ru24.pro
Все новости
Июль
2024

Մի ժամվա մեջ անճանաչելի մարմինները նույնականացրեցին․ 15 զինվորների մահվան գործը

0

Վարդենիսի զինվորական կացարանում հրդեհի գործով հուլիսի 2-ի նիստին հանրային մեղադրողը առարկեց, երբ մեղադրյալներից մեկի փաստաբանը հարցրեց զոհված զինվորի հորը՝ արդյո՞ք անմխիթար կացարանը, որում պահում էին զինվորներին, հնարավոր է զորանոց համարել, ինչպե՞ս և որտե՞ղ է հին գյուղական տունը հաշվառվել որպես զինվորական կացարան։ Դատավորը չընդունեց առարկությունը։ Զոհվածների հարազատները հերթով ցուցմունք էին տալիս, մի քանի անգամ շեշտվեց, որ հենց հիմա էլ բազմաթիվ զինծառայողներ բաշխված են նմանատիպ վտանգավոր կացարաններով, սեփական ուժերով և միջոցներով վերանորոգում են տարածքները, ջուր քաշում, փորձում գոնե տարրական կենցաղային պայմաններ ապահովել՝ մի բան, որ պարտավոր է անել պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ի ուղիղ պատասխանատվությունը ամեն անգամ փակգծերից դուրս է մնացել։ Հատկանշական էր, որ դատախազության ներկայացուցիչները առարկում էին, երբ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառները և հակահրդեհային միջոցների բացակայությունը դիտարկվում էր որպես համակարգային խնդիր, որի համար պատասխանատու են բանակի ղեկավարները։

Մեջբերումներ հուլիսի 2-ի նիստի ցուցմունքներից․

— 21-րդ դարում հայ զինվորը կիպիտիլնիկով ջուր է տաքացնում, որ կռուժկով ու մի ձեռքով տաշտում լողանա։
— Դեպքից մի օր առաջ ուժեղ կռիվ է եղել սպայի ու զինվորի միջև։
— Ասում են՝ տղուս ձեռքը ջարդած է եղել։
— Դեպքից մի քանի օր հետո զանգել են փակ համարից, ծիծաղացել, հազացել տղամարդու ձայնով, ուրախ երաժշտություն միացրել։
— Մի ժամվա մեջ դիակներով պարկերի վրա գրեցին զոհվածների անուններն ու հասցեները, նույնիսկ այն պարկերի վրա որոնցում մարմիններն անճանաչելի էին։
— Իմ մեղավորությունը մեծ էր իմ թոռան նկատմամբ։ Տեսնելով այդ՝ զորանո՞ց է, թե՞ կացարան, հանդուրժում էի, որ թոռս ապրեր ու ծառայեր այնտեղ։ Փոշմանել եմ, որ հանդուրժել եմ այդ պայմանները։
— Բենզինի վարկածը չեղարկեք՝ դիվերսիա է եղել, կրակել են, սպանել են

Մյուս նիստը նշանակված է հուլիսի 10-ին, ժամը 15։00-ին Սևան քաղաքի դատարանում։

Նախորդ նիստերի մասին՝

Վարչապետը ուղղորդել է հրդեհի քննությունը․ ծնողների ցուցմունքները դատարանում

Զինվորական կացարանի հրդեհում ողջ մնացած զինվորը նոր ցուցմունք է տվել

«Անընդունելի ա իմ վրա ամեն ինչ բարդելը»․ 15 զինվորների մահվան գործը

Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը

The post Մի ժամվա մեջ անճանաչելի մարմինները նույնականացրեցին․ 15 զինվորների մահվան գործը first appeared on Epress.am.