«Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» բակալավրի ծրագիրը 60 ուսանող ունի
«Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող աշխարհում առաջին կրթական ծրագիրն ունի 60 դիմորդ։
Սեպտեմբերից մեկնարկող ուսումնական տարվանից նրանք հնարավորություն կստանան սովորելու այս կրթական ծրագրով, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության եւ Web3 Հայաստան հիմնադրամի նախաձեռնությունն է։
Բակալավրիատի ծրագիրը, որը մշակվել է համալսարանի եւ Web3 Armenia հիմնադրամի առաջատար փորձագետների հետ համատեղ, նպատակ ունի ուսանողներին զինել խորը գիտելիքներով եւ գործնական հմտություններով բլոկչեյնի վերաբերյալ:
Web3 Հայաստան հիմնադրամից նշում են, որ այն աշխարհում առաջինն է, որն առաջարկում է բակալավրի կոչում «Բլոկչեյն եւ Web3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ՝ դառնալով նշանակալից նշաձող բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի կրթական առաջընթացի համար:
«Առանձնահատուկ կարեւորում եմ, որ ծրագրի նկատմամբ եղել է շատ մեծ հետաքրքրություն, սակայն ընտրվել է 60 դիմորդ, որոնք իրենց կրթությունը կսկսեն ծրագրի շրջանակում։ Սա շատ կարեւոր ծրագիր է, որը Հայաստանը դիրքավորելու է համաշխարհային քարտեզի վրա՝ որպես թվային կրթության եւ նորարարության առաջատար։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել այն եւ հավաքագրման փուլն այսքան բարեհաջող էր»,- նշել է Web3 Հայաստան հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանը։
Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության եւ իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: