկան էլ հրաժարվեց, թեև այդ նույն պոլիկլինիկայում 2020-ին գրանցել էին իմ ավագ երեխային, որը ևս տանն է ծնվել», – պատմում է Աննա Կամայը։

Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որը խոստացել է միջամտել մեկ ամվսա ընթացքում։

Նույն իրավիճակում հայտնվել են նաև այլ կանայք, ովքեր տանն են ծննդաբերել։ Աննա Ալեքսանյանը Epress.am-ին պատմել է, որ տանն է երեխա ունեցել 10 տարի առաջ՝ մինչ այդ երկու վատ փորձ ունենալով ծննդատանը։

«Ինձ էլ էին հրաժարվում գրանցել այդ բոլոր կառույցները։ Բոլորը փորձում են չլինել այդ փաստաթղթի ստորագրողը։ Միայն Հանրապետական հիվանդանոցն էր դա անում», – ասում է Ալեքսանյանը։

Հայաստանում տնային ծնունդը օրենքով նախատեսված չէ։ Աննա Կամայը որոշել է տանը ծննդաբերել՝ ուսումնասիրելով Հայաստանում մանկաբարձական բռնության դեպքերը։ Բժշկական համակարգին չի վստահում նաև որովհետև բժշկական սխալի և անպատժելիության պատճառով է կորցրել մորը և զարմիկին։

«Հայաստանի հիվանդանոցներում բարձր է ծննդկանների ու նորածինների մահվան դեպքերը, որոնց բժշկական սխալը չի էլ հետաքննվում։ Անապահով, չամուսնացած կանանց երեխաներին վաճառելու դեպքերը նոր են բացահայտվում։ Ծնունդները ընդունում են հիմնականում տղամարդ բժիշկներ, ովքեր չեն կարող հասկանալ կնոջ ապրումները։ Տատմերներին, դուլաներին, մոր հարազատներին ներս չեն թողնում, ինչը թույլ է տալիս կոպիտ վարվել ծննդկանի հետ, հաճախ սխմում են փորին, կապում, օգտվում կնոջ խոցելի կարգավիճակից՝ բացատրելով դա անհրաժեշտությամբ։

Կեսարյան հատումները հասնում են 50 տոկոսի, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Անում են այլ միջամտություններ, էպիզոտոմիա, օրինակ, պտղաջրերն են պատռում։ Բժիշկները դա անում են իրենց գործը հեշտացնելու, արագացնելու համար, ոչ թե կնոջ ու մանկան համար։ Այդ պայմաններում կինը ամբողջությամբ զրկված է իր մարմնի մասին որոշումներ կայացնելուց», – ասում է նա։

Բացի ֆիզիկական ու հոգեբանական բռնությունից, ծննդկանները բախվում են նաև ֆինանսական բռնության․ «Փաստացի անվճար ծննդօգնությունը միֆ է։ Մարգարյանում մի օր պառկելը 30 հազար դրամ արժի»։

Վիճակագրական կոմիտեյի տվյալներով՝ 2024թ. հունվար-հունիսին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 5 դեպք և մայրական մահացության գործակիցը կազմել է 31.9 միավոր։ Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը 13.2 է։ Ծննդաբերության բարդություններից երեխաների մահերի վիճակագրություն չկա։ ԱՎԾ-ն հրապարակում է 0-1 տարեկանների մահվան թիվը։ Այս տարի այդ թիվը կազմել է 97:

Սովորաբար Հայաստանում մանկաբարձական բռնությունից խուսափելու համար կանայք ընտրում են անունով գինեկոլոգների, մեծ գումարներ մաղարիչ անում՝ «ցավերի մեջ» կնոջ վրա չգոռալու և հարգալից վերաբերվելու համար։ Այլ դեպքերում բռնությունը արդարացնում են անհրաժեշտությամբ՝ «գուցե դա իրենց մեթոդն է»։

Աննա Կամայն ու Աննա Ալեքսանյանն այլ ճանապարհով են գնացել. հիշել են, որ ծնունդը դարերով կատարվել է տանը։ Տատմերական ավանդույթի դեմ պայքարը սկսվել է դեռ միջնադարում։ Ծնունդ ընդունողները այլ ավանդական բժիշկների հետ «վհուկների որսի» են ենթարկվել, իսկ բժշկությունը դարձել է պետական ինստիտուտ։ «Այդտեղ կինը կորցնում է իր մարմնի մասին որոշումներ կայացնելու իրավունքը», – ասում է Կամայը։

The post Ինչի վերածվեց բժշկական բռնությունից խուսափելու ծննդկանի փորձը first appeared on Epress.am.