ru24.pro
Все новости
Сентябрь
2024

Կասկադը ավարտուն տեսքի հասցնելու երկու նախագիծ է քննարկվում

0

Երեւանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում ներկայացրել է Կասկադ համալիրը ավարտուն տեսքի հասցնելու երկու նախագիծ՝ առաջարկելով քվեարկել դրանց օգտին:

Առաջին նախագիծը կոչվում է Cascade Gardens («Կասկադ այգիներ») այն ներկայացված է David Hotson Associates Architects, David Hotson Architect, Storaket, NST Architects ստուդիաների կողմից:

Նախագծի նկարագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ «2000-ականներին վերսկսվեցին Կասկադի բարեկարգման աշխատանքները ամերիկացի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի և մի շարք հայ ճարտարապետների նախագծով»։

Նկարագրության մեջ նաեւ ասված է.

«Որոշում կայացվեց համալիրը հասցնել ավարտուն տեսքի, վերածելով այն միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից արվեստի լավագույն կենտրոններից մեկի։ Ներկայիս կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է նաև այս ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգում։ Թանգարանի բացօթյա հարթակների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ունենալ դիտակետեր, որտեղից բացվում են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։

Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։ Թանգարանի կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապվում է Հայաստանի կարևոր խորհրդանիշներին՝ այցելուներին փոխհարաբերության մեջ դնելով շրջակա լանդշաֆտի խորհրդանշական տարրերի հետ՝ ներառելով Հայաստանի պատմությունը համալիրի փորձառության մեջ:

Կասկադ համալիրը կարող է ունենալ ավարտուն տեսք շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ 2009 թվականին կառուցվել են որոշ հիմքային հատվածներ և ստորին հարկեր։ Տեղադրված են Հաղթանակի զբոսայգու հարթակի հետ շարժասանդուղքի միացման հիմքերը, ինչը թույլ կտա շինարարական աշխատանքները իրականացնել առանց երթևեկության ընդհատման»:

Երկրորդ նախագիծը կոչվում է «Նոր Կասկադ» (New Cascade Project), այն ներկայացված է Wilmotte and Associes Architectes ստուդիայի կողմից:

Նախագծի նկարագրության մեջ, մասնավորապես, ասված է, որ «Հիմք ընդունելով Ալեքսանդր Թամանյանի պատկերացրած և Ջիմ Թորոսյանի կողմից իրականացված պատմական «Կասկադ» նախագիծը, այս լրացուցիչ ճարտարապետական լուծումը կերպարանափոխելու է վաղուց դատարկ մնացած տարածքը և այն վերածելու է մշակութային և սոցիալական մի կենտրոնի, որտեղ դիտահարթակը օրգանապես կմիանա Թամանյանի հրապարակին՝ հարստացնելով քաղաքի ճարտարապետական տեսքը:

Հավատարիմ մնալով Թամանյանի և Թորոսյանի նախնական գաղափարներին, այս նախագծն իր արդիական լուծումներով փոխակերպելու է դրանց հայեցակարգը: Հարգելով նրանց հեռատեսական մտահղացումները, դրանք հարմարեցվում են քաղաքի ներկայիս կարիքներին և ձգտումներին՝ այստեղ համատեղվում են պատմական ժառանգությունն ու ապագային միտված ճարտարապետական լուծումները:

Վեր խոյացած ներկայիս Կասկադի գագաթին, նախագիծն իրենից տեկտոնական սալերից կազմված վերացական Կասկադ ձևավորող մի եզակի կառուցվածք է ներկայացնում և շրջակա տարածքի հետ ներդաշնակորեն միաձուլվող մի դինամիկ բնապատկեր է ստեղծում: Հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարքը, կարծես թե, Կասկադի վերևում հորիզոնական գծերի թեթև խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը և նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին: Հանրային ֆորումի աստիճաններով իջնելիս, դրա բոլոր մակարդակներից քաղաքի հորիզոնին է երևում Արարատ լեռը։

Նախագիծն ընդգծում է Երևանի հորիզոնը՝ ցույց տալով իր խորհրդանշական ներկայությունը և ծառայելով որպես մշակութային ցուցասրահ: Այն կներկայացնի Երևանի հարուստ մշակույթը և հնարավորություն կընձեռի ամբողջ աշխարհից ցուցահանդեսներ և ներկայացումներ հյուրընկալել՝ դրանով իսկ նպաստելով մշակութային փոխանակմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում»: