ru24.pro
Все новости
Август
2024

Պուտինը Բաքվում է, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ

0

Ռուսաստանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Բաքու։ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին նա խոստանում է պատմել նաև Նիկոլ Փաշինյանին։ Երևանում ենթադրում են, որ ռուս-ադրբեջանական երկկողմ քննարկումների օրակարգում նաև ապաշրջափակման հարցն է լինելու․ Բաքուն Հայաստանի տարածքով միջանցք է ուզում, Ռուսաստանն ակնկալում է միանձնյա հսկել դրա «անվտանգությունը»։

Պուտին-Ալիև բանակցությունների ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե հայկական ուժերը սահմանին հրադադարի ռեժիմ են խախտել։ Երևանից հերքում են, հիշեցնելով՝ Հայաստանն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծել, և այդ առաջարկը մնացել է օդում կախված։

ադրբեջանա-հայկական

Մոսկվան ուզում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանն «այնքանով, որքանով դա պահանջված կլինի Բաքվի և Երևանի կողմից»՝ Ադրբեջանի նախագահի հետ դռնփակ բանակցություններից առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Թեման նա քննարկել է Իլհամ Ալիևի հետ, որը բանակցությունների երկկողմ ձևաչափն էր նախընտտրում, և խոստացել է քննարկել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Բոլորին շատ լավ հայտնի է, որ Ռուսաստանը նույնպես բախվում է ճգնաժամերի, առաջին հերթին՝ ուկրաինական ուղղությամբ։ Բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասում մեզ մասնակցության անհրաժեշտություն է թելադրում վերջին մի քանի տարիներին, իհարկե՝ այնքանով, որքանով պահանջված կլինի կողմերից», – ասել է Պուտինը։

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանում շատ գոհ են Բաքվի և Մոսկվայի փոխգործակցության մակարդակից։ Րոպեներ անց ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հարցազրույցն է հրապարակել, որի ընթացքում Ջեյհուն Բայրամովը հավաստիացրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում են երկկողմ ձևաչափով, ռուսական հարթակը, ամեն դեպքում, Բաքվի համար ընդունել է, ավելին՝ «վերջին շրջանում Երևանն է անհամաձայնություն հայտնում այդ հարթակին»։ Հայաստանում այս հայտարարությունը չեն մեկնաբանել։

Դռնփակ բանակցություններից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները գնացել են Բաքվով շրջելու։ Ղեկին անձամբ Ալիևն է եղել։

Սա Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների արդեն երրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում։ Պուտինը Ադրբեջան է այցելում մի ժամանակահատվածում, երբ Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե մոտ են խաղաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Առկա համաձայնությունների զգալի մասը ձեռք է բերվել առանց Ռուսաստանի ավանդական միջնորդության։ Առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները, ամեն դեպքում, դեռ պահպանվում են։

Տարաձայնություններից մեկը հաղորդակցության ուղիների ապաշարջափակման ձևաչափին է վերաբերում։ Բաքուն Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է ուզում, Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի տարածքով անցնող այդ կապուղին պետք է հսկեն իր սահմանապահ զորքերը, Հայաստանը ապաշրջափակումը առանց «միջանցքային տրամաբանության» է պատկերացնում։

Վերջերս հայտնի է դարձել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ապաշրջափակմանը վերաբերող կետը առհասարակ հանել խաղաղության պայմանագրի տեքստից։

Պուտինի այցից առաջ Կրեմլը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, նշվել էր, թե «առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։

Թեև կողմերից ոչ մեկն իր ստորագրությունը հետ չի քաշել, հիշատակված եռակողմ համաձայնագրերից ոչ մեկն էլ ըստ էության արդեն չի գործում։ Բաքուն և Մոսկվան դրանց մասին հիշում են միայն ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելիս՝ նկատի ունենալով, մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի չգործող համաձայնագրի 9-րդ կետը։

տե՛ս Մոսկվան պնդում է խաղաղության պայմանագրի Ալիևյան տարբերակը

սահմանային լարում

Բաքվում ընթացող բանակցությունների ֆոնին ադրբեջանական կողմը շարունակում է Երևանին մեղադրել իր դիրքերը գնդակոծելու մեջ, Երևանը հերքում է՝ հիշեցնելով՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմը դեռ ամիսներ առաջ էր առաջարկել սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծել։ Այդ առաջարկին աջակցել էին նաև եվրոպացի գործընկերները։ Բաքուն այն անպատասխան է թողել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, թե այսօր ժամը 09:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի կվադրոկոպտերը Գորիսի շրջանի դիրքերից փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնել ադրբեջանական բանակի հակատանկային դիրքերի ուղղությամբ։ Հայտարարվել է, թե ադրբեջանական կողմը որսացել է ԱԹՍ-ն ու հեռացրել տարածքից։

Երևանը դեռ չի արձագանքել այս հաղորդմանը, սակայն հերքել է Բաքվի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունհ, թե հայկական կողմը Վարդենիսի դիրքերից կրակել է Քելբաջարում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշել է, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Երեկ էլ Բաքուն մեղադրել էր Հայաստանին Նախիջևանի Ջուղայի շրջանի ադրբեջանական դիրքերին կրակելու մեջ։ Հայակական կողմը հերքել էր նաև այս հաղորդումը։ 

The post Պուտինը Բաքվում է, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են երկկողմ first appeared on Epress.am.