ՅՈՒՆԵՍԿՕ-ի «մտահոգություններն»՝ Արցախի մշակութային ժառանգության մասին
2024 թվականի հոկտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նախաձեռնած «Նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում» խորագրով համաժողովի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն և Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) կոմիտեի քարտուղար Քրիստա Պիկատը հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, որի համար շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Պիկատը նաև նշել է, որ այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն։ Այս մասին գրել է Monument Wath-ը։
Քրիստա Պիկատը հավելել է, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի՝ մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղահանվածներին առաջարկելու կառույցի աջակցությունը, և համոզվելու, որ նրանց կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական առումներով՝ ներառելով նաև համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, այն կենդանի ժառանգության պահելու օգնության առաջարկը։ Այս համատեքստում Քրիստա Պիկատը կարևորել է, որ համայնքները սահմանեն իրենց սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունեն և անհրաժեշտության դեպքում ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել համայնքներին։ Քրիստա Պիկատը նշել է, որ այժմ, 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։