Նույնիսկ ոստիկանները չեն հարգում բանտի պետերին
Հարցազրույց նախկին բանտարկյալ Ա.Ս.Օ.-ի հետ
Մաս երրորդ․ բանտապետեր
Քրեակատարողական հիմնարկի պետը պետք է լինի ոչ թե ոստիկան, ինչպես ընդունված է այս համակարգում, այլ արդարադատություն իրականացնող։
Եթե բանտի պետը ժամանակին պատժող մարմին է ներկայացրել, ինքը միշտ էյֆորիայի կամ էմոցիայի տակ գնալու է պատժողականության։ Դատապարտյալի համար ինչքան վատ, այնքան իրա սրտին հովանք։
Բայց եթե դատապարտյալին վատ է, ուրեմն վատ է պետությանը։ 90 տոկոս հիմնարկներում այս վիճակն է։ Արմավիրում, օրինակ, ունեցել ենք պետ, որը դատապարտյալներին մարդկային էր վերաբերվում։ Երբ տեսնում էր, որ պետությունը չի կարող օգնել, փորձում էր խնդիրներն ինքնուրույն լուծել։ Իմ կարծիքով, սա կարևոր բան է։ Դատապարտյալների, կալանավորների հետ աշխատող մարդիկ՝ սկսած սանիտարից և բուժաշխատողից, վերջացրած պահակային կետերում կանգնած հսկիչներով, պետք է արդարադատության մասին պատկերացում և կրթություն ունենան, ոչ թե գործեն ոստիկանի պես, որպես պատժողական համակարգի մաս։
Պարոն [Արսեն] Արզումանյանը եղել է Երևանի սպանության [բաժնի] պետը, Աբովյանի միլպետը։ Հետո երբ դարձավ «Սևան» քրեակատարողականի պետ, այնտեղ մարդ կար, որին ինքը հանդիպել էր օպեր եղած ժամանակներում։ Շաքարային դիաբետով, սրտի հիվանդություն ունեցող դատապարտյալ էր։ Արզումանյանն ամեն ինչ արեց, որպեսզի նրա ռեժիմը փակեն և տեղափոխեն Արմավիր՝ ավելի նեղ պայմաններում պահելու։ Հասցրեց նրան, որ շաքարային դիաբետ ունեցող մարդը հացադուլ հայտարարեց, ձեռքը մեխեց անկողնու կողքի պահարանին։
Երբ [Սերգեյ] Ատոմյանը եկավ «Սևան» քրեակատարողական հիմնարկ, որպես գեներալ ինձ խոստում տվեց, որ որոշակի հարցեր կկարգավորի։ Իսկ Արզումանյանը ամեն ինչ արեց, որպեսզի այդ հարցերը չլուծվեն։ Որովհետև նրա համար դա դատապարտյալներին բարոյապես ճնշելու միջոց էր։ Ինքն իրեն լավ էր զգում դրանից։ Դատապարտյալի համար ինչքան վատ, այնքան իրեն լավ։ Հիմա նա նույնը անում է նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Այդ մարդը 30 տարի աշխատել է ոստիկանական համակարգում, նա բնույթով ոստիկան է։ Հիմա գնացել է վերահսկելու այն դատապարտյալներին, որոնց բռնողը հենց ինքն է եղել։ Այդ մարդը չի կարող արդարադատություն իրականացնել, ինքը արդարադատություն հասկացողությունից հեռու է։
Քրեակատարողականի պետ աշխատելը, ընդհանուր առմամբ, ամենասև գործն է, որը նույնիսկ ոստիկանների համակարգում չի հարգվում։ Սա սովետական ժամանակներից եկած տրադիցիա է։ Ի դեպ, բանտի պետերից մի քանիսը, որ ժամանակին մեզ էին ճնշում, հիմա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նստած են։ Ժամանակին դատախազին ասում էինք՝ լսի, դատարանի դահլիճում սենց բաներ անելը բարոյական չի, արի հոդվածը փոխի։ Հիմա այդ նույն մարդը՝ Շենգավիթի նախկին դատախազի տեղակալը, որը կաշառքի համար է մարդ կալանավորվել, դատարանում նույն բանն է ասում՝ իմ մեղադրանքը սխալ է, ես տենց բան չեմ արել և այլն։ Ես նրան հակակոռուպցիոնի խցում հանդիպելով հարց տվեցի՝ հիմա ի՞նչ, արդա՞ր է։
Իրավիճակ նկարագրեմ՝ մի խցում ես եմ նստած, պետությանն եմ պարտք, գույքի բռնագրավման հարց է քննարկվում։ Կողքի խցում դատավոր է նստած, մյուս խցում՝ երկու դատախազ։ Հարևան երկու խցերում էլ հակակոռուպցիոնի քննիչներ են նստած։ Մյուս խցում էլ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն է։ Զուգահեռ էլ դատ է գնում, դատում են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Պատկերացրեցի՞ք։ Ժարգոնով ասեմ՝ սև զոնից ես ընկել եմ կռասնի զոնից եկածների մեջ։ Ասում եմ՝ հը, լավն է, չէ՞, տեղներդ, բա խի՞ եք բողոքում արդարադատությունից։
Իմ վեջին չի, ես արդեն դատված եմ եկել, հիմա ուզում եմ ձեզ տեսնել։ Կարապետյանն ինձ ասում է՝ սուս մնա։ Ասում եմ՝ չէ, ինձ հատուկ են ստեղ բերել, որ ես ձեզ հատ-հատ հիշեցնեմ ձեր անցյալը։
Այն ժամանակ լիքը դատապարտյալներ չէին բողոքում, որ դատապարտվել են, այլ բողոքում էին, որ արարքին համապատասխան չեն պատժվում։ Հիմա էլ շատ մարդիկ կան, որոնց գործերը կարդում ես ու հասկանում՝ սիրուն կարել են, ուպակովկա են արել ու բերել։ Այդ նույն դատավորները հիմա էլ են աշխատում։ Հենց դա է դժգոհություն բերում։
Այսօր Ազգային անվտանգության քննիչը՝ Ամբակում Գրիգորյանը, քրեակատարողական ծառայության պետ ա։ Ես սրա մասին եմ խոսում։ Այսպես չպետք է լինի։
***
2008-ից իրավաբան եմ աշխատել։ Բանտում ես լիքը բան եմ արել, չեմ դժգոհում։ Եթե հայագիտություն չէի ուսումնասիրել, այնտեղ ուսումնասիրեցի։ Հա, նեղություն եմ տվել իմ շրջապատին ու ընտանիքին, բայց հասկանում եմ, որ հիմա պետք չի ճակատագիրը փոխելու հետևից գնալ։ Ազատվելուց հետո ես հացադուլ եմ արել դատախազության դիմաց՝ պայմանական վաղաժամկետի հետ կապված, ցմահ դատապարտյալների ընտանիքների հետ երեք օր ցույց եմ կազմակերպել կառավարության շենքի մոտ։ Որպես նախկին դատապարտյալ ես փորձում եմ ամեն ինչ անել, որ այնտեղի վիճակը բարելավի։ Շատ քիչ դատապարտյալներ կան, որ կհամարձակվեն կամ կուզենան նման ֆորմատով հարցազրույցներ տալ։
Ես դիմում եմ գրել վարչապետին, ասել եմ՝ դուք հացադուլի միջոցով հասաք նրան, որ յուրաքանչյուր դատապարտյալ ունենա սառնարան։ Այսօր ձեր ՔԿՀ պետն արգելում է, որ դատապարտյալները սառնարան ունենան։ Ասել եմ՝ խնդրում եմ, պարզաբանեք սա։ Նամակը գրել եմ 2023-ի մարտին։ Մինչև այսօր պատասխան չկա։
Հիմա ի՞նչ են անում։ Առաջին փուլում ղեկավարին զրկում են ինֆորմացիայից։ Ստորին հատվածի չինովնիկները աստիճանաբար սկսում են մատուցել իրենց պետքական ինֆորմացիան, իբր համակարգը բարեփոխվել է։ Ես հասա նրան, որ արդարադատության նախարարը վերջերս գնաց «Սևան» ՔԿՀ և իր աչքերով տեսավ, թե ինչ է այնտեղ կատարվում։ Բայց այնքան ազնիվ չեղավ, որ գա դա բարձրաձայնի։ Բոլոր ոլորտներում այդպես է։ Տակը պահում են ճահճացած վիճակում՝ ինչ ուզում անում են, բայց ստեղծում են այնպիսի պատկեր, որ ամբողջ հանրությունը բողոքի մեկ անձից, այլ ոչ թե ողջ համակարգից։
տե՛ս Մաս առաջին․ կենցաղ
The post Նույնիսկ ոստիկանները չեն հարգում բանտի պետերին first appeared on Epress.am.