ru24.pro
Все новости
Август
2024

Իսրայելը հարձակվել է Արևմտյան ափի միաժամանակ 4 քաղաքների վրա

0

Իսրայելի անվտանգության ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափի հյուսիսում։ Հարձակվել են պաղեստինական Ջենին, Թուլքարմ, Նաբլուս և Տուբաս քաղաքների վրա միաժամանակ։

Զոհերի մասին հայտարարվող թվերը հակասական են. լուրեր են շրջանառվում սպանված 11 պաղեստինցիների մասին։ Վերջին տեղեկություններով օգոստոսի 27-ի գիշերը սկսված գործողության արդյունում 4 հաստատված զոհ կա Ալ-Ֆարաա փախստականների ճամբարում, ևս 5-ը՝ Ջենինում և Թուլքարմում։ Կարմիր Մահիկի պաղեստինական ներկայացուցչությունը գրում է առնվազն 10 զոհերի մասին։ Որոշ բնակավայրերում կան վիրավորներ, բայց շտապ օգնության մեքենաները հասնել չեն կարողանում։

Երկրորդ ինտիֆադայից հետո (խոշոր հակաիսրայելական ապստամբություն, 2000-2005 թվականներ) սա առաջին դեպքն է, երբ ռմբակոծության են ենթարկվում միաժամանակ մի քանի պաղեստինական քաղաքներ։

Ջենին քաղաք տանող բոլոր ճանապարհները փակ են։ Միակ հասանելի ճանապարհին անցակետ է տեղադրվել, ստուգում են ելումուտ անողների փաստաթղթերը, խուզարկում են։

Պաղեստինի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ իսրայելական ուժերը շրջափակել են Ջենինի պետական բժշկական կենտրոնը, դրանից ոչ հեռու գտնվող Իբն Սինա հիվանդանոցը, պաղեստինական Կարմիր Մահիկի տեղական շտաբը և «Պացիենտների ընկերներ» կազմակերպության գրասենյակը։ Իսրայելի զինվորականները սպառնում են գրավել հիվանդանոցները՝ վտանգի տակ դնելով այնտեղ բուժվող տասնյակ պաղեստինցիների և բուժաշխատողների կյանքերը։

«Բուժհաստատության տարածքը լքել ցանկացող հիվանդների փաստաթղթերը ստուգում են ՑԱԽԱԼ-ի մարտիկները, վախենալու իրավիճակ է», – Բի-բի-սիի հետ զրույցում պատմել է տեղում աշխատող լրագրողը։

Իսրայելական ուժերը ռեյդեր են իրականացնում նաև Ջենինից ոչ հեռու տեղակայված փախստականների ճամբարում, որը զինված խմբավորումների բազա է համարվում։ Ճամբարում ապրողները հայտնում են, որ պարբերաբար կրակոցներ ու ԱԹՍ-ների ձայներ են լսում։ Բախումների մասին լուրեր դեռևս չկան։

Ճամբարի փախստականները հայտնում են, որ իսրայելական զինվորականները բուլդոզերով քանդել են դեպի ճամբար տանող ճանապարհն ու ասֆալտի մնացորդներով փակել մուտքը։ Տուբաս քաղաքի մի բնակչուհի պատմում է, որ Ալ-Ֆարաա ճամբարի մոտ գնալով էլ ավելի շատ զինատեխնիկա են կուտակում։ 

ՑԱԽԱԼ-ի մամուլի խոսնակ փոխգնդապետ Նադավ Շոշանին հայտարարել է, որ Արևմտյան ափին ռազմական գործողության պաշտոնական նպատակը «ահաբեկչական խմբավորումների և ահաբեկչական խրամախորշերի» ոչնչացումն է։ Օպերացիայի տևողության և մասնակցող զինվորականների քանակի մասին հարցերին պատասխանել Շոշանին չի ցանկացել։

Իսրայելի Արտաքին գործերի նախարար Իսրաել Կացը հայտնել է, որ Ջենինի և Թուլքարմի փախստականների ճամբարներում «իրանաիսլամիստական ահաբեկչության» ենթակառուցվածքներ կան։ Նա Իրանին մեղադրել է Արևմտյան ափին Իսրայելի դեմ հակամարտության նոր ճակատ ստեղծելու մեջ. «Մենք այս սպառնալիքի դեմ պետք ա պայքարենք այնպես, ինչպես պայքարել ենք Գազայի դեպքում»։

Արևմտյան ափի մասին

Հորդանան գետի Արևմտյան ափը տեղակայված է Երուսաղեմից դեպի արևմուտք։ Պաղեստինի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով, Արևմտյան ափին ապրում է շուրջ 3.2 միլիոն մարդ, մեծամասնությունը՝ պաղեստինցիներ։ Կան նաև իսրայելցի վերաբնակներ, որոնց այդտեղ լինելը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է համարվում։

1947 թվականին ժամանակակից Իսրայելի հիմնադիրները համաձայնել էին, որ Արևմտյան ափի մեծ մասն ապագայում պետք է լինի պաղեստինական պետության կազմում։ Արաբական երկրների հարձակումներից հետո Իսրայելն այդ համաձայնությունից հետ է կանգնել։ Հրադադարի հաստատումից հետո 1950 թվականին Հորդանանը գրավել է այդ տարածքները։ 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո իսրայելական զորքերը վերաօկուպացրել են Արևմտյան ափը։

1970-1980-ական թվականներին Իսրայելն այդտեղ վերաբնակների համայնքներ է հիմնել, ինչն առաջացրել է տեղի արաբական բնակչության և միջազգային հանրության դժգոհությունը։ Պաղեստինիներն Արևմտյան ափին երկու մեծ ապստամբություն են իրականցրել. Առաջին Ինտիֆադա (1987-1993) և Երկրորդ ինտիֆադա (2000-2005)։

1988 թվականին Հորդանանը պաշտոնապես հրաժարվել է Արևմտյան ափի նկատմամբ իր սեփականատիրական քաղաքականությունից։ 1993 թվականին Օսլոյում ստորագրված համաձայնագրերի համաձայն տարածքի մեծ մասը գտնվում է Պաղեստինի վերահսկողության տակ։ Արևմտյան ափի ինչ-որ հատվածներ կառավարվում են Իսրայելի կողմից։

Շրջանի կարգավիճակի թեմայով մինչ օրս վերջնական հստակ համաձայնություն չկա։

The post Իսրայելը հարձակվել է Արևմտյան ափի միաժամանակ 4 քաղաքների վրա first appeared on Epress.am.