ru24.pro
Все новости
Август
2024

Մինչև ցմահ. Ադրբեջանը ընկել է խաղաղասեր գիտնականների ու ակտիվիստների հետևից

0

Բաքվում ձերբակալել են հակապատերազմական ակտիվիստ Սեմեդ Շըխըին։ Նա այս մասին հասցրել է տեղեկացնել ընկերոջը։

Մինչ այդ Բաքվի դատարանը վճռել է ձերբակալված քաղաքագետ, հետազոտող, հակապատերազմական ակտիվիստ Բահրուզ Սամեդովի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել 4 ամսվա ազատազրկումը։  Սամեդովի մեղադրանքը հաստատվել է. նրան պետական դավաճանություն են մեղսագրում (Քրեական օրենսգրքի 274 հոդված)։ Այս հոդվածը 12-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում է նախատեսում։ Սամեդովի փաստաբանները հայտնել են, որ դատարանի այսօրվա որոշումը պատրաստվում են բողոքարկել վերաքննիչ դատարանում։ 

Քրեական հետապնդման պատճառը հայերի հետ նամակագրություններն են, հակապետական հոդվածներն ու թարգմանությունները։

Բահրուզի ձերբակալության մասին պատմել էր տատիկը։ Նրա խոսքով ոստիկանության վեց աշխատակիցներ օգոստոսի 21-ին մտել են իրենց տուն, խուզարկել ու առգրավել բոլոր փաստաթղթերը, համակարգիչներն ու հեռախոսները։ 

Պրահայի Կառլովի համալսարանը, որտեղ Բահրուզ Սամադովն այժմ սովորում է ասպիրանտուրայում, հայտարարություն է տարածել ձերբակալության վերաբերյալ։ Համալսարանն իր դոկտորանտի թեմայով կապի մեջ է Չեխիայի արտաքին գործերի նախարարության հետ։

Մեկ ամիս առաջ՝ հուլիսի 22-ին, հայերի հետ «շփվելու» համար Ադրբեջանում ձերբակալվել էր ևս մեկ երիտասարդ գիտնական։ Թալիշ ազգագրագետ Իգբալ Աբիլովն անդամակցում է Թալիշական ազգային ակադեմիային։ Ապրում է Բելառուսում։ Դասավանդում է Բելառուսի պետական համալսարանում, զբաղվում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Իրանի վերաբերյալ էթնոգրաֆիկ և պատմական հետազոտություններով։  «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է։ Ամսագրում հրապարակվել են նաև հայ պատմաբան Գառնիկ Ասատրյանի հոդվածները։ Ադրբեջանական իշխանամետ մամուլը գրում է, որ Աբիլովը հաճախ է խոսել Ասատրյանի հետ՝ Skype-ի միջոցով։

Հուլիսի 24-ին Բաքվի դատարանն Աբիլովին 4 ամսվա ազատազրկման է դատապարտել՝ առանց հարազատներին տեսանկցելու հնարավորության։ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապ հաստատելուց հետո ծնողներն իմացել են, որ Աբիլովը մեղադրվում է քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն), 281.3 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր, որոնք կատարվել են օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) և 283.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում) հոդվածներով։

Աբասովի գիտական ղեկավարն ու մյուս գործընկերներն այս մեղադրանքները ծիծաղելի են համարում։ Նրանք նշում են, որ ազգային փոքրամասնության մասին հետազոտությունների վրա աշխատելու շրջանակներում հայ գիտնականի հետ շփվելը բացառապես գիտական բնույթ է ունեցել, և չի կարող մեկնաբանվել որպես դավաճանություն։

Վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններն Ադրբեջանում գնալով շատանում են։ Ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, գիտնականներ և այլն։ Սկզբում այս ձերբակալությունները մեկնաբանում էին որպես հակաարևմտյան արշավ։ Ալիևի ընդդիմախոսներին մեղսադրում էին մաքսանենգություն, թմրանյութեր իրացում և այլն։ Մեղադրանքների ուղղվածությունը վերջերս փոխվել է. Հայաստանի ու հայերի հետ ցանկացած տեսակի առնչություն ունեցած ընդդիմադիրներին մեղադրում են պետական դավաճանության մեջ։ Նախկինում արդեն իսկ անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչների ու լրագրողների համար նոր մեղադրանքներ են հորինվում։ 

Օգոստոսի 20-ին, օրինակ, Abzas Media-ի ազատազրկված լրագրողներին նոր մեղադրանքներ են առաջադրել։ Նրանց նկատմամբ հետապնդումը ևս սկսվել էր Հայաստանի հետ կապ ունեցող հարցերով հետաքննություններից։

The post Մինչև ցմահ. Ադրբեջանը ընկել է խաղաղասեր գիտնականների ու ակտիվիստների հետևից first appeared on Epress.am.