ru24.pro
Все новости
Июнь
2024

Շուշանիկ Կուրղինյանի որմնանկարը եւ Մոլլի Քրեբափլի հեղափոխական արվեստը

0

Մի քանի շաբաթ է, ինչ Աբովյան 21 հասցեով անցնողներին անտարբեր չի թողնում դալանի յուրատեսակ որմնանկարը: Խիստ ու վսեմ հայացքով հետիոտններին է նայում բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը՝ հայ պրոլետարական պոեզիայի լուսավոր ներկայացուցիչն ու առաջին հեղափոխական բանաստեղծներից մեկը:

«Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած -

Կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ -

Ձեզ պես համարձակ, ձեր ձեռքը բռնած

Լինել-չլինելուն կանգնած դեմ առ դեմ․․․»

Շուշանիկ Կուրղինյանի «Ապրել եմ ուզում» բանաստեղծության հենց այս հատվածն էլ լրացնում է որմնանկարը, որի հեղինակն ամերիկացի մրցանակակիր արվեստագետ, գրող եւ ակտիվիստ Մոլլի Քրեբափլն է: Նա Հայաստան էր ժամանել մայիսի վերջին՝ մասնակցելու EVN երրորդ մեդիա փառատոնին, որի շրջանակում էլ ստեղծվել էր նշյալ որմնանկարը:

Շուշանիկ Կուրղինյանի որմնանկարի պատմությանը ծանոթանալուց հետո, Մեդիամաքսը զրուցել է Մոլլի Քրեբափլի հետ աշխարհի հեղափոխությունների, դրանց հաջողությունների ու ձախողումների, դրանցում արվեստի դերի ու բողոքի ակցիաների հանդեպ ռոմանտիկ սիրո մասին:

- Մոլլի, ինչպե՞ս ես քեզ զգում Հայաստանում: Ինչպե՞ս անցավ մեդիա փառատոնը:

- Առաջին անգամ եմ Երեւանում եւ այն շատ սիրեցի, Երեւանը հրաշալի քաղաք է: Ցավոք, այլ քաղաքներ այցելելու ժամանակ չունեցա:

Փառատոնը հիանալի անցավ: Ինձ համար մեծ պատիվ էր, որ Ջոն Լի Անդերսոնը՝ մեր ժամանակների լավագույն պատերազմական լրագրողներից մեկը, ինձ հետ հարցազրույց վարեց իմ աշխատանքի մասին: Դա խելահեղ էր. այդ ես պետք է հարցազրույց վերցնեի նրանից իր աշխատանքի մասին:

- Ինչպե՞ս ծնվեց Շուշանիկ Կուրղինյանին նկարելու գաղափարը, դա քո՞ ընտրությունն էր:

- Ես ցանկանում էի ֆեմինիստական հայացքներով կին գրողի նկարել: Փառատոնի կազմակերպչական թիմից մեկն ինձ ուղարկեց Շուշանիկ Կուրղինյանի «Ապրել եմ ուզում» բանաստեղծությունը: Այն հրաշալի էր, ուստի որոշեցինք որ հենց նրան պիտի նկարեմ:

Քանի որ Շուշանիկը ծնունդով Գյումրիից է, որն ավելի պահպանողական քաղաք է, քան Երեւանը, իսկ նա էլ շատ առումներով սոցիալիստ էր ու ֆեմինիստ, նրա ձեռքում գրիչ պատկերեցի, որի թանաքը միախառնվում է Գյումրիի պատկերին: Գաղափարն այն է, որ մի կողմից նրա գրչին պատկանող խոսքերն այդ ամբողջ համատեքստի մաս են, բայց մյուս կողմից որոշակի հակասության մեջ են դրա հետ:

- Document Journal-ում քո մասին ակնարկը կարդալիս ինձ շատ հետաքրքրեց այն, որ 2011 թվականին Նյու Յորքում մեկնարկած «Գրավիր Ուոլ սթրիթը» տնտեսական անհավասարության դեմ պայքարող շարժմանն ակտիվ մասնակցություն ես ունեցել՝ ներգրավվելով թե´ որպես ակտիվիստ, թե´ որպես արվեստագետ: Ինչպե՞ս տրվեց այդ որոշումը:

- Ես սերում եմ քաղաքական ընտանիքից, հայրս սոցիալիստ է Պուերտո Ռիկոյից, որն ամերիկյան գաղութ է: Այսուհանդերձ, երիտասարդ տարիքում իմ արվեստն ուղղված էր ավելի շատ գիշերային ակումբների եւ գեղեցիկ աղջիկների թեմատիկային: Երբ սկսվեց «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժումը, տպավորություն էր, թե պատմությունը տեղի է ունենում իմ պատուհանից դուրս, ու ես թե´ պարտավորված զգացի, եւ´ թե պատիվ համարեցի դրա մի մասը դառնալը:

Եթե ատաղձագործ լինեի, տարբեր իրեր պատրաստելով կմասնակցեի շարժմանը, եթե խոհարար լինեի՝ խոհանոցում աշխատելով, բայց քանի որ նկարիչ եմ, սկսեցի նկարել:

- Քո «Drawing blood» հուշագրությունից հետեւյալ միտքն առանձնացրի. «Ես հասկացա, որ արվեստն ու գործողությունը կարող են փոխներարկել միմյանց: Գեղանկարը պարտադիր չէ, որ կախված լինի պատկերասրահում ինչպես պատին ամրացված մեռած թիթեռնիկ: Այն կարող է գոյություն ունենալ մարդամոտ վայրերում, ինչպես որմնանկարը, բեմի դեկորացիան, ցույցի պաստառը: Արվեստը կարող է լինել շշմեցնող, ներգրավող եւ քաղաքական՝ հանդուգն կախարդանքով ներգործելով աշխարհի վրա»: Հիմնվելով քո սեփական փորձի վրա, ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կարող է արվեստը ազդել օբյեկտիվ իրականության վրա:

- Այլ երկրներում չգիտեմ, բայց ԱՄՆ-ում արվեստի աշխարհի խնդիրներից մեկն այն է, որ այն շատ մեկուսացած է: Արվեստը մեկուսանում է մարդկանցից հարուստների համար նախատեսված պատկերասրահներում՝ փոքրիկ սպիտակ կաղապարների մեջ: Ինձ համար դա մերժելի է, քանի որ կարծում եմ՝ արվեստը բոլորի համար է:

Արվեստը կարող է լինել բողոքի ակցիաների պաստառների վրա, որմնանկարներում, փողոցներում, պատերի վրա, սիրային նամակագրություններում, այն կարող է լինել ամենուր եւ դա այն էր, ինչ ես ցանկանում էի իմ արվետսի համար: Չէի ուզում, որ իմ աշխատանքները պարզապես ինչ-որ ցուցասրահի պատին ամրացված լինեին՝ ինչպես մեռած թիթեռնիկներ, ուստի սկսեցի օգտագործել ճեպանկարների տետրը սկզբում «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժումը վավերագրելու համար, իսկ հետո, երբ ծանոթացա կազմակերպիչների հետ, սկսեցի նաեւ պաստառներ նկարել շարժման համար ու կերպարվեստի գործեր ստեղծել կազմակերպիչների մասին:

Արվեստը շարժման միայն մի մասն է, այն ամբողջ շարժումը չէ, սակայն կարող է ոգեշնչել, հիացնել, համոզել եւ դառնալ այն, ինչը կբերի մարդկանց դեպի բողոքի ակցիաներ ու կմղի այնպիսի գործողությունների, որոնք էլ, ի վերջո, կպարտադրեն փոփոխությունը:

- 2011 թվականի ընթացքում, բացի Նյու Յորքի բողոքի ակցիաներին մասնակցելուց, նաեւ մի շարք տարբեր երկրներում եղար ու այլ անհնազանդությունների ականատեսը դարձար: 2012 թվականին տեղի ունեցավ քո «Shell Game» ցուցադրությունը, որը 2011 թվականի ընթացքում իրականացված անհնազանդության ակցիաների մասին իլուստրացիաների շարք էր: Ցուցադրության բացման առիթով ասել էիր, որ թվում է, թե ամեն ինչ կարող է վերջապես փոխվել, եւ «նոր աշխարհն ինքնին կարող է լինել անհնազանդության ակցիաների ծայրին»: Այդ ժամանակներից ավելի քան 10 տարի է անցել, բայց երբ հիմա նայում ենք՝ ինչ է կատարվում աշխարհում, ամեն ինչ ավելի սարսափելի է:

- Այո, այո ... հիմարություն էր իմ կողմից այդպես մտածելը: Ամեն ոք էլ, որ նայում է աշխարհի ներկայիս վիճակին, ակնհայտորեն տեսնում է, որ մենք տապալվել ենք:  

«Արաբական գարնան» բողոքի ակցիաները տարրալուծվեցին արյունալի քաղաքացիական պատերազմների ու նողկալի բռնապետությունների, ֆինանսական անհավասարությունը Միացյալ Նահանգներում էլ ավելի արմատացավ, եւ մենք հիմա աջակցում ենք Գազայում իրականացվող ցեղասպանությանը: Հունաստանում 2011 թվականի զանգվածային ակցիաները հանգեցրին այնպիսի կառավարության, որը սովորական հույների համար անհասանելի է դարձնում քաղաքներում ապրելը, եւ շատ այլ օրինակներ կան: Այո, մենք միանգամայն ձախողվել ենք ու մենք ջախջախված ենք:

Մի գիրք կա հրաշալի Վինսենտ Բեվինս հեղինակությամբ՝ «Եթե մենք այրվենք. բողոքի զանգվածային ակցիաների տասնամյակն ու բացակայող հեղափոխությունը» (անգլ.՝«If We Burn: The Mass Protest Decade and the Missing Revolution», by Vincent Bevins): Գիրքը ներկայացնում է, թե ինչու առանց առաջնորդի բողոքի ակցիաները, հաճախ, ավարտվում են մարդկանց ուզածի ճիշտ հակապատկերով:

Հեղինակն ընդգծում է նպատակները սահմանելու ու խոսնակներին մատնանշելու անհրաժեշտությունը: Չնայած որ ամբողջ սրտով սիրում եմ բողոքի ակցիաները, ինձ համար Վինսենտի քննադատությունը շատ տեղին է:

- Դա մեզ էլ է վերաբերում: 2018 թվականի Հայաստանում մարդիկ դուրս եկան փողոց՝ մերժելու կոռումպացված իշխանություններին: Նրանք ցանկանում էինք ունենալ նոր ու ավելի լավ Հայաստան, սակայն հեղափոխությանը հաջորդեց պատերազմում պարտությունը, մենք կորցրինք Արցախը եւ հիմա էլ այդ հեղափոխությամբ եկած իշխանությունները շարունակում են նոր տարածքներ զիջել: Եվ եթե նախկինում մենք պայքարում էինք զուտ սոցիալական անարդարության դեմ, այժմ պայքարում ենք էքզիստենցիալ խնդիրների համար: Քանի որ եղել ես աշխարհի տարբեր թեժ կետերում, ականատես դարձել ու մասնակցել բազմաթիվ բողոքի ակցիաների, ի՞նչ ես կարծում, ի՞նչն է պակասում անարդարության դեմ դուրս եկող մարդկանց, որ նման շարժումներն, ի վերջո, շատ ավելի վատ իրավիճակի են հանգում:

- Ես կարող եմ միայն ԱՄՆ-ի օրինակով խոսել: Հիսուն տարի առաջ ԱՄՆ-ն մի երկիր էր, որն ուներ հզոր աշխատավորական միություններ, ամուր սոցիալական կազմակերպություններ: Կապ չունի, թե դրանք ինչ ձեւաչափով էին, կարեւորն այն է, որ մարդիկ ամուր կապեր ունեին միմյանց հետ: Վերջին հիսուն տարիների ընթացքում այդ կապերը քայքայվել են, հատկապես աշխատավորական միություններինը: Վերջիններս միտումնավոր ջախջախվել են շատ հարուստ մարդկանց կողմից, որոնք էլ փոխկապակցված են քաղաքական գործիչների հետ: Կարծում եմ, որ հենց աշխատավոր խավն է, որ կարող է փոխել աշխարհը:

Մյուս կողմն էլ այն է, որ Ամերիկայում մարդիկ չէին ուզում պահանջներ դնել: Նրանք կարծում էին, որ թեկուզ ամեն ինչ շատ վատ է, բայց եթե մենք պարզապես միավորվենք, կկարողանանք միասին մի նոր աշխարհ կստեղծել: Բայց եթե դու չես սահմանում պահանջներ, կգտնվեն կազմակերպված տականքներ, որոնք քո փոխարեն կդնեն պահանջներն ու կգողանան քո շարժումը: Որքան մարդիկ ավելի կազմակերպված լինեն, հստակ սահմանված նպատակներ ունենան, այդքան այդ ռիսկը կնվազի:

- Միանգամայն համամիտ եմ, հստակ պատկերացումներ ոչ միայ այսրոպեական պահանջների, այլեւ գալիքի մասին: 2018-ին Հայաստանում դա չկար, պահանջը միայն իշխանությունների հեռացումն էր, եւ մարդիկ չէին պատկերացնում, որ կգա ավելի վատ իշխանություն:

- Նույնը Պուերտո Ռիկոյում եղավ: Այնտեղ մի կողմից ամերիկյան կառավարությունն է ճնշումներ գործադրում, մյուս կողմից՝ տեղական իշխանությունները, որոնք խիստ կոռումպացված են: Նրանք պարզապես գողանում են, գողանում ու գողանում, եւ դեռ ավելին, ծայրաստիճան տգետ են եւ ատում են Պուերտո Ռիկոն:

2017 թվականին Պուերտո Ռիկոյում ավերիչ «Մարիա» փոթորիկի հետեւանքով ամբողջապես խափանվել էին նաեւ էլեկտրաէներգիայի եւ ջրի մատակարարման ենթակառուցվածքները, սարսափելի իրավիճակ էր ստեղծվել, սակայն ո´չ տեղի իշխանությունները, ո´չ դաշնային իշխանությունները ոչինչ չէին անում:

Ընկերներիցս մեկի թաղամասում 8 ամիս շարունակ էլեկտրականություն չկար, տարեց ու հիվանդ մարդիկ ստիպված էին լեռներ գնալ՝ ջուր բերելու համար, բազում մարդիկ մահացան: Տարիներ անց բացահայտվեց մի նամակագրություն, որտեղ այդ ժամանակվա կոռումպացված կառավարիչը ծաղրի էր ենթարկել աղետից մահացած մարդկանց: Դա պարզապես զզվելի էր, եւ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելու նրա հրաժարականը: Նա հեռացավ, քանի որ կղզու վրա ամեն երրորդ մարդը դա էր պահանջում, սակայն չկային որեւէ այլ պահանջներ, եւ այդ իրադարձություններից հետո նրան փոխարինելու եկավ էլ ավելի կոռումպացված ղեկավար, որը սկսեց վաճառքի հանել կղզիները: Օրինակ՝ ընդունեց օրենք, որով Պուերտո Ռիկոյում ծնված մարդիկ ավելի շատ հարկեր պետք է վճարեն, քան օտարները: Այդ կերպ նրանք ցանկանում են տեղի բնակչությանը վտարել ու երկիրը դարձնել պարզապես հանգստյան գոտի, որտեղ տեղացիները լավագույն դեպքում կլինեն սպասարկողներ՝ Պինա Կոլադա մատուցող:

Սա պարզապես եւս մի օրինակ է, որ չի կարելի անտեսել իրական քաղաքականությունը: Ես, կարծես, ռոմանտիկ սեր էի տածում անհնազանդության ակցիաների հանդեպ: Բայց ի վերջո, ինչպես բոլորս գիտենք, ռոմանտիկ սերն ինքն իրենով չի կարող երկար սնուցվել:

- Ուզում եմ մի փոքր խոսենք նաեւ քո լրագրողական գործունեությունից: Դու կարծես վավերագրական մի նոր ժանր ես ստեղծել՝ իրականության ներկայացումը ճեպանկարների միջոցով: Լրագրողները հաճախ են բախվում նկարահանման արգելքների, սակայն դու կարողանում ես ճեղքել դրանք՝ նկարելու քո տաղանդի շնորհիվ: Ինձ հատկապես տպավորեցին 2018 թվականին քո կողմից արված ճեպանկարները, որոնցով վավերագրում էիր Մեքսիկայի սահմանից ԱՄՆ ներթափանցած միգրանտների նկատմամբ անընդունելի վերաբերմունքը: Որքան գիտեմ, քո առաջին նկարներից հետո դատարանի դահլիճում տեսանկարահանման արգելքի կողքին նորն ավելացավ՝ «No sketching»:

- Այո, եւ դա ծիծաղելի է. ո՞վ կարող էր ճեպանկարի արգելք մտածել:

Այդ դատավարությունները նողկալի էին: Պատկերացրեք 12 տարեկան երեխաների, որոնց դժոխային ճանապարհով սահմանը հատելուց հետո բաժանում են մայրերից ու կանգնեցնում դատարանի առաջ: Նրանք ստիպված են պատասխանել դատավորի հարցերին, ներկայացնել իրենց այն պարագայում, երբ նրանցից շատերն անգամ իսպաներեն չգիտեն, միայն իրենց բնիկ լեզուն գիտեն, իսկ դատարանի թարգմանիչը դրան չի տիրապետում: Կառավարությունը նրանց վերաբերվում է ինչպես հանցագործների այն պարագայում, երբ նրանք պարզապես ցանկանում են ապահով լինել և հեռու տեղի ավազակախմբերից: Այս բեմականացված դատավարությունները պարզապես խայտառակություն են, եւ դա է պատճառը, որ կառավարությունը չի ցանկանում, որ լինի դրանց տեսողական ներկայացում:

Բացի տեսանկարահանման արգելքից, ճեպանկարների առավելությունը որպես վավերագրման գործիք նրանում է, որ խոցելի իրավիճակում գտնվող մարդիկ ավելի հեշտությամբ են թույլատրում, որ նկարես իրենց, քան եթե լուսանկարիչ լինեիր:

Դա կարծես համագործակցային աշխատանք է, երկար ժամանակ է պահանջում եւ եթե մարդ չի ցանկանում, որ իրեն նկարեն, կարող է պարզապես հեռանալ: Դա բոլորովին տարբեր է մարդու դեմքին ակնթարթորեն տեսախցիկ պահելուց:

- Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, եւ մի վերջին հարց ունեմ. ինչի՞ համար արժե պայքարել, ինչի՞ համար ես դու պայքարում:

- Այս հարցը միշտ շատ անհատական է, այնպես չէ՞: Բայց միեւնույն ժամանակ ինչ-որ ձեւով այն, կարծես, նույնն է շատ մարդկանց համար, որովհետեւ բոլորս ուզում ենք արժանապատվորեն ապրել մեր հայրենի վայրում, ունենալ բավարար ժամանակ ինքներս մեզ, մեր ընկերների ու հարազատների համար, այլ ոչ թե աշխատել ինչպես ստրուկներ: Ուզում ենք ունենալ խոսքի ազատություն, ուզում ենք որ մեր երեխաներն առողջ, ազատ ու ապահով մեծանան:

Ես Նյու Յորքից եմ, մայրիկիս ընտանիքը 120 տարի է այնտեղ է բնակվում, եւ դա իմ քաղաքն է, որ ես սիրում եմ մինչեւ ոսկորներս: Այսօր ոչ միայն Նյու Յորքում, այլեւ աշխարհի այլ քաղաքներում, իրողությունն այն է, որ շատ հարուստ մարդիկ դարձնում են քաղաքները անհնար մյուս մարդկանց ապրելու համար: Նրանք անհնար են դարձնում քաղաքներում ունենալ համայքներ, անհնար են դարձնում սովորական առօրյա կյանքով ապրելը, եթե դու, օրինակ, աշխատավոր խավից ես՝ ուսուցիչ ես, կամ աղբահավաք: Նրանք քաղաքները դարձնում են սպառման օբյեկտներ, որտեղ սովորական մարդիկ կլինեն նրանց ստրուկները: Եվ պատասխանը, թե ինչի համար եմ ես պայքարում, այս է՝ պայքարում եմ, որ Նյու Յորքում կարողանան բոլորն ապրել ազատ, ծաղկել եւ բարգավաճել: Իհարկե, աշխարհում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, ինչպես ազատությունն ու ապրելու իրավունքն է, որոնց համար պետք է պայքարել, եւ ես մշտապես ներգրավված եմ փողոցային պայքարներին, օրինակ, Գազայի համար: Բայց անձամբ իմ պայքարը Նյու Յորքի համար է, քանի որ դա իմ քաղաքն է: Ուստի ես պայքարում եմ հանուն նրա, որ իմ քաղաքում կյանք լինի աշխատավոր խավի համար, եւ որ այն չդառնա խաղալիք օտար միլիարդատերերի ձեռքին:

Մոլլի Քրեբափլի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը