ru24.pro
Все новости
Август
2024

«Նա փորձում է լինել այնքան հակառուսական, որքան պետք է Արեւմուտքից մի բան ստանալու համար»

0

Ներկայացնում ենք The Economist-ի կայքում հրապարակված Humiliated by Azerbaijan, Armenia tacks towards the West հոդվածի հայերեն թարգմանությունը:

Եվրամիությունը հպարտանում է նրանով, որ ինքը կարգավորիչ, այլ ոչ թե ռազմական գերտերություն է: Բայց Հայաստանի հետ հարաբերություններում նա սկսում է օգտագործել երկու տեսակի մկանները։ Հուլիսի 22-ին ԵՄ-ն հայտարարեց, որ ռազմական օգնության ծրագրերից մեկի շրջանակներում առաջին անգամ օգնություն կուղարկի Հայաստան։ Նույն օրը այն կանաչ լույս վառեց վիզաների ազատականացման բանակցությունների համար: Այդ ընթացքում ամերիկյան զինծառայողները փոքր վարժանք էին անցկացնում հայկական ուժերի հետ։ Այս ամենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անցած տարի սկիզբ առած դեպի Արեւմուտք շրջադարձի մի մասն է։

Հայերը հիասթափված են իրենց նախկին հովանավոր Ռուսաստանից: Զբաղված լինելով Ուկրաինայում իր պատերազմով՝ 2023 թվականին Ռուսաստանը չկարողացավ խանգարել Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղը՝ նախկինում ինքնավար էթնիկ հայկական անկլավը: Ե՛վ Ամերիկան, և՛ եվրոպական տերությունները ցանկանում են թուլացնել Ռուսաստանի դիրքերը վերջինիս ավանդական «ետնաբակում»:

«Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է հեռվանալ Ռուսաստանից։ Այնպես որ, մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար», - հուլիսի 30-ին ասել էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը: Բայց դա բարդ մանեւր է, եւ Փաշինյանը բազմաթիվ ուղղություններից հարվածներ է ստանում:

Կովկասում Ռուսաստանը անկում է ապրում, բայց այնտեղից դուրս չի եկել: Փաշինյանը սառեցրել է ռազմական համագործակցությունը եւ վտարել ռուս սահմանապահներին Երեւանի օդանավակայանից։ Սակայն Ռուսաստանը Հայաստանում դեռեւս ունի ռազմակայան եւ հազարավոր զինվորներ, ու նրա սահմանապահները պարեկություն են իրականացնում Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի սահմաններում: Ռուսաստանին է պատկանում Հայաստանի երկաթուղին, այն նաեւ վառելիքով է ապահովում Հայաստանի ատոմակայանը, ու, հավանաբար, դեռեւս վայելում է շատերի համակրանքը ուժային կառույցներում։

Ռուսաստանի արձագանքը Հայաստանի դեպի Արեւմուտք շրջադարձին տատանվում է անհանգստությունից (արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան անհանգստություն էր հայտնել «Հայաստանի ապագայի համար») մինչեւ քողարկված սպառնալիքներ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Հայաստանը ազատ է հարաբերություններ կառուցել այլ գործընկերների հետ, բայց ոչ «այնպես, ինչպես դա արեց Կիեւի ռեժիմը, այսինքն՝ «կամ-կամ» ձեւով»:

Այս ընթացքում Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի հետ՝ լուծելու իրենց տասնամյակներ շարունակվող հակամարտությունը։ Ադրբեջանն օգտագործում է պատերազմ սկսելու սպառնալիքը՝ Հայաստանին ստիպելու գնալ զիջումների, այդ թվում՝ Սահմանադրությունից հանել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային պահանջները: Տանը Փաշինյանը բախվում է համարձակություն ձեռք բերած ընդդիմությանը, որը գլխավորում է նման փոխզիջումներից զայրացած խարիզմատիկ ազգայնական արքեպիսկոպոսը։

Եթե Կրեմլը ցանկանա, որ Հայաստանը խնդիրներ ունենա, Ադրբեջանը ուրախ կլինի օգնել։ Հուլիսի 26-ին Ադրբեջանը հայտարարել էր, որ Հայաստանը ծանր զինատեսակներով կրակել է սահմանից այն կողմ եւ մեղադրել Ամերիկային, ԵՄ-ին ու Ֆրանսիային «սադրանքները» խրախուսելու համար։ Արեւմտյան ռազմական օգնության շնորհիվ Հայաստանը «ավելի քիչ է մոտիվացված մնալ խաղաղ գործընթացում», ասում է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա Էլչին Ամիրբեկովը:

Արեւմուտքի օգնությունը մինչ այժմ համեստ է եղել: ԵՄ ռազմական օգնությունը կազմում է 10 միլիոն եվրո, որի մի մասը նախատեսված է հայկական ուժերին նախապատրաստելու ԵՄ ապագա առաքելություններին մասնակցելու համար։ Ամերիկյան ուժերի հետ համատեղ վարժանքի սցենարը ոչ թե մարտական էր, այլ՝ խաղաղապահ։ Եթե վիզայի ռեժիմի ազատականացման բանակցություններն ի վերջո արդյունք տան, դա կլինի տարիներ հետո միայն: Սրանցից ոչ մեկը չի օգնում Հայաստանի անմիջական կարիքներին։

«Արեւմուտքը, ամենայն հավանականությամբ, Հայաստանին անվտանգության կոշտ երաշխիքներ չի տա, եւ կարծում եմ, դա հասկանում են բոլորը՝ Ռուսաստանը, Արեւմուտքը, Փաշինյանը եւ Ադրբեջանը»,- ասում է APRI Armenia վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը:

Դեպի Արեւմուտք կատարվող շրջադարձի աստիճանը անհստակ է մնում: Հստակությունը, հավանաբար, կախված կլինի Ուկրաինայում պատերազմի արդյունքից եւ Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների ապագայից: Բենիամին Պողոսյանն ասում է, որ Փաշինյանը փորձում է լինել «բավականաչափ հակառուսական, որպեսզի ինչ-որ բան ստանա Արեւմուտքից, սակայն ոչ այնքան հակառուսական, որպեսզի այրի Կրեմլի հետ բոլոր կամուրջները»:

Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: