Կիմ Չեն Ընը կարգադրել է կամիկաձե ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ վերահսկել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի փորձարկումը և ընդգծել դրանց զանգվածային արտադրության անհրաժեշտությունը, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):
«Կիմ Չեն Ընը, ծանոթանալով վերջերս մշակված նոր հարվածային անօդաչու թռչող սարքերին, հետևել է դրանց փորձնական հարվածային թռիչքին», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Ինչպես գրում է dw.com-ը, Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել ազգային ձեռնարկությունում ստեղծված անօդաչու թռչող սարքերի փորձարկումների կապակցությամբ և ընդգծել հնարավորինս արագ կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն հիմնելու անհրաժեշտությունը։
«Հավանաբար աշխարհի բոլոր ռազմական գերատեսչությունները գիտակցում են, որ անօդաչու թռչող սարքերը ակնհայտ հաջողության են հասնում մեծ և փոքր հակամարտություններում, սա նոր միտում է, որն այսօր դարձել է անհրաժեշտ պահանջ ռազմական ոլորտում», - նշում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը։