ru24.pro
Все новости
Июль
2024

Հայաստանում կանցկացվի Հայագիտական միջազգային կոնգրեսը

0

Կազմակերպիչն է Մատենադարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի աջակցությամբ:

Կոնգրեսը կանցկացվի Մատենադարանում, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում, որին կմասնակցեն 16 երկրից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգեւոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ):

Կոնգրեսի անցկացման նպատակն է միջազգային մակարդակում հայագիտությանը համակարգված բնույթ հաղորդելը, որն էլ իր հերթին կնպաստի աշխարհում գործող հայագիտական կենտրոնների գործունեության զարգացմանն ու կենսունակությանը:

Հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է.

«Մենք կարիք ունենք լսելու այն մարդկանց, որոնք ներգրավված են տարբեր երկրներում իրականացվող աշխատանքներում: Մեզ համար առաջնային է լսել, հասկանալ բոլոր դիտարկումներն ու առաջարկները եւ հանդես գալ հայագիտության մի համապարփակ ռազմավարությամբ: Հայագիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է»:

Նախարարը խոսել է նաեւ հայագիտական ցանցային համալսարանի ստեղծման մասին, որի նպատակն է փոխկապակցել բոլոր կենտրոնների գործունեությունը եւ ձեւավորել համագործակցություն տարբեր օղակների միջեւ:

«Առանց հասարակագիտության եւ հումանիտար մտքի համարժեք զարգացման տեխնոլոգիական գիտությունների զարգացումը որեւէ առաջընթաց չի կարող գրանցել: Վերջին տարիների մարտահրավերները ցույց են տալիս, թե ինչ կարեւոր է ինքնաճանաչումը, եւ հայագիտությունը դրա լավագույն ձեւերից մեկն է: Հենց այդ գիտելիքի շերտով է, որ կարողանում ենք ինքներս մեզ նորովի բացահայտել, հասկանալ իրավիճակները, ճանաչել խնդիրները, տեսնել այն ճանապարհները, որոնցով կարող ենք գնալ խնդիրների լուծման նպատակով»,- ասել է նախարարը:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ասել է, որ Հայագիտական միջազգային կոնգրեսը միավորել է աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին:

«Այն մեծ հնարավորություն կստեղծի քննարկելու եւ ձեւավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, առաջընթացի,  հայագիտության միջազգային օրակարգին առնչվող հարցեր:  Ակնկալիքները մեծ են, քանի որ կոնգրեսին  մասնակցում են Օքսֆորդի, Հարվարդի, Ժնեւի, Վենետիկի, Բոլոնիայի, Սորբոնի, Հռոմի Լա Սապիենցա, Կահիրեի, Համբուրգի,  Մյունխենի, Զալցբուրգի, Վիեննայի եւ այլ հեղինակավոր համալսարանների օտարազգի անվանի հայագետները:

Քիչ առաջ ավարտվեց նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ հանդիպումն աշխարհի խոշոր ձեռագրական հոգեւոր կենտրոնների՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վենետիկում Մխիթարյան Միաբանության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, Վիեննայի Մխիթարյան Միաբանության, Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության, Պոլսի Հայոց  Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ: Սա պատմական հանդիպում էր, որը հնարավորություն տվեց լսելու բոլոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին եւ հարցերն ընդգրկել կոնգրեսի օրակարգ», - ասել է Արա Խզմալյանը:  

Կոնգրեսի շրջանակում հուլիսի 19-ին Մատենադարանի հարակից տարածքում կկազմակերպվի միջազգային հայագիտական գրատոն (էքսպո), հուլիսի 20-ին Մատենադարանի թանգարանում կբացվի «1 տարվա հավերժություն» խորագրով ցուցադրություն, այնուհետեւ տեղի կունենա բացօթյա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի։

Հայագիտական միջազգային առաջին կոնգրեսի շրջանակում Տաթեւում կազմակերպվելու են նաեւ Մատենադարանի հեղինակած «Սյունյաց հոգեւոր միջնաբերդը. Տաթեւ» խորագրով պատկերագրքի եւ MEMAS (Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսի շնորհանդեսները։