ru24.pro
Все новости
Июль
2024

Թեհրանում սպանել են որդիների սպանությունները վերապրած ՀԱՄԱՍ-ականին

0

Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, որը Իրան էր ժամանել՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ 

Հանիեն սպանել են «բառացիորեն անկողնում», հրթիռի ուղիղ հարվածով, Թեհրանի ժամանակով գիշերը ժամը 2-ին՝ հաղորդել է «Ալ-Հադաս» հեռուստաալիքը։ Պաշտոնական Թեհրանը մանրամասներ չի հաղորդել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հետաքննում է հարձակումը: Պետական հեռուստաալիքները մեղադրում են Իսրայելին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կպահպանի իր տարածքային ամբողջականությունը, պատիվը և կստիպի ահաբեկիչներին զղջալ իրենց վախկոտ արարքների համար», – X-ի իր միկրոբլոգում գրել է նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ Թեհրանի պարտականությունն է վրեժ լուծել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության համար, որը տեղի է ունեցել հենց Իրանի մայրաքաղաքում։ Իսրայելն, ըստ նրա, «դաժան պատժի» հիմք է տվել։ Գնդակը Իրանի դաշտում է։ Նոր նախագահ Փեզեշքիանի առաջին տեղակալը հանրային հեռուստաընկերության եթերում վստահեցրել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը սրելու մտադրությունը Թեհրանն այնուամենայնիվ չունի։

Իսրայելը տեղի ունեցածն առհասարակ չի մեկնաբանել։ 

Հուլիսի 27-ին հրթիռակոծվել էր Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում գտնվող ֆուտբոլի դաշտը։ Իսրայելը հայտարարել էր 12 զոհերի մասին, ներառյալ երեխաներ։ Հարձակման մեջ Ցախալը մեղադրել էր «Հեզբոլլահին» և խոստացել պատասխանել։ Իրանի հովանավորությամբ գործող «Հեզբոլլահը», որը պաղեստինա-իսրայելական պատերազմում աջակցում է Պաղեստինին, հերքել էր, որ կապ ունի հրթիռակոծության հետ։

Ի պատասխան Գոլանի դեպքերի՝ իսրայելական ՑԱԽԱԼ-ը երեկ առավոտյան հարվածներ էր հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին։ Իսրայելը հայտարարել էր, որ թիրախում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարն է եղել: Բեյրութի հրթիռակոծմանը հաջորդել էր Իսմայիլ Հանիեի սպանությունը։

Ռուսաստանը սա «անընդունելի քաղաքական սպանություն» է համարել, Թուրքիան նախազգուշացրել է՝ այս ամենը երկարաձգելու է պատերազմը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Միացյալ Նահանգները խոստացել է, որ կփորձի թուլացնել լարվածությունը՝ պաշտպանելով Իսրայելին։

62-ամյա Հանիեն 2006 թվականից համակարգում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական գործունեությունը։ Վերջին տարիներին ապրում էր Քաթարում, կենտրոնական դերակատարում ուներ Իսրայելի հետ ժամանակավոր զինադադարի կնքման և պատանդների փոխանակման շուրջ ընթացիկ բանակցություններում։

Անցած տարվա հոկտեմբերի 7-ից հետո սկսված լայնածավալ պատերազմի ընթացքում իսրայելական բանակի հարվածներից զոհվել են Հանիեի երեք որդիները, եղբայրը, զարմիկը և թոռը։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ իր ընտանիքի անդամների սպանությունը չի փոխելու «Համասի» դիրքորոշումը զինադադարի շուրջ ընթացող բանակցություններում․ «Թշնամին սխալվում է, եթե մտածում է, որ բանակցությունների ամենաթեժ պահին, նախքան մեր պատասխանը ստանալը, թիրախավորելով իմ որդիներին, կդրդի մեզ մեր դիրքորոշման վերանայմանը»։

The post Թեհրանում սպանել են որդիների սպանությունները վերապրած ՀԱՄԱՍ-ականին first appeared on Epress.am.