ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

ՀԱՄԱՍ-ը, Իսրայել-Լիբանան զինադադարի ֆոնին, պատրաստ է Գազայում հրադադարի մասին համաձայնագիր կնքել. լրատվամիջոցներ

0

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելի և Լիբանանի միջև զինադադարի մասին հայտարարությունից հետո, պատրաստ է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր կնքել։ Այս մասին, Times of Israel-ի փոխանցմամբ, Agence France-Presse-ին հայտնել է խմբավորման անանուն ներկայացուցիչը։

«Մենք Եգիպտոսում, Քաթարում և Թուրքիայում միջնորդներին տեղեկացրել ենք, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հրադադարի համաձայնագրի և գերիների փոխանակման լուրջ գործարքի», - AFP-ին ասել է պաշտոնյան: Նա Իսրայելին մեղադրել է համաձայնագրի ստորագրումը խոչընդոտելու համար։

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև մարտերը վերսկսվել են անցած տարվա հոկտեմբերից: Այս ընթացքում Գազայում զոհվել է ավելի քան 40,000 մարդ:

Գիշերը հայտնի է դարձել, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև՝ 13 ամիս շարունակվող մարտերը դադարեցնելու համար։ Սա եղել է Լիբանանի վերջին տասնամյակների ամենամահաբեր հակամարտությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 3,823 մարդ:

«Վաղը տեղական ժամանակով ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով 06:00-ին) կավարտվեն մարտերը լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ դա նպատակ ունի լինել «ռազմական գործողությունների մշտական դադարեցում»:

Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավոր է 60 օրում դուրս բերել իր զորքերը Լիբանանից, իսկ «Հեզբոլլահ»-ին այլևս երբեք թույլ չի տրվի սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Բայդենը հավելել է, որ հաջորդ 60 օրում Լիբանանի զինված ուժերը կտեղակայվեն իրենց տարածքներում, իսկ «Հեզբոլլահ»-ին թույլ չի տրվի վերականգնել իր ենթակառուցվածքները:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև խաղաղության համաձայնագիրը ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։