Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաշվի չի առնում ուկրաինական կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամների նախաձեռնությունները, և կարգավորումը պատրաստվում է քննարկել միայն անձամբ Թրամփի հետ։
Այս մասին Ուկրաինայի նախագահը նշել է ուկրաինական ռադիոյին տված հարցազրույցում։
«Յուրաքանչյուր նախագահի միջավայրում կան տարբեր մարդիկ, որոնք կատարում են որոշակի առաջադրանքներ։ Ես լրջորեն կվերաբերվեմ միայն Միացյալ Նահանգների նախագահի հետ զրույցին՝ ամենայն հարգանքով նրան շրջապատողների նկատմամբ»,- ասել է Զելենսկին։
Նա նաև կրկնել է, որ երկու կողմերի թիմերը կաշխատեն հանդիպման կազմակերպման վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել պաշտոնը և չի կարող մասնակցել աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներին։