ru24.pro
Все новости
Август
2024

«Տեղական ակտիվ խմբերի մասին դեռ քչերը գիտեն»․ «Կենտրոնական Շիրակը» շատ անելիքներ ունի

0

Շիրակի մարզի շուրջ 20 համայնքում զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը եւ կրթությունը համաչափ են զարգանում։ Զարգացման ծրագրերին նոր թափ է հաղորդել «Կենտրոնական Շիրակ» տեղական ակտիվ խումբը։

Խմբի մենեջեր, «Կենտրոնական Շիրակ» ՏԱԽ տարածքային զարգացման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շուշանիկ Մանուկյանը Մեդիամաքսին պատմել է իրականացվող միջոցառումների՝ ճագարների փառատոնի, «Մեկ օր գյուղում» նախաձեռնության ու ծրագրերի շարունակականության մասին։

3 գերակա ուղղություն

«Կենտրոնական Շիրակ» տեղական ակտիվ խումբը (ՏԱԽ) ստեղծվել է 2022 թվականին։ Այն գործում է Շիրակի մարզի կենտրոնական հատվածում, ներառում է Գյումրիից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա գտվող բնակավայրեր Ախուրյան եւ Արթիկ համայնքները։ Ախուրյանից ունենք 15 եւ Արթիկ համայնքից՝ 5 բնակավայր։ «Կենտրոնական Շիրակ» ՏԱԽ լոգոն խորհրդանշում է մարզի կենտրոնը՝ Գյումրին եւ դրա շուրջ սփռված բնակավայրերը։

«Կենտրոնական Շիրակ» ՏԱԽ-ի համար ի սկզբանե երեք ուղղվածությունն էլ եղել է գերակա՝ կրթական, գյուղատնտեսական եւ զբոսաշրջային։

Դրամաշնորհների դիմումներ ստանում ենք ՏԱԽ տարածաշրջանի գրեթե բոլոր բնակավայրերից եւ բոլոր ուղղություններով։ Գյուղատնտեսական ծրագրերից կրեմ-մեղրի արտադրություն ունենք, ձկան էկո կերի արտադրություն, կտավատի յուղի զտման ծրագիր, հատիկեղենի՝ հատկապես չամանի զտման հաստոց, որը եզակի է։ Հաստոցը բոլոր տեսակի հատիկ ընդեղենը զտում է ըստ գույնի, չափի, նույնիսկ այն հատիկաընդեղենը, որ ցանելու համար պիտանի չէ, զտում, դուրս է բերում։ Սարքի շնորհիվ զտվում է հատիկի մինչեւ 95-98 տոկոսը՝ նախորդ 80-85-ի փոխարեն։ Գյուղատնտեսական ծրագրերից ունենք նաեւ ջերմոցների, չրերի արտադրության, հատապտուղների այգի հիմնելու ծրագրեր։


Տեխնազիում՝ Վահրամաբերդում

Կրթական ծրագրերի շրջանակում հայտեր ունենք երաժշտական դպրոցներից։ Մի քանիսի ֆինանսավորումն արդեն ընթացքի մեջ է։ Այս դեպքում հիմնականում բարեկարգում ու վերանորոգում ենք տարածքը, ձեռքբերում երաժշտական գործիքներ։ Մանկապարտեզների աջակցման ծրագրերով անհրաժեշտ իրեր են ձեռք բերվել, շվիից սկսած մինչեւ փափուկ աթոռներ ու փոքրերի համար լողավազաններ, կարողացել ենք մանկական կինոթատրոնի էֆեկտ ստանալ։ Դպրոցներից եւս հայտեր ունենք։ Դրանցից մեկով արդեն իսկ ավարտվել է սպորտային դահլիճի վերանորոգումն ու մարզասարքերով կահավորումը։ Նկարչության եւ ընթերցանության խմբակների համար երկու դասասենյակի վերանորոգման եւ կահավորման ծրագիր ունենք, որտեղ պարբերաբար միջոցառումներ են իրականացվում։

Այս պահին ընթացքի մեջ է Վահրամաբերդի դպրոցի ծրագիրը. պատրաստվում ենք տեխնազիում հիմնել։ Դրանք աշխարհում հայտնի կենտրոններ են, որոնք դպրոցին կից ստեղծում են արտադասարանային միջավայր, որտեղ երեխաները կարող են ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվել։ Տեխնազիումներն ունեն հստակ կառուցվածք՝ մեկ զոնա, որը տրամադրվում է ուսումնառությանը եւ մեկն էլ՝ հանգստին։ Այժմ Վահրամաբերդի դպրոցի բակում գտնվող կաթսայատան տարածքն ընդլայնում ենք տեխնազիում հիմնելու համար։ Հետաքրքիր է, որ նախագծումն արել են երեխաները։ Գյումրու պոլիտեխնիկական համալսարանից եւ Վահրամաբերդի դպրոցից 5 խումբ մասնակցել է մրցույթի, ներկայացրել նախագծեր, եւ շուտով երեխաները կունենան իրենց ձեռքով նախագծած կենտրոն։

Կրթական ծրագրերով վերանորոգել ենք Սարատակի գրադարանը, նախատեսում ենք նաեւ հագեցնել գրքերով։ Տարբեր համայնքներում երիտասարդական կենտրոնների ծրագրեր ենք իրականացնում։ Մարմաշենում, Կրաշենում նման կենտրոններ ունենք։ Նախատեսվում է Կրաշենի երիտասարդական կենտրոնը ծառայեցնել որպես ժամանցի եւ ոչ ֆորմալ կրթական կենտրոն տարածքի բոլոր 5 բնակավայրերի համար։

Ճագարների փառատոն

Աշնանը կկազմակերպենք ճագարների փառատոն։ Մարմաշենում արդեն ունենք ճագարաբուծության ֆինանսավորված ծրագիր, բայց ճագարաբույծների թիվը մարզում շատ չէ: Երկօրյա միջոցառման օգնությամբ կփորձենք նպաստել ճագարաբուծության տարածմանը, որպեսզի հետագայում կարողանանք ճագարի մսի վաճառքի ծավալներն ավելացնել, վերամշակման նոր ուղղություններ բերել մարզ։

Փառատոնի առաջին օրն ավելի գիտական ուղղվածություն կունենա, կհավաքվեն փորձագետներ՝ դիտարկելու, թե ինչ հեռանկար ունի ճագարաբուծությունը։ Որպես վերջնարդյունք կունենանք գրքույկ այն մասին, թե ինչպես կարելի է ճագարաբուծությամբ զբաղվել, ինչ առավելություններ ունի այս ուղղությունը, ճագարի մսի օգտագործումն ինչ արդյունք կարող է ունենալ գյուղատնտեսության, տնտեսության եւ մարդու օրգանիզմի վրա։

Բուն փառատոնային ընթացքը կլինի երկրորդ օրը։ Կլինեն ֆոտոզոնաներ, ճագարի տեսքով բլիթներ, հուշանվերներ, ցուցահանդես, փակցված կլինեն ճագարների դիմանկարներ, որոնք կարտահայտեն կենդանիների էմոցիաները։ Հատուկ ակնոցի օգնությամբ մարդիկ աշխարհը կտեսնեն այնպես, ինչպես ճագարները։
Երեխաների համար առանձնացված հատված կունենանք, որտեղ մուտք գործելով՝ կկարողանան խաղալ ճագարների հետ։ Տարածքում ատելյե կլինի, որտեղ ճագարների համար հագուստ կկարեն։ Փառատոնի հիմնական միջոցառումը կլինի ճագարի մրցույթը, փորձագետները կգնահատեն ճագարներին մի քանի բաղադրիչով։ Խաղային հատված էլ կունենանք, որտեղ ճագարները կմրցեն ոչ թե իրենց առողջ տեսքով, մորթու որակով կամ ականջների երկարությամբ, այլ կվազվզեն, կցատկեն եւ խաղերի արդյունքում կպարզենք, թե որն է ամենաճարպիկ ճագարը։

Նոր թափ զբոսաշրջությանը

Նոր թափ ենք ուզում տալ զբոսաշրջությանը։ Առաջիկայում կունենանք «Թոնիր» պատմությունների միջոցառումներ, երբ մարդկանց կուղեկցենք ՏԱԽ տարածաշրջանի բնակավայրերից մեկը եւ այդտեղ ապրող տատիկ-պապիկները թոնրի շուրջ կպատմեն այն պատմությունները, որ պատմվել են իրենց մեծերի կողմից, եւ արդեն մոռացվում են։ Արդեն իրականացրել ենք պատմությունների մրցույթ, որին մասնակցել է մեր բնակավայրերից 40 երեխա։ Մեր նպատակն էր, որ երեխաները փնտրեին ու գտնեին գյուղի մասին պատմություններ, լեգենդներ։

Շուտով «Մեկ օր գյուղում» միջոցառումներն ենք կազմակերպելու, որոնց փաթեթները նաեւ զբոսաշրջային ընկերություններին կտրամադրենք։ «Կենտրոնական Շիրակի» գյուղերից մի քանիսն արդեն պատրաստ են ընդունել հյուրեր եւ զբաղեցնել նրանց։ Օրինակ՝ Հացիկ գյուղում ունենք ֆինանսավորած արվեստանոց, որտեղ Գոհար Պետրոսյանը պատրաստում է կերամիկական աշխատանքներ, ֆինանսավորել ենք նրա արվեստանոցի վերանորոգումն ու կահավորումը։

Հացիկում նաեւ մեղրից գինու արտադրության եւ համտեսի սրահի ծրագիր ունենք, կտավատի ձեթի արտադրություն, առաջիկայում լավաշի արտադրամասի ընդլայնում եւս կլինի։ Հացիկի հետ կապված ամբողջական փաթեթ ունենք։ Հյուրերը կարող են մեկ օրվա ընթացքում այցելել այս բոլոր վայրերը։ Նույնն ունենք Մարմաշենի թեւի հետ կապված։ Կան կոնկրետ գյուղեր, որտեղ կկարողանանք մարդկանց ուղեկցել եւ իրենց օրը լցնել հետաքրքիր զբաղմունքով։

«Մեկ օր գյուղում» միջոցառումները կիրականացվեն ոչ աշխատանքային օրերին, հնարավոր կլինի նաեւ գիշերակացով տարբերակ ընտրել։ Այս ծրագրին մասնակցությունը վճարովի կլինի, որպեսզի կարողանանք հյուրընկալ ընտանիքին փոխհատուցում տալ, ապահովել հյուրերի տեղափոխումը գյուղեր, նրանց մեկ օր գյուղական կյանքով ապրելու, գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավվելու, միասին ավանդական ուտեստներ պատրաստելու հնարավորություն տալ։

Զբոսաշրջության հետ կապված մյուս ծրագիրը գիդերի վերապատրաստման դասընթացն է, որի մասնակիցները հետագայում երեք ուղղությամբ էկոարահետներ կգծեն՝ մեկը կլինի Մարմաշենի հովտի, մյուսը՝ Ջաջուռի արահետի, երրորդը՝ Հոռոմի Կիկլոպյան ամրոցի ուղղությամբ։

Տեղական ակտիվ խմբերի մասին դեռ քչերը գիտեն

Առաջիկայում նախատեսում ենք նաեւ ֆուտբոլային մրցաշար անցկացնել ՏԱԽ տարածաշրջանի բնակավայրերի միջեւ։ Որոշել ենք «Կենտրոնական Շիրակի» բոլոր բնակավայրերում ունենալ ՏԱԽ բնորոշող փոքրիկ այգիներ, որտեղ լինելու է մեր լոգոյին նմանվող նստարան, կլոր հատվածում էլ՝ սեղան, տարածքում լինելու ՝ մշտադալար մի քանի ծառատեսակ։

ՏԱԽ-երի մասին ինֆորմացիան մարզում այնքան էլ տարածված չէ։ Մեծամասշտաբ ծրագրեր ենք արել, որոնց մասին հատուկենտ մարդիկ գիտեն։ Նախատեսում ենք փոդքասթներ անել։ «Կենտրոնական Շիրակ» կոչվող փոդքասթներին կհրավիրվենք մեր ՏԱԽ տարածաշրջանի բնակավայրերում գործունեություն ծավալող մարդկանց, որոնք կպատմեն, թե ինչպես են սկսել զբաղվել որեւէ գործով։ Ամիսը երկու փոդքասթ կունենանք, ՏԱԽ տարածաշրջանի կամավորերը նաեւ վլոգ կվարեն։ Մեր կամավորներն արդեն սկսել են տեխնիկական հմտությունների փոխանցման տեսանյութեր պատրաստել, որ ավագ սերնդի մարդիկ իմանան, թե ինչպես կարող են օգտվել Google փաստաթղթերից, սոցիալական ցանցերից, որոնել ծրագրեր։ Յութուբյան ալիքի հղումները մեր գյուղերում կտարածվեն QR կոդերի տեսքով։

Այս պահին գործունեությունն իրականացնում ենք Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության համատեղ ֆինանսավորմամբ՝ LEAD4Shirak ծրագրի շրջանակում։ Ծրագրի ավարտից հետո ինքնուրույն գործելու առաքելություն ունենք։ «Կենտրոնական Շիրակի» բնակավայրերում շատ անելիքներ կան, գաղափարներ ունենք, որ ուզում ենք, անպայման, իրագործել։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության եւ Ավստրիական Զարգացման Համագործակցության աջակցությամբ: Հոդվածի բովանդակությունը բացառապես Lead4Shirak ծրագրի պատասխանատվությունն է եւ պարտադիր չէ, որ ներկայացնի Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման համագործակցության տեսակետներ:

Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան