Աբխազիայի իշխանությունները հայտարարել են, որ ընդդիմադիրները փորձել են գրավել պետական հեռուստաընկերությունը
Lույս նոյեմբերի 18-ի գիշերը մի խումբ մարդիկ փորձել են գրավել Սուխումում գտնվող Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության (AGTRK) շենքը, հայտնում է ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ հղում անելով հեռուստաալիքի ղեկավարությանը։ Այս մասին գրում է dw.com-ը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ անհայտ անձինք, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժեր, մեքենայով մոտեցել են հեռուստառադիոընկերության շենքին և փորձել ներխուժել տարածք՝ հեռարձակման վրա վերահսկողություն սահմանելու համար։ Նրանց մուտքը շենք կանխելու համար պահակները մի քանի նախազգուշական կրակոց են արձակել։
Լրատվական կենտրոնից հայտնում են, որ իրավիճակը կայունացել է, աշխատանքները շարունակվում են բնականոն հունով։
Ավելի վաղ աբխազական ընդդիմությունը, ինքնահռչակ հանրապետության ղեկավարության հետ կոնֆլիկտի ֆոնին, հայտարարել էր ժամանակավոր կառավարություն ստեղծելու մտադրության մասին, եթե Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիան հրաժարվի հրաժարական տալ։ Ընդդիմադիրներն այս քայլին կդիմեն «կառավարական մարմինների բնականոն գործունեությունը ապահովելու և փլուզումը կանխելու համար», կիրակի հայտարարել է վրաց-աբխազական պատերազմի վետերանների «Արուաա» հասարակական կազմակերպության նախագահ Թիմուր Գուլիան։ Նա նաև ասել է, որ մի շարք ներկայիս նախարարներ կկարողանան միանալ ժամանակավոր կառավարությանը։
Իր հերթին, Բժանիան նշել է, որ ընդդիմության հետ հնարավոր չէ փոխզիջման հասնել։ Որպես ճգնաժամից դուրս գալու ելք՝ նա առաջարկել է ինքնահռչակ հանրապետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնել։
«Ընտրությունները ցույց կտան, թե Աբխազիայի բազմազգ ժողովուրդը ում է ուզում որպես նախագահ։ Սա է ելքը։ Դեռ ուշ չէ օգտվել այս ելքից»,- «Ափսնիպրես» գործակալությանն ասել է Բժանիան՝ կոչ անելով ցուցարարներին լքել կառավարական համալիրի տարածքը:
Կառավարական շենքերի համալիրի մոտ ցուցարարները մերժել են Բժանիայի՝ արտահերթ ընտրությունների առաջարկը և հրաժարվել լքել համալիրը, որը ներառում է խորհրդարանի և հանրապետության ղեկավարի նստավայրը։
Ինքնահռչակ հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցեր են առաջացրել Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագիրը։ Փաստաթուղթը Ռուսաստանի Դաշնությունից ընկերություններին թույլ է տալիս տարածաշրջանում ներդրումային ծրագրեր իրականացնել զգալի հարկային արտոնություններով: Աբխազիայի ընդդիմությունը Մոսկվայի հետ համաձայնագիրը համարում է «շահերի ուղղակի հանձնում»։
Նոյեմբերի 15-ին հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են կառավարական շենքերի համալիրի մոտ՝ պահանջելով հրաժարվել պայմանագրի վավերացումից և Բժանիայի հրաժարականը։ Ցուցարարներին հաջողվել է մտնել խորհրդարանի նիստերի դահլիճ։ Բախումներ են տեղի ունեցել ուժայինների և ցուցարարների միջև։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, տուժել է առնվազն ինը մարդ։ Նույն օրը Բժանիայի վարչակազմը հայտարարել է, որ պատրաստվում է հետ կանչել Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի վավերացման օրինագիծը։