ՀՀ ԱԳՆ․ Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՌԴ կառուցողական ներգրավվածությունը
Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի այն պնդմանը, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
«Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք անգամ չենք անդրադառնում դրանց:
Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար՝ չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք»,- նշել է խոսնակը:
«Հարկ ենք համարում ընդգծել նաև, որ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն իսկ լայն ճանաչում ունի միջազգային հանրության շրջանում, այն մի քանի անգամ ներկայացվել է նաև ՌԴ ներկայացուցիչներին։ Վերահաստատում ենք, որ դրա շրջանակներում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը հնարավոր է բառացիորեն ամեն պահի։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դրական արձագանքի է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից, և ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել այն, ոչ էլ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը:
Հայաստանի կառավարությունը բազմիցս վերահաստատել և հիմա էլ վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և իր բաժին աշխատանքը կկատարի այդ օրակարգը բարեհաջող իրացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ: