Թալիշ պատմաբանին Ադրբեջանում մեղադրում են դավաճանության մեջ
«Իմ զարմիկին Ադրբեջանում ձերբակալել են, մեղադրում են պետական դավաճանության և ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ Նա գիտնական է, գրել է բացառապես գիտական հոդվածներ։ Օգնեք ուշադրություն հրավիրել խնդրի վրա։ Ամբողջ տեղեկատվությունը հասանելի է igbal.info կայքում», – տելեգրամի իր ալիքում այսօր գրել է սթենդափեր Իդրակ Միրզալիզադեն, կոչ անելով ստորագրել կայքում տեղադրված պետիցիան։
Հուլիսի 22-ին Ադրբեջանի Բալա Կոլատան գյուղում անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Միրզալիզադեի եղբայր Իգբալ Աբիլովը։ Հուլիսի 24-ին Բաքվի դատարանը վճռել է, որ գործի քննության ընթացքում Աբիլովը 4 ամիս կմնա կալանավայրում` առանց հարզատների հետ տեսակցության հնարավորության։
Բարեկամների խոսքով, Աբիլովը Ադրբեջան էր եկել հունիսի 14-ին` զարմիկի հարսանիքին մասնակցելու համար։ Հունիսի 22-ին Բալա Կոլատան ժամանած իրավապահները Աբիլովին տարել են Մասալի մարզի Անվտանգության ծառայության բաժանմունք։ Հարցաքննությունը տևել է 6 ժամ։ Հունիսի 27-ին Աբիլովին բերման են ենթարկել Բաքվի օդանավակայանում. նա պետք է Բուխարեստ թռներ` ավելի ուշ Բելառուս վերադառնալու համար։ Աբիլովին չեն թողել ինքնաթիռ մտնել, առգրավել են անձնագիրն ու երկու հեռախոսները։ Հուլիսի 22-ին Իգբալ Աբիլովին նորից խնդրել են մոտենալ Անվտանգության ծառայության բաժանմունք` հեռախոսներն ու փաստաթղթերը վերադարձնելու պատրվակով։ Առանց հարազատներին տեղեկացնելու՝ իրավապահները Աբիլովին Բաքու են տեղափոխել։
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ կապ հաստատելկուց հետո ծնողներն իմացել են, որ Աբիլովը մեղադրվում է քրեական օրենսգրքի 274 (պետական դավաճանություն), 281.3 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր, որոնք կատարվել են օտարերկրյա կազմակերպությունների կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ) և 283.1 (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում) հոդվածներով։
Հարազատների խոսքով, բոլոր այս մեղադրանքները հորինված են։ Հետապնդման իրական պատճառը Իգբալ Աբիլովի գիտական աշխատանքն է ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` Ադրբեջանի թալիշների մասին։
Աբիլովը գիտնական է, անդամակցում է Թալիշական ազգային ակադեմիային։ Ապրում է Բելառուսում։ Դասավանդում է Բելառուսի պետական համալսարանում, զբաղվում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Իրանի վերաբերյալ էթնոգրաֆիկ և պատմական հետազոտություններով։ «Թալիշական ազգային ակադեմիայի տեղեկագիր» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է։
2021 թվականի օգոստոսին Ռուսաստանում նմանատիպ քրեական հետապնդում էր սկսվել Իգբալ Աբիլովի եղբոր` ռուսաստանաբնակ ադրբեջանցի թալիշ սթենդափեր Իդրակ Միրզալիզադեի նկատմամբ։ Ռուսական դատարանը վճռել էր, որ Միրզալիզադեի իմպրովիզ-ելույթը, որում նա, անդրադառնալով «ոչ սլավոնական արտաքինով» մարդկանց խնդիրներին, կատակում էր ռուսների մասին՝ զգացմունքներ է վիրավորել և թշնամանք հարուցել։ Կոմիկը մեղքը չի ընդունել, փորձել է բացատրել, որ ծաղրել է ոչ թե ռուսներին, այլ քսենոֆոբիան։ Դատարանն, այնուամենայնիվ, վճռել է կալանավորել Միրզալիզադեին, իսկ ավելի ուշ զրկել կացության իրավունքից` ստիպելով ցմահ լքել երկիրը։
The post Թալիշ պատմաբանին Ադրբեջանում մեղադրում են դավաճանության մեջ first appeared on Epress.am.