Վրաստանում իրական համաներում են պահանջում նաեւ բանտերից դուրս
Այսօր` հուլիսի 19-ին, Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Համաներման մասին» օրենքը։ Օրինագծի երկրորդ և երրորդ ընթերցումները անց կկացվեն աշնանը։
Առավոտից կալանավորների հարազատները Թբիլիսիում բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով ընդլայնել քրեական հոդվածների ցանկը, որոնց վրա տարածվում է «Համաներման մասին» օրենքի նախագիծը։ Ցույցի մասնակիցները սկզբում հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց, հետո տեղափոխվել դեպի նախագահի նստավայր։
«Օրինագիծը նախաձեռնած իշխող [Վրացական երազանք] կուսակցությունը ձևացնում և համոզում է մեզ, որ սա մարդասիրական ակտ է։ Մենք` այստեղ հավաքվածներս, շատ լավ հասկանում են, որ սա հումանիտար գործողություն չէ, այլ իշխանությունների հերթական ծաղրը ոչ միայն մեր, այլև դատապարտյալների նկատմամբ։ Մարդասիրական կլիներ, եթե վերաբերեր բոլոր հոդվածներին` գոնե մասամբ», – Mtavari հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է բողոքի ակցիայի մասնակիցը։
«Մեր պահանջն է [կրճատել պատժի կրման ժամկետը] բոլոր կալանավորների համար ¼-ով։ Սա իսկապես հումանիտար արարք կլինի, և այդտեղ անհնար բան չկա։ Մենք չենք խնդրում ազատ արձակել բոլոր դատապարտյալներին ու բացել բանտերի դռները… Այս համաներմամբ և այս օրինագծով փաստացի ոչ մեկ էլ դուրս չի գալու [բանտից]», – ցուցարարների պահանջն ավելի հստակ ձևակերպել է հավաքի մեկ այլ մասնակից։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հուլիսի 12-ին հայտարարել էր, որ «Համաներման մասին» օրենքն ընդունվելու է առաջին ընթերցմամբ արտաթերթ նիստի ժամանակ։ Նրա խոսքով ամնիստիան կվերաբերի դատապարտյալների 10 տոկոսին և ինչ-որ ձևով կազդի մեկ երրորդի վրա (քրեակատարողական հիմնարկներում նրանց մնալու ժամկետները կկրճատվեն ½-ով, ¼-ով, ⅙-ով)։ Եվս 7 հազար մարդու պայմանական դատավճռի ժամկետ կկրճատվի մեկ տարով։
Վրացական մի քանի բանտերում տասնյակ դատապարտյալներ հացադուլ են իրականացնում ընդդեմ այս օրենքի։ Պահանջում են համաներման օրենքը տարածել ավելի մեծ թվով հոդվածների վրա։
Ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք այս նախաձեռնությունը գնահատում են որպես համաներվածների ու նրանց հարազատների հաշվին ավելի շատ ձայներ ստանալու փորձ։
The post Վրաստանում իրական համաներում են պահանջում նաեւ բանտերից դուրս first appeared on Epress.am.