Ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ․ տերտերը հանրահավաքով մտավ Երևան
Երևանի Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաք է։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ եկեղեցականներ, դաշնակցականներ, երգիչներ, ակտիվիստներ և տավուշցի գյուղացիներ հասել են Երևան։ Նրանք դեմ են Տավուշ-Ղազախ հատվածում մեկնարկած սահմանազատմանը։ Պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Մարդ է պետք, որ կարողանա ինչ-որ կամուրջներ փնտրել, միավորել մեր ազգին։ Լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլիներ», – 2022 թվականի տարեսկզբին՝ արտահերթ ընտրություններում պարտությունից հետո, ասում էր նախկին նախագահ և ներկա ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանը։ Նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը բաղկացած էր երկու կուսակցություններից՝ մեկը հին, մյուսը նոր։ Հինը Դաշնակցությունն էր։
Սրբազանը գտնվեց՝ Տավուշի թեմում։
Հանրահավաքի կազմկոմիտեն բաղկացած է մարդկանցից, որոնք աչքի են ընկել դեռ Հայրենիքի փրկության շարժման ժամանակներից։ Կան նաև նոր դեմքեր։
Պաստառները՝ «Հանուն հայրենիքի», «Հանուն Արցախի», «Մենք թուրքին տալու չունենք» և այլն։
Բագրատ Գալստանյանի եկեղեցաքաղաքական շարժմանը պաշտոնապես միացել են
— Դաշնակցության բոլոր կառույցները
— Հանրապետականների երիտթևը
— Ռուսաստանի հայերի միությունը
— Ռուբեն Վարդանյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը
— ղարաբաղյան գեներալ Վիտալի Բալասանյանը
— Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարար Վարդան Օսկանյանը
— Ղարաբաղ կոմիտեի անդամ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, որը առաջնորդում էր Հայրենիքի փրկության նախընտրական շարժումը
— երգչուհի Սիրուշոն և նրա պատգամավոր ամուսինը
— բանտում նստած նախկին կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը
— նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը
— Դոն Պիպոն
— Դոգը
— օլիգարխ Գագիկ Ծառուկյանը («սա հավատքի շարժում է», «մենք ասենք որպես քրիստոնյա, առաքելական եկեղեցի որևիցե մեկը իրավունք չունի որևիցե մեկին արգելելու, ստիպելու, պարտավորեցնելու»)
— նախկին ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի նորաստեղծ կուսակցությունը
— նախկին դիսիդենտ Պարույր Հայրիկյանը
— նախկին քաղաքապետ Արտաշես Գեղամյանը
— անվանական կարգով դաշնակցական ակտիվիստ Գերասիմ Վարդանյանը
— Արմքոմեդիի Նարեկ Մարգարյանը
— Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը
— Նախկին ԱԱԾ-ական Արթուր Վանեցյանը
— շոու բիզնեսի մի մասը՝ Նազենի Հովհաննիսյանը, Մհեր Արմենիան, Արսեն Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը, Սոֆի Մխեյանը, Ալլա Լևոնյանը, Անդրեն, Շպրոտը․․․
— Նախկին պաշտպանության նախարար, գործող պատգամավոր Սեյրան Օհանյանը և այլն։
Արքեպիսկոպոսը նախօրոք տեղեկացրել էր՝ «շարժմանը» միացել է նաև «Իշխանափոխություն» ֆիլմի դերասանական կազմը՝ Լևս Դավթյանը, որը մարմնավորում էր հեղափոխության խելագար առաջնորդին, և Անի Ղազարյանը, որը «Մայր Հայաստանն» էր։
Նախքան միտինգի մեկնարկը հնչում էին երգեր․ «Աստված մեզ հետ, թեև օրհնյալ է մեր ուղին և կհաղթենք, որքան էլ նենգ է թշնամին», «մա՛հ ոսոխին», «Հայաստան իմ քաղցրագույն, իմ բարձրագույն» և այլն։
Հանրահավաքը սկսվեց շարժման սաուդթրեքով՝ «Ես խավարի մեջ մի շող եմ լույսի, դու իմ կողքին նոր փարոսն ես հույսի․․․»։
Սրբազանն այդ ընթացքում փորձում էր անցնել ամբոխի միջով։
— Օրհնեցե՛ք, տեր հայր։
— Ժողովուրդ, գնացե՛ք, առաջ գնացե՛ք, ճանապարհը բացե՛ք, ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ։
Շարժման կարգախոսը՝ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված, մի քանի անգամ միասին վանկարկեցին։
Բագրատ Գալստանյանը սպիտակ փարաջայով է, խաչը՝ դոշին, աջից՝ դաշնակցական պատգամավոր, ձախից՝ դաշնակցական պատգամավոր, հետևից՝ լրագրողներ։ Բեմին ՏԻՄ ղեկավարներ էլ կան։
Արքեպիսկոպոսը վերևից օդային պաչիկներ է ուղարկում հանրահավաքի մասնակիցներին։ Ներքևից վանկարկում են՝ «սըր-բա-զան, սըր-բա-զան»։
Նա խնդրում է․ «Կարգը պահե՛ք։ Կա՛րգ։ Կարգապահությու՛ն»։
Միասին երգում են օրհներգը։ Արքեպիսկոպոսը ա կապելլա է սկսում։
Ժողովուրդը աղոթում է։
Սկսվում է առաջնորդի ելույթը։
Հիմնական թեզերը՝ «երբեմնի եռատոնը», «մեզնից գողացված ուրախության այս անպատվության ժամանակներում մենք միասին հավաքվել ենք», «ոչինչ և ոչ ոք չի կարող հայոց հոգին՝ փառավոր հոգին ընկճել»։
«Այո՛», – արձագանքում են առաջին շարքերից։
Արքեպիսկոպոսը պատմում է, որ ինքը Տավուշից է գալիս՝ «Հայաստանի դարպասներից»։ Նա շնորհակալություն է հայտնում բոլորին, «ամբողջ լրագրողական կազմին», «բոլոր նրանցից, ովքեր այս երկու ամիսների ընթացքին այցելեցին Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս» և «զորացած վերադարձան»։
Շնորհակալությունները երկար են տևում և ամփոփվում են եզրակացությամբ․ «Մենք Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար գյուղերում հաստատեցինք, որ ոգին հաղթել է դուխին, և հիմա ժամանակն է, որ եռագույնը հաղթի սև ու սպիտակին»։
Կոնկրետ ի՞նչ են պահանջում Բագրատ Գալստանյանը, նրան միացած եկեղեցական և քաղաքական գործիչները, հրապարակում հավաքված մարդիկ։
Ելույթ է ունենում Գուրգեն Մելիքյանը, որը, ըստ վիքիպեդիայի, պրոֆեսոր է, լեզվաբան, իրանագետ, մշակութային գործիչ․ «․․․Դար ու դարեր, դար ու դարեր, դար ու դարեր/ Լեռների մեջ, ձորերի մեջ, դաշտերի մեջ արևամիս/ ․․․Թնդացել է մեր այս պարը հին հայկական/ ․․․ Հեգնող ժպիտն ենք թոթափել մեր թշնամու, / Ինչպես փոշին են թոթափում ճանապարհի․․․»։
Մելիքյանից հետո միկրոֆոնը վերադառնում է աքեպիսկոպոս Գալստանյանին։ Նա ձևակերպում է հանրահավաքի հիմնական պահանջները․
— Եկել ենք պատասխան պահանջելու Հայաստանի կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել, ահաբեկել, սպառնացել է ժողովրդին։
— Եկել ենք պատասխան պահանջելու մեր փոքրիկ Գոհարիկի արցունքների, մեր հերոսական Մհերի արցունքների համար։
— Եկել ենք ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի ապօրինի գործընթացը՝ հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդկային, հակաբարոյական, միակողմանի, ուժի պարտադրանքի սպառնալիքի ներքո կատարված։
«Դու դարձել ես ահաբեկիչ», – ասում է արքեպիսկոպոսը՝ դիմելով Կառավարության ղեկավարին։
Բագրատ Գալստանյանի կարծիքով, մեր իղձերի հետևից պետք է գնանք հիմա, որ մաքրվենք, սրբվենք, ինքնամաքրվենք, դառնանք աստծո ժողովուրդ, վերադառնանք մեր հզոր նկարագրին, մեր հաղթող նկարագրին։
Գնալով նրա ելույթն առարկայանում է։
— Այս կառավարությունը ձախողել է ծայրից ծայր երկրի կառավարումը
— Եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել
— Քայքայել են կրթական համակարգը
— Մեր երիտասարդների շարքերում առատացրել են թմրանյութերի առկայությունը
— Ամենակարևորը՝ Արցախ աշխարհը։ Չկա այսօր Արցախ աշխարհը։
Ժամը 19-ին 20 պակաս հնչում է վերջնագիրը՝ մեկ ժամ ժամանակ Նիկոլ Փաշինյանին հոժարակամ հրաժարական տալու համար։
«Ինչպես ասում են Շամշադինում՝ the show must go on», – ամփոփում է արքեպիսկոպոսը, որը բրիտանական կրթություն ունի։
Բեմ է գալիս ոմն Սուրեն Պետրոսյանը
«Մեզ անընդհատ ուզում էին նմանեցնել 2018-ի քայլերթին», – ասում է Պետրոսյանը, որը Տավուշից քայլերթով եկել է, ինչպես 2018-ին Գյումրից էին գալիս։
Նրա կարծիքով՝ այս երկու շարժումները կարելի է նմանեցնել ձևով, բայց երբեք ոչ բովանդակությամբ․ «Երբ 2018-ի գունավոր հեղափոխությունը տեղի ունեցավ․․․»։
Մինչ ցուցարարները սպասում են Փաշինյանի հրաժարականին, մեծ էկրանին վիդեոներ են ցույց տալիս Կիրացից։ Վերջին օրերի բողոքի ցույցերն են։
Հետո միանում է շարժման հիմնը՝ «Հայ, Հայրենիք, Հայաստան և Աստված»։ Վերջնաժամկետը երկարաձգվում է 15 րոպեով։
Բայց հրաժարական չի լինում։
Արքեպիսկոպոսը դուրս է գալիս բեմ։
— Դու ունեիր հնարավորություն այս ժողովրդին ուրախություն պատճառել, Նիկո՛լ Փաշինյան, բայց որոշեցիր այլ ճանապարհով գնալ։
Ցուցարարները վանկարկում են՝ դավաճան։
Արքեպիսկոպոսի հեռախոսը նրա մոտ չէ։ Նա հետաքրքրվում է՝ «հո հեռախոսին չեն զանգե՞լ»։ Ամենայն հավանականությամբ, չեն զանգել։
«Էլ ժամանակ չեմ ավելացնելու», – ասում է նա։
Առաջին քայլը, որ նախատեսում է անել շարժումը՝ խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով նրա պաշտոնանկությանը հասնելու փորձն է լինելու։
«Իզուր բարդացրեցիր մեր կյանքը, քոնն էլ մեզ հետ», – ասում է Բագրատը։
Արքեպիսկոպոսը համոզված է, որ այս շարժումը չի մարի։ Մարզերից եկած ցուցարարներին հետ է ճամփում։ Հավատացնում է, որ շարունակություն կլինի։ Մնացածները վառում են հեռախոսների լույսերը։
Վաղը նորից հավաքվելու են հրապարակում ժամը 10։00-ին՝ միասին սուրճ խմելու և շարժվելու տարբեր ուղղություններով։
լուսանկարները՝ Անաստասիա Կարկոցկայա
The post Ա՛ջ, ա՛ջ, ա՛ջ․ տերտերը հանրահավաքով մտավ Երևան first appeared on Epress.am.