Լոռվա ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան․ մանրամասներ
Պետությունը կփոխհատուցի Լոռվա և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածների գույքային կորուստները, վնասված տների վերանորոգման և առաջնային կենցաղային իրերի գնման ծախսերը, անհատական սոցիալական աջակցություն կտրամադրի աղետից տուժածներին և զոհվածների ընտանիքներին։
Ըստ նախագծի՝ շահառու կարող են լինել ոչ միայն այն անձինք, ովքեր ունեն գույքի հանդեպ սեփականության իրավունք, այլ նաև նրանք, ովքեր գույքը ձեռք են բերել օրենքով, դատարանի վճռով, գործարքով, որպես ժառանգություն կամ ցանկացած այլ օրինական եղանակով։
Այս պահին կան 263 վնասված, հեղեղված կամ փլուզված առանձնատներ, որոնցից 33-ի սեփականատերերը դեռ անհայտ են։
«Կառավարությունը կփոխհատուցի բազմաբնակարան շենքերի բնակարաններին կամ անհատական բնակելի տներին պատճառված վնասները, կենցաղային առաջնային գույքին՝ սառնարան, գազօջախ, հեռուստացույց և այլ իրերին պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ կկատարվի առանձին», – կառավարության այսօրվա նիստին ասել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան կորստի դեպքում տուժողը կստանա բնակարանի գնման վկայագիր։
Ըստ նախագծի՝ սա վերաբերում է փլուզված, վթարային կամ 4-5-րդ աստիճանի վնասվածության և քանդման ենթակա բնակարաններին կամ առանձնատներին։
Ղազարյանը նշել է, որ բնակարանի գնման վկայականի արժեքը պետք է որոշի Կադաստրի կոմիտեն, ինչից կարելի է ենթադրել, որ սերտիֆիկատի չափը սահմանվելու է ոչ թե միջին շուկայական, այլ կադաստրային արժեքով։
Մյուս դեպքերում կփոխհատուցվեն վերանորոգման ծախսերը, չափը կախված կլինի գույքի մակերեսից։
Ըստ ՆԳ նախարարի՝ առավել տուժած բնակավայրերում 1 ք/մ համար կտրվի 60 հազար դրամ, մյուս բնակավայրերում 40՝ հազար։ Փոխհատուցում կտրվի առավելագույնը 80 ք/մ մակերեսի համար։
«Առանձնատների դեպքում առաջին հարկում կարող են լինել օժանդակ մեծ մակերեսներ, որոնք գրանցված են որպես բնակելի։ Ավելի բարդ մեխանիզմներ չդնելու համար որոշվել է սահմանափակել փոխհատուցման ենթակա մակերեսների չափը», – ասել է Ղազարյանը։
Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ միայն Ալավերդի համայնքը և Նոյեմբերյանի Այրում բնակավայրն են գտնվում 60 հազարի փոխհատուցման գոտում, մնացած բոլոր բնակավայրերի պարագայում կկիրառվի 40 հազարը:
Տան գնման վկայականներ կտրվեն 16 բնակարանների և 2 առանձնատների սեփականատերերին։
«16 բնակարաններից միայն վեցն են գտնվել առաջին հարկում և ջրհեղեղից տուժել են, բայց քանի որ շենքը հասել է վնասվածության այն աստիճանին, որ պետք է քանդվի, բնակարանի գնման վկայականներ կստանան նաև երկրորդ և երրորդ հարկում բնակվողները։ Երկու առանձնատներ կան, մեկը Հաղարծնում, մեկը Ձորագետում», – ասել է նա։
Առաջնային կենցաղային գույքի գնման համար ևս օգնությունը կտրամադրվի ըստ բնակավայրերի։ Առավել տուժածներին՝ յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրվի 1 մլն․ 200 հազար դրամ, մյուս բնակավայրերում՝ 800 հազար դրամ։
Աջակցությունը կփոխանցվի տուժածների բանկային հաշիվներին։ Կառավարությունը, սակայն, պահանջում է, որ աջակցության առնվազն 60 տոկոսն օգտագործվի անկանխիկ եղանակով։ Այդ իսկ պատճառով նորոգման գումարը կտրվի չորս հավասար մասերով։ Օրինակ, եթե մարդը պետք է ստանա 4 մլն․ դրամ աջակցություն, ապա նախ կստանա 1 մլն․ դրամ։ Հաջորդ հատկացումից առաջ կստուգվի նախորդի անկանխիկ օգտագործման պահանջը։ Նույն կերպ կտրվի նաև առաջնային գույքի ձեռքբերման աջակցությունը, սակայն երկու մասով։
«Մարզպետարանները, համայնքները կհսկեն նորոգման աշխատանքների առաջընթացը։ Բանկի կողմից յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կպահանջվի նրանց դրական եզրակացությունը», – ասել է Վահե Ղազարյանը։
Աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Աննա Ժամակոչյանը նշեց, որ որոշում է կայացվել 1 մլն․ դրամ օգնություն տրամադրել աղետի գոտում զոհված չորս անձանց ընտանիքի անդամներին։ Բացի այդ, անհատական սոցիալական աջակցություն կստանան աղետի գոտում տուժած շուրջ 854 անձ։
«Վնասի փոխհատուցում ենք անում տարբերակված՝ ըստ աղետի վնասի չափի։ 854-ից 490-ը կստանա 60 հազարական դրամ, մնացածը՝ 40։ Սրա նպատակն այն է, որ մարդիկ կարողանան գնել մանր կենցաղային իրեր, մանր տեխնիկա, երեխաների խաղալիքներ և այլն», – ասել է Ժամակոչյանը։
Փոխհատուցումները ստանալու համար դիմումները կընդունվեն հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը։
«Շղթան կլինի այսպես․ մարզպետարանն ու համայնքը կկազմակերպեն, ամբողջ փաստաթղթերը կունենան, կդիմեն բանկին, գումարը կփոխանցվի», – նշել է ՆԳ նախարարը։
Աջակցության դիմումների ընթացակարգը մի փոքր այլ է․ անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության կենտրոններ։ Ըստ Սոցապ փոխնախարարի՝ դիմելու ձևաչափը հեշտացված է, անհրաժեշտ է լրացնել և փոխանցել գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով։
«Զոհերի դեպքում հարկ կլինի, որ ներկայացվեն մահվան վկայականներ և փաստաթղթեր՝ ընտանիքի անդամի հետ կապը հաստատելու համար», – նշել է Ժամակոչյանը։
ռեպորտաժը հրապարակվել է մայիսի 29-ին
The post Լոռվա ջրհեղեղից տուժածները փոխհատուցում կստանան․ մանրամասներ first appeared on Epress.am.