Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան
Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ տեղեկացնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում Սևանա լճում եզակի և էնդեմիկ համարվող Սևանի կողակ ձկնատեսակի պոպուլյացիան վերականգնելու ուղղությամբ։
Սևանի կողակը (Capoeta capoeta sevangi de Filippi, 1865) պատկանում է ծածանազգի ձկների ընտանիքին և հանդիսանում է Սևանա լճի էկոհամակարգի համար առանցքային դեր ունեցող ձկնատեսակ: Այս ձկնատեսակը ներկայումս գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում՝ որպես խոցելի ենթատեսակ:
Սևանի կողակի պաշարների նվազման հիմնական պատճառները կապված են բնական վերարտադրության պայմանների վատթարացման, նոր տեսակների ներթափանցման և ձկնագողության հետ: Այնուամենայնիվ, Սևանի կողակի էկոլոգիական նշանակությունը Սևանա լճի էկոհամակարգում մեծ է, և դրա պաշարների ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի կայունության վրա՝ մասնավորապես մեղմացնելով լճի «ծաղկման», էվտրոֆացման գործընթացը:
Սևանի կողակի պաշարների վերականգնման գործընթացի շրջանակում նախատեսում ենք իրականացնել միջոցառումներ՝ ծավալելով մայրական կազմի հավաք և գենոֆոնդի ձևավորում՝ անազատ կամ կիսաազատ պայմաններում:
Այստեղ արդեն իսկ հաջողություն ենք գրանցել․ հավաքվել են Սևանի կողակի շուրջ 2000 ծնողական կազմի առանձնյակներ:
Շրջակա Միջավայրի Նախարարության միջնորդությամբ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում իրականացվում են նաև կողակի վերարտադրությանը և պաշարների վերականգնմանը ուղղված այլ աշխատանքներ:
· Մասնավորապես, արդեն վերակառուցվել են 4 բացօթյա ավազաններ՝ ընդհանուր մակերեսով 600 մ²:
· Իրականացվել է Սևանի կողակի բնական լճակային համակարգում վերարտադրության փորձ, իսկ այժմ կատարվում են ինկուբացիոն համակարգերի ձեռքբերման և վերազինման աշխատանքներ, որոնք նախատեսվում է ավարտել 2025 թվականին, որից հետո կմեկնարկենք այս ձկնատեսակի արհեստական վերարատադրության բուն գործընթացը: