ru24.pro
Все новости
Август
2024

Երեխաների սպանությունը ոգևորել է Անգլիայի ֆաշիստներին

0

Առնվազն 147 մարդ ձերբակալվել է բրիտանական քաղաքներում ուլտրաաջական խմբավորումների կողմից կազմակերպված հակամիգրանտական բողոքի ցույցերի արդյունքում։ 

Արդեն մեկ շաբաթ անկարգությունների վերածվող ակցիաներ են իրականացվում Լոնդոնում, Բրիստոլում, Բելֆաստում, Սաութպորտում, Հալլում, Լիվերպուլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Թրենտում, Բլեքփուլում և այլ քաղաքներում։ Ցուցարարները հարձակվում են միգրանտների ու ոստիկանների վրա, ավիրում են խանութներ, մզկիթներ, ոստիկանական բաժանմունքներ, հրդեհում են հանրային հաստատություններ։ Մի շարք քաղաքներում նացիոնալիստների գործողությունների դեմ համախմբված գործում են հակաֆաշիստական խմբավորումները։

Օգոստոսի 4-ի վաղ առավոտյան բախումներ էին սկսվել Հարավային Յորքշիր կոմսության Ռոթերհեմ քաղաքում։ Holiday Inn Express հյուրանոցի մոտակայքում հավաքվել էին ինչպես հակամիգրանտական, այնպես էլ հակաֆաշիստ խմբավորումների ներկայացուցիչերը։ Կարճ ժամանակ անց, սակայն, Stand up to Racism («Ոտքի ընդդեմ ռասիզմի») պրոմիգրանտական շարժման անդամները տարածքից հեռացել են, իսկ հակամիգրանտները սկսել են հարձակվել հավաքված ոստիկանների վրա։

Ցուցարարները հյուրանոցի ուղղությամբ քարեր, ապակե շշեր ու աղյուսներ են նետել, ոստիկանների վրա են հրել շարժական պարիսպները։ Հյուրանոց տանող ճանապարհը փակել են, հրդեհել են շինությունը, որում հյուրանոցի էլեկտրագեներատորն էր։

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերը կատարվածը որակում է որպես «կազմակերպված բռնություն, ոչ թե պրոտեստ»։ Նա անկարգությունների մասնակիցներին զգուշացրել է, որ «կփոշմանեն», քանի որ իրենց գործողությունների համար պատժվելու են «օրենքի ողջ խստությամբ»։ Սթարմերը Ռոթերհեմի ցուցարարներին «ուլտրաաջ բանդաներ» է անվանել. «եթե դուք հետապնդում եք մարդկանց մաշկի գույնի կամ հավատքի համար, ուրեմն անկախ ձեզ առաջնորդող մոտիվների, դուք ուլտրաաջ եք»։

Առաջին ցույցերը սկսվել են Սաութպորտ քաղաքում, որտեղ հուլիսի 29-ին դանակով զինված տղամարդը մտել է Hope of Hart մանկական պարային ակումբ և սպանել վեցից ինը տարեկան երեք աղջիկների։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել է հարևան Բենքս քաղաքի 17-ամյա բնակիչը։

Սաութպորտում ընթացող սգո արարողությանը միացել են հակաիսլամիստ Անգլիայի պաշտպանության լիգան (English Defence League) և նրանց դաշնակից ազգայնականները։ Դեպքից զայրացած ուլտրաաջերը հարձակվել են տեղի մզկիթի վրա, անկարգությունների արդյունքում առնվազն 39 ոստիկան է տուժել։

The Telegraph թերթը գրում է, որ հակամիգրանտական գործողությունները սկսվել են Channel3 Now կայքի տարածած ապատեղեկատվությունից հետո։ Որպես ամերիկյան լրատվական գործակալություն ներկայացող կայքը կեղծ հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի Սաութպորտի պարային ակումբի վրա հարձակվողը «17-ամյա մահմեդական, փախստական Ալի Ալ-Շակատին է»։

Իրականում սպանության մեջ մեղադրվում է Ակսել Ռուսակուբանան, ով ծնվել է 2006 թվականին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում։ Ծնողները ռուանդացի են, Ակսելը ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում։

Channel3 Now-ի գրառումը հայտնվել է Х սոցիալական ցանցում բլոգեր Բերնի Սպոֆորտի թվիթից 2 րոպե հետո։ Սպոֆորտը հայտնի է դավադրության տեսություններ տարածելով։ Իր գրառման մեջ նա հիշատակել էր Ալ-Շակատի անունը, բայց ավելի ուշ առանց որևէ բացատրության ջնջել էր հրապարակումը։ Ընդհամենը 3 հազար հետևորդ ունեցող Channel3 Now-ի թվիթը սոցիալական ցանցում ավելի քան 27 միլիոն դիտում էր հավաքել։

Հանցագործի հորինված անունով հրապարակումը մեջբերում էին մեծ թվով լրատվականներ ու ինֆլյուենսերներ։ Այդ թվում էին ուլտրաաջ Անգլիայի պաշտպանության լիգայի ղեկավար Թոմմի Ռոբինսոնը, բլոգեր Էնդրյու Թեյթը, ձեռներեց Դունկան Բանաթայնը։ The Telegraph-ը գրում է, որ այս մեդիա արշավը մեծ դեր է ունեցել անկարգությունների հրահրման գործում։

Channel3 Now-ն այժմ իրական և կեղծ լուրերի ագրեգատոր է։ The Telegraph-ը պարզել է, որ հարթակի յութուբ ալիքը թողարկվել է 2012 թվականին։ Այնտեղ հրապարակում էին Իժևսկի սիրողական ավտոմրցույթների ռուսալեզու վիդեոզեկույցներ։ 2019-ին ալիքն անվանափոխել ու վերապրոֆիլավորել են, սկսել են հրապարակել անգլալեզու հոլովակներ Պակիստանի մասին։ Channel3 Now դոմենը գրանցված է Լիտվայում, պատկանում է Պակիստանի երկու քաղաքացիների։

The post Երեխաների սպանությունը ոգևորել է Անգլիայի ֆաշիստներին first appeared on Epress.am.