ԱՄՆ Կոնգրեսում քննարկել են «այլմոլորակայինների ստորջրյա բազաների գոյության» հարցը
Հարցը, թե արդյոք չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ) այցելում են Երկիր, և արդյոք ԱՄՆ կառավարությունը թաքցնում է դա, սոսկ դավադրության տեսաբանների քննարկման թեմա չէ. ԱՄՆ Կոնգրեսը լուրջ ուշադրություն է դարձրել այս հարցին՝ Ներկայացուցիչների պալատում ՉԹՕ-ների և չբացահայտված անոմալ երևույթների վերաբերյալ լսումներ կազմակերպելով, գրում է The New York Post-ը:
Վկաներն այս հարցի շուրջ ցուցմունքներ են տվել Վերահսկիչ հանձնաժողովի ենթահանձնաժողովների՝ «Չբացահայտված անոմալ երևույթներ. ճշմարտության բացահայտում» խորագրով լսումների ժամանակ, որոնք տևել են ավելի քան երկու ժամ:
Մասնավորապես, քննարկվել են ՉԹՕ-ների, այլմոլորակայինների և օվկիանոսների խորքերում դրանց «ստորջրյա բազաների գոյության» վերաբերյալ տեսակետները։
Կոլորադո նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Լորեն Բոբերտն ԱՄՆ կառավարության և Պենտագոնի կողմից իբր «թաքցված» տեղեկատվությունը քննարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Թիմ Գալոդետի, Պենտագոնի նախկին աշխատակից Լուիս Էլիզոնդոյի, ՆԱՍԱ-ի նախկին աշխատակից Մայքլ Գոլդի և լրագրող Մայքլ Շելենբերգերի հետ։ Նրանք բոլորն էլ կարծում են, որ գոյություն ունեն այլմոլորակայինների և նրանց տեխնոլոգիաների ուսումնասիրման գաղտնի ծրագրեր:
Բոբերտն ասել է, որ Կոնգրես են հասել շշուկները Պենտագոնի գաղտնի ծրագրի մասին, որը ենթադրում է «մարդկային և ոչ մարդկային գենետիկական նյութի մանիպուլյացիա՝ մարդկանցից շատ ավելի բարձր հիբրիդներ ստեղծելու համար»: Նա հետաքրքրվել է, թե հրավիրված փորձագետները որևէ բան գիտե՞ն այս մասին: Չորսն էլ նշել են, որ չգիտեն:
Այնուհետև Բոբերտը հարցրել է Շելենբերգերին, թե արդյոք նա տեղյակ է, որ որևէ ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտնած լինեն օվկիանոսում անոմալ սարքերի մասին, որոնց գոյությունը չի կարող բացատրվել «ներկայում մեզ հայտնի տեխնոլոգիաներով կամ բնական երևույթներով»:
Լրագրողն ասել է, որ Պենտագոնի ենթադրյալ գաղտնի ծրագրի մասին իր զեկույցում նկարագրված են նմանատիպ օբյեկտների դիտարկման մի շարք դեպքեր:
Բոբերտը նաև հետաքրքրվել է, թե կա՞ տեղեկատվություն ստորջրյա անոմալիաների վերաբերյալ, որոնք կարող են վկայել «օվկիանոսի հատակին այլմոլորակայինների որոշ բազաների առկայության» մասին:
Շելենբերգերը խոստովանել է, որ ոչինչ չգիտի այդ մասին։ Սակայն, ըստ նրա, կա աղբյուր, որը պնդում է, որ տեսել է զինվորականների կողմից արված տեսանյութ, որում «գունդը դուրս է գալիս օվկիանոսից և հանդիպում մեկ այլ գնդի»։
Հարցին, թե արդյոք այս չբացահայտված թռչող օբյեկտների մոտ նկատվե՞լ են այնպիսի հատկություններ, որոնք «վիճարկում են ֆիզիկայի և ճարտարագիտության մեր ըմբռնումը», լրագրողը պատասխանել է.«Թվում է, որ դրանք գոյություն ունեն»:
The New York Post-ը պարզաբանում է, որ Պենտագոնը կտրականապես մերժել է Շելենբերգերի զեկույցը ենթադրյալ ծրագրի վերաբերյալ և հերքել նրա աղբյուրների հայտարարությունները։