ru24.pro
Все новости
Август
2024

FAST-ն ամփոփել է «Նորարար կանայք» ծրագիրը

0

Հունիսի 30-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) ամփոփել է ԳՏՃՄ ոլորտի կանանց ձեռնարկատիրական ներուժը բացահայտող «Նորարար կանայք» կամ «Women Innovators» (WIN) ծրագիրը՝ հավաստագրեր հանձնելով 51 լավագույններին։

2,5-ամսյա անվճար դասընթացների շրջանակում մասնակից ավելի քան 100 կին՝ իրենց ոլորտում առաջատար 16 մասնագետի հետ միասին, ունեցել է 22 թեմատիկ դաս՝ ծանոթանալով բիզնես հաղորդակցության, հետազոտական առաջնորդության, թիմի կառուցման, գաղափարի ձեւավորման ու առաջխաղացման համար անհրաժեշտ հմտություններին։

«Մեզ համար կարեւոր էր ինքնաճանաչման եւ բիզնես մտածելակերպի զարգացման ուղղությամբ մոդուլների ընդգրկումը ծրագրում, ինչի շնորհիվ այսօր ունենք բազմաթիվ ոգեշնչող պատմություններ։ Ուրախալի է տեսնել, որ մասնակիցները զգում են փոփոխությունը, չեն վախենում հավակնոտ նպատակներ առաջ քաշելուց եւ վստահորեն ներկայացնում են դրանք բաց հարթակներում, ինչպես օրերս արեցին դա FemInno-ում»,- նշել է ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը։

«Հայաստանի գիտահետազոտական կենտրոններ այցելելիս հաճախ տեսնում ենք, որ թիմերի մեծ մասը կին է, որոնք, ունենալով նորարարական մեծ ներուժ, հազվադեպ են ներկայացված ստարտափ համայնքում։ Կանանց ներգրավմանը խոչընդոտող մի շարք բացերի լրացմանն էլ ուղղված է WIN-ը։ Այստեղ մասնակիցները ծանոթացել են ստարտափ բառապաշարին, պատկերացում կազմել ինկուբացիոն, աքսելերացիոն ծրագրերի մասին ու ինքնավստահություն ձեռք բերել դրանցում իրենց գաղափարներով ներկայանալու համար»,- ասել է դասընթացավար, STAN-ի հիմնադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը։

WIN-ի մասնակիցներից Երանուհի Արսենյանն էլ կարեւորել է այն ձեռքբերումները, որոնք ունեցել է ծրագրին մասնակցելով․

«Ծրագիրը թույլ տվեց բացահայտել իմ ներուժը ձեռնարկատիրության եւ առաջնորդության ոլորտում։ Հասկացա, որ շատերի համար ինքս կարող եմ առաջնորդ լինել։ WIN-ը օգնեց ինձ մտածել նոր նպատակների սահմանման մասին, համակարգել դրանց հասնելու գործընթացը եւ հասկանալ՝ ինչպես կառավարել ռեսուրսներս ու մնալ մոտիվացված»։

«Նորարար կանայք» ծրագիրն իրականացվել է FAST-ի նախաձեռնությամբ եւ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ։