ru24.pro
Все новости
Август
2024

Փարիզում բռնված Դուրովը կասկածելի ֆրանսիացի է. Մակրոնն էլ արտահայտվեց

0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է հրապարակել Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության վերաբերյալ։ Նրա խոսքով դա կապ ունի տարիներ շարունակվող դատական գործերի հետ և չունի «քաղաքական դրդապատճառներ»։ Սա Ֆրանսիայի իշխանությունների առաջին մեկնաբանությունն էր։

«Իրավունքի գերակայության պայմաններում սոցիալական ցանցերում, ինչպես և իրական կյանքում, ազատությունն իրացվում է շրջանակում, որը սահմանվում է օրենքով՝ քաղաքացիների պաշտպանության և հիմնարար իրավունքների ապահովման համար։ Տելեգրամի ղեկավարի ձերբակալությունը Ֆրանսիայի տարածքում իրականացվել է շարունակական դատական հետաքննությունների շրջանակներում։ Դա քաղաքական որոշում չէ։ Վճիռը կկայացնեն դատարանները», – գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Տելեգրամ և «ՎԿոնտակտե» սոցիալական մեդիա հարթակների հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են օգոստոսի 25-ի գիշերը Փարիզում։ Մեղադրանքների մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։ Լրատվամիջոցները գրում են, որ նրան հավաբար ուզում են պատասխանատվության ենթարկել միաժամանակ մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խարդախություն և ահաբեկչություն։ Պատճառը Դուրովի ստեղծած հարթակում մոդերացիայի բացակայությունը և հատուկ ծառայությունների հետ չհամագործակցելն է։ 

Ռուսաստանի մի շատ պաշտոնյաներ իրենց վրդովմունքն են արտահայտել բիզնեսմենի ձերբակալությյան թեմայով, չնայած տարիներ առաջ իրենք էին փորձում պատասխանատվության ենթարկել Դուրովին։

Պավել Դուրովն ապրում էր Դուբայում։ Ռուսաստանից հեռացել է 2014 թվականին՝ իրեն պատկանող «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը վաճառելուց հետո։ Նրա խոսքով, ռուսական Անվտանգության Դաշնային ծառայությունը պահանջել է ուկրաինական ակտիվիստների ու ընդդիմադիրների անձնական տվյալները։ Դուրովը հրաժարվել է տեղեկություններ փոխանցել, բայց ստիպված է եղել վաճառել իր բաժնետոմսերն ու լքել երկիրը։

Իշխանությունների ու հատուկ ծառայությունների հետ չհամագործակցելու քաղաքականության շնորհիվ Տելեգրամը դարձել է ակտիվիստների կողմից ամենահաճախ օգտագործվող հարթակներից։ Դրա օրինակ են Բելառուսի 2020 թվականի ցույցերը, երբ ավելի քան 2 միլիոն հետևորդ ունեցող ալիքի միջոցով կազմակերպվում էր բողոքի ցույցերի համակարգումը, տարածվում էին լուրեր տուժածների ու ձերբակալվածների մասին։ Նախագահական ընտրություններին նախորդող 3 օրերին, երբ Բելառուսում ինտերնետն անջատված էր, Տելեգրամը երկրում հասանելի միակ հարթակն էր։

——————————————————

Տելեգրամի հիմնադիրը Ֆրանսիայի քաղաքացիություն ստացել է 2021 թվականին։ Լրատվամիջոցներն այդ մասին իմացել են ամիսներ անց, կարելի է ասել պատահաբար՝ քաղաքացի դարձած հարյուրավոր մարդկանց անունները պարունակող փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում։  Le Monde հրատարակչությանն ավելի ուշ հաջողվել է պարզել Դուրովի նատուրալիզացիայի գործընթացի որոշ մանրամասներ։

2021-ի օգոստոսին ֆրանսիական անձնագիր ստանալուց ամիսներ առաջ նա դարձել էր նաև Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի՝ ԱՄԷ իշխանությունների կողմից օտարերկրյա հարուստ ներդրողների համար մշակված հատուկ ծրագրով։ Մինչ այդ Դուրովը ստացել էր նաև Կարիբյան ծովի Սենթ Քիթս և Նևիս կղզային պետության անձնագիր։

Քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է մի քանի տարի օրինական կարգով ապրել Ֆրանսիայում։ Այս պահանջը կարելի է շրջանցել «ֆրանսիական մշակութային և լեզվական ընդհանրության» պատկանելու դեպքում, այսինքն, եթե ֆրանսախոս այլ երկրի քաղաքացի ես։ Պավել Դուրովին այս բացառությունը չէր վերաբերում. մինչ այդ նա բազմիցս եղել էր Ֆրանսիայում, բայց երբեք այնտեղ չի ապրել։

Le Monde-ը գրում է, որ կա ևս մեկ շատ հազվադեպ կիրառվող մեխանիզմ, որի միջոցով կառավարությունը կարող է քաղաքացիություն տրամադրել «ֆրանսախոս օտարերկրացուն, ով իր բացառիկ գործունեությամբ ներդրում է ունենում Ֆրանսիայի միջազգայի ազդեցության և արտաքին տնտեսական հարաբերությունների բարելավման գործում»։ Այս գործընթացի միջոցով, օրինակ, 2017-ին ֆրանսիական անձնագիր է ստացել Snapchat-ի հիմնադիր Էվան Շպիգելը։

Հրատարակչությունը գրում է, որ այսպիսի մեխանիզմով քաղաքացիություն ստանալու համար, փաստացի, միակ պայմանը ֆրանսերենի իմացությունն է, քանի որ «Ֆրանսիայի արտաքին ազդեցության մեջ ներդրումը» երկրի իշխանությունները կարող են մեկնաբանել ըստ իրենց ցանկության։ Դուրովը 2015-ին ասել էր, որ ֆրանսերեն սովորել է դպրոցում, բայց խոսելու համար բավարար չէ։ Անձնագիր ստանալուց առաջ նա իրոք սովորել էր լեզուն։ Le Monde-ի հարցմանն ի պատասխան Telegram-ի մամուլի ծառայությունը տրամադրել է սերտիֆիկատը, որի համաձայն Դուրովը լեզվին տիրապետում է B1 մակարդակի. 2020 թվականին հավաքել է 92.5 բալլ՝ 100 հնարավորից։

Le Monde-ը Պավել Դուրովի նատուրալիզացիայի մասին որոշումն «անսպասելի» է համարում, քանի որ Ֆրանսիայի ներքին գործերի և արդարադատության նախարարությունները 2010-ականներից սկսած «կիսաբաց պատերազմ են վարում Տելեգրամի հետ»։ Պատճառը հարթակի ղեկավարության սկզբունքային դիրքավորումն է ցանկացած երկրի իշխանությունների ու հատուկ ծառայությունների հետ չհամագործակցելու հարցում։ Հրատարակչությունը նկատել է, որ Դուրովին ֆրանսիական անձնագիր տալու գրեթե նույն ժամանակ նախագահի ղեկավարած «Առաջ, հանրապետություն» կուսակցությունը Տելեգրամից պահանջում էր կուսակցության անունով կեղծ էջ վարողների անձնական տվյալները։ Հարթակի ադմինիստրացիան հրաժարվել է հետևել դատական որոշմանն ու ոչ մի տեղեկություն չի փոխանցել։

Դուրովի մոտիվացիան ևս մինչև վերջ պարզ չէ։ 2015 թվականին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո բիզնեսմենը հայտարարել էր, որ դրանցում ֆրանսիական կառավարությունը «նույնքան մեղավոր է, որքան Իսլամական պետությունը»։ Ավելի ուշ ջնջված գրառման մեջ Դուրովն ասում էր, որ երկրի իշխանությունները «վրդովեցնող բարձր հարկերի միջոցով վերցնում են աշխատասեր մարդկանց փողերն ու ծախսում Մերձավոր Արևելքում անիմաստ պատերազմների ու Հյուսիսային Աֆրիկայից փախստականների համար մակաբույծ սոցիալական դրախտ ստեղծելու վրա»։

Տելեգրամի ղեկավարությունից Le Monde-ին ասել են, որ 2017 թվականի ընտրություններում սոցիալիստների պարտությունից և Մակրոնի իշխանության գալուց հետո Դուրովը «ոգեշնչվել էր նրա քաղաքականությամբ»։ Ընկերության ներկայացուցիչը նշել էր, որ բիզնեսմենը «միշտ եղել է ֆրանսիական մշակույթի և պատմության մեծ երկրպագուն»։ Իհարկե Դուրովն ուներ նաև ավելի ռացիոնալ մոտիվներ. շատ հարցերում Ֆրանսիայի քաղաքացիությունն ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան Արաբական Միացյալ Էմիրություններինը։

The post Փարիզում բռնված Դուրովը կասկածելի ֆրանսիացի է. Մակրոնն էլ արտահայտվեց first appeared on Epress.am.