ru24.pro
Все новости
Август
2024

«Կերտել Հայաստանի ապագան դասարան առ դասարան». «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Նավասարդ»-ը

0

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ամփոփել է երկամյա առաջնորդության հերթական ծրագիրը։ 8-րդ սերնդի 61 Ուսուցիչ-առաջնորդ համալրել է կրթական հիմնադրամի Շրջանավարտ-դեսպանների շարքը։

Մեդիամաքսը ներկա է եղել ուսուցիչների «ավարտական»՝ «Նավասարդ» միջոցառմանն, ու առանձնացրել հետաքրքիր դրվագները։

Համայնքը սիրելու «աղանդը», կարծրատիպերն ու գտած երջանկությունը

Միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ մեծ էկրանին հոլովակ է՝ «Դասավանդի՛ր, Հայաստանի» Ուսուցիչ-առաջնորդների մասնակցությամբ։ Էկրանին պայծառ դեմքեր են, մարդիկ, որոնք սիրում են իրենց գործը, ընդունում, որ այն կարող է նաեւ բարդ լինել, բայց գտել են բարդությունները հաղթահարելու ու դրական փոփոխություններ բերելու իրենց տարբերակը:

«Այստեղ փոփոխությունը սկսվում է մեկ մարդուց ու տարածվում մյուսների վրա», - ասում է հոլովակի մասնակիցներից մեկը։

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ծնված Լուիզա Ապգարյանը, որը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի 8-րդ սերնդի շրջանավարտներից է, դասավանդման համար մեկնել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնք։ Հիշում է՝ իր երկու տարին մեծ փոփոխությունների ու կարծրատիպերի դեմ պայքարի մասին էր.

«Պատկերացրեք՝ Գավառում ծնված, մեծացած, կրթություն ստացած աղջիկը մի օր որոշում է գնալ ուրիշ համայնք՝ անծանոթ մարդկանցով ու աշակերտներով։ Աշխատել դպրոցում ու սա դեռ քիչ է՝ ապրել միայնակ։ Հստակ որոշել էի, որ այս կարծրատիպերը կոտրել է պետք»։

Լուիզան դիմում է «Դասավանդի՛ր, Հայաստան» ու աշխատանքի ընդունվում որպես փորձնակ, ինչից հետո արդեն որոշում է մասնակցել երկամյա զարգացման ծրագրին։

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միայն մանկավարժության մասին չէ։ Դրա հիմքում առաջին հերթին ընկերությունն է, որը կապող կամուրջ է տարբեր համայնքների, դրանց դպրոցների ու աշակերտների միջեւ», - ասում է Լուիզան ու կիսվում՝ որոշել է երրորդ տարին նույնպես մնալ Նորակերտում ու շարունակել դասավանդել։

«Այս ծրագիրը նաեւ համայնքում ապրելու, սեփական ներուժը բացահայտելու մասին է։ Ինձ համար ամենակարեւոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ ծրագրի վերջում։ Արդյունքում ոչ միայն կարծրատիպեր կոտրեցի, այլեւ՝ գտա երջանկությունս նույն համայնքում», - ժպտում է։

8-րդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդներից, իսկ այսօրվանից արդեն Շրջանավարտ-դեսպաններից Աստղիկ Ասատրյանն Արարատի մարզի Արալեզ համայնքից է։ Նույն համայնքում էլ դասավանդել է, ընդ որում՝ հասցրել լինել սեփական երեք երեխայի դասվարը։

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ այս երկու տարին բուռն ու հետաքրքիր էին, չի եղել նաեւ արկածների պակաս», - ասում է Աստղիկն ու հիշում դրանցից մեկը.

«Մի օր ինձ զանգահարում է դպրոցի տնօրենն ու հետաքրքրվում՝ ինչո՞ւ են աշակերտներս դուրս եկել համայնք ու բեյջերով, նոթատետրով հարցումներ անցկացնում բնակիչների հետ։ Փորձում եմ բացատրել, որ նրանց հետ հարցազրույցներ վարելու դեռ միայն մեկ դաս ենք անցկացրել ու միանգամից զանգահարում աշակերտներիս»։

Պարզվում է, որ նրանց այնքան է ոգեւորել նախագիծը, որ, առանց ժամանակ կորցնելու, սկսել են իրականացնել այն։ Դրսում նրանց նկատած մարդկանց էլ մտահոգել է բեյջերի վրա եղած գրությունը՝ «Բաց միտք» (Open mind).

«Դա մեր համայնքային ծրագրի անունն էր, իսկ բնակիչները կարծել են, թե երեխաներն աղանդավորներ են (ծիծաղում է – հեղ.)։ Իրականում մենք ցանկանում էինք հարցումների միջոցով համայնքի բնակիչներին կարծիք արտահայտելու հնարավորություն տալ։ Իրավիճակը պարզելուց հետո զանգահարեցի տնօրենին ու ասացի՝ այո՛, այդ մենք ենք՝ համայնքը սիրող ու դրա զարգացման համար ամեն ինչ անող «աղանդավորները»»։

«Կերտել Հայաստանի ապագան դասարան առ դասարան»

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն ասում է՝ ամենամյա ավանդույթ դարձած «Նավասարդ»-ը աննկարագրելի զգացողություններ է առաջացնում.

«Հատկապես, երբ մտածում եմ՝ ինչ եք ապրել այս երկու տարվա ընթացքում։ Մեր երկրում շատ են բարդությունները, բայց հիմա դրանց մասին չեմ խոսելու։ Ուզում եմ շեշտել միայն, որ դուք՝ նույնիսկ խորը վշտի մեջ, կանգ չեք առել, չեք դադարել սիրով ու նվիրումով աշխատել ու պայքարել մեր հայրենիքի համար»։  

Լարիսա Հովհաննիսյանն ընդգծում է Արտակարգ իրավիճակների ծրագրում աշխատած թիմին, որն աջակցել է Արցախից բռնի տեղահանված 1000 երեխայի.

«Սեպտեմբերից կշարունակենք այս կարեւոր ծրագիրը՝ UNICEF-ի հետ համագործակցությամբ։ Գալիք տարիներին Համաշխարհային բանկի հետ նախատեսում ենք էլ ավելի մասշտաբային ծրագիր իրականացնել»։

Լարիսա Հովհաննիսյանի խոսքով՝ սկսելով աշխատանքը 2015թ.-ին՝ այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը դարձել է կրթության ոլորտում Հայաստանում գործող խոշորագույն կազմակերպություններից մեկը.

«Համագործակցում ենք մոտ 130 դպրոցի հետ՝ 10 մարզում։ Մեր ուսուցիչներն աշխատում են շուրջ 30 հազար երեխայի հետ։ Ուրախ եմ, որ սեպտեմբերից եւս 85 Ուսուցիչ-առաջնորդ կունենանք, որոնք կսկսեն իրենց ճանապարհը մեր համայնքներում ու դպրոցներում։ Զուգահեռ աշխատում ենք նաեւ հեղինակային դպրոցի նախագծի վրա, իսկ այսօրվանից արդեն ունենք ծրագրի 404 Շրջանավարտ-դեսպան։ Շնորհակալ եմ մեր թիմին ու գործընկերներին, ցանկանում եմ՝ շարունակենք այն աշխատանքը, որ սկսել ենք՝ կերտելով Հայաստանի ապագան դասարան առ դասարան»։

Սոցիալական իներցիայի դեմ պայքարն ու կրթության նոր մշակույթի ձեւավորումը

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Նավասարդ» միջոցառմանը ներկա ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ասում է, որ հիմնադրամի հետ համագործակցությունը շատ կարեւոր է նախարարության համար.

«Գյուղական համայնքներում, հատկապես՝ մինչեւ 100 սովորող ունեցող դպրոցներում, ուսուցիչների ներգրավման լուրջ խնդիր ունենք։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրով այս բացն ինչ-որ չափով լրացվում է։ Դրանից բացի, ցանկանում եմ խոսել նաեւ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցիչների միջոցով դպրոցում նոր մշակույթի ձեւավորման մասին։ Ցավոք, շատ դպրոցներում «քարացած» կրթությունը շարունակում է դոմինանտ մնալ։ Մեր նպատակն է փոխել այս իրավիճակը, կրթական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր ու ստեղծագործական, աշակերտներին թույլ տալ քննադատական մտածողություն ձեւավորել ու դրսեւորել։ Գիտեմ, որ ձեր ուսուցիչները շատ ծրագրեր են իրականացնում ոչ միայն դպրոցներում, այլեւ՝ համայնքներում։ Ձեւավորում են արժեքներ ու փոխում վերաբերմունքը կրթության նկատմամբ»։

Միջոցառմանը ներկա Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը եւս կարծում է, որ կրթությունն առավելապես արժեքներ ձեւավորելու եւ փոխանակելու մասին է.

«Կարծում եմ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հենց սա է անում։ Դուք մեծ փոփոխություններ եք բերել՝ ցույց տալով՝ ինչպիսին պետք է լինի կրթական բովանդակությունը։ Թող այս գործընթացն անդադար ու շարունակական լինի»։

ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավար, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջին սերնդի շրջանավարտ Վաղարշակ Մարտիկյանը խորհուրդ է տալիս իրենց երկու տարվա աշխատանքն ավարտած ուսուցիչ-առաջնորդներին անպայման ամփոփել ու պահպանել այդ ընթացքում եղած պատմությունները.

«Հատկապես առանձնացրեք, վերլուծեք դեպքերը, որոնցում նկատել եք սոցիալական իներցիա։ Նշվեց, որ ուսումնական գործընթացը մեզ մոտ դեռ քարացած է։ Սա հենց սոցիալական իներցիայի հետեւանք է։ Այսինքն, երբ դպրոցում աշխատող տնօրենները կամ ուսուցիչները վարվում են այնպես, ինչպես սովոր են։ Հաճախ մեծ ու կարեւոր փոփոխությունները չեն կայանում սոցիալական իներցիայի հզոր ուժի պատճառով։ Ծանոթներիցս մեկը հաճախ է հիշեցնում՝ «իներցիա» լատիներենից թարգմանաբար նշանակում է ծուլություն։ Կարեւոր է, որ ինչ ոլորտում էլ լինեք, նկատեք սոցիալական իներցիայի դրսեւորումներն ու դրանք բերեք քննարկումների մակարդակ»։

Միեւնույն ժամանակ, Վաղարշակ Մարտիկյանը նշում է՝ «սովորության ուժը» միշտ չէ, որ վատ է.

«Իհարկե, մեր հասարակությունում կան նաեւ շատ դրական ավանդույթներ։ Այնպես որ, սոցիալական իներցիան հայտնաբերելուն զուգահեռ՝ փորձեք խրախուսել դրանք։ Հնուց եկած ամեն ինչ չէ, որ պետք է փոխել ու հաղթահարել»։

«Չթերագնահատե՛ք ձեր ազդեցությունը»

Վերջում 8-րդ սերնդի շրջանավարտներին ողջունում է Արմինե Գեւորգյանը, որը «Դասավանդի՛ր, Հայաստանի» «Առաջնորդության ուղիների» ավագ պատասխանատուն է.

«Որպես առաջին սերնդի Ուսուցիչ-առաջնորդ՝ այսօր վերապրում եմ նույն հույզերը։ Դուք գիտեիք՝ հեշտ չի լինելու, բայց գիտակցաբար ընտրել եք նվիրումն ու հանձնառությունը կրթության առաքելության նկատմամբ»։

Արմինեն ասում է՝ անձամբ է տեսել կրթության վերափոխիչ ուժը.

«Սա միայն դասավանդման մասին չէ։ Այս առաքելությունը մարմնավորում է մեր ազգի՝ քարից հաց կերտելու մղումը, մեր դեպքում՝ դասարան առ դասարան։ Երբեք չթերագնահատե՛ք ձեր ունեցած ազդեցությունը դպրոցներում ու համայնքներում, որտեղ աշխատել ու ապրել եք։ Պտուղներն արդեն ճանապարհին են»։

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի