Վրաստանը չի ցանկանում այնպիսի անդամակցություն ԵՄ-ին, որը հիմնված է ԼԳԲՏ քարոզչության վրա. «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար
Վրաստանը չի ցանկանում այնպիսի անդամակցություն Եվրամիությանը, որը հիմնվում է ԼԳԲՏ քարոզչության վրա, ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ինձ համար անպատկերացնելի է, որ ինչ-որ մեկը վրացիներին ասի, որ եթե չսկսեք ԼԳԲՏ քարոզչություն իրականացնել երեխաների շրջանում, չեք տեսնի Եվրոպան։ Ոչ ոք չի ցանկանում անդամակցություն (ԵՄ-ին - խմբ.), որը հիմնված է ԼԳԲՏ քարոզչության ընդունման կամ չընդունման վրա։ Վրաստանն ունի իր մտածելակերպը, ինքնությունը, մշակույթը, պատմությունը, մշակութային ժառանգությունը, ավանդույթները և չի հրաժարվի այս ամենից»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։
Սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքը, որն արգելում է միասեռ ամուսնությունների գրանցումը, միասեռական հարաբերությունների մեջ գտնվող անձանց կողմից երեխաների որդեգրումը և սեռափոխության գործողությունները։ Բացի այդ, սահմանվել են տուգանքներ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ ոչ ավանդական հարաբերությունները քարոզելու համար, ինչպես նաև ԼԳԲՏ թեմաներով գովազդ տարածելու համար։ Արևմուտքն այս որոշումները քննադատել է: