Նիկոլ Փաշինյանը բացահայտեց՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին` լիդերների ելույթների ժամանակ, Ալիևի հետ ինչ է խոսել սեղանի շուրջ
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ, սովորաբար նման միջոցառումներում շփումների շրջանակը շատ լայն է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ: Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, բայց մենք այդքան երկար խոսակցություն վաղուց կամ երբևէ չենք ունեցել: Մի փոքր էլ կոռեկտության խնդիր կար գոնե իմ կողմից, որովհետև մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ խոսակցության ամենակարևոր հատվածն այն է եղել, որ միտք է հնչել, իր կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի կամ այլ պայմանագրերի, այլ ռազմավարական գործարք կնքելու կարիք:
«Ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ: Այդտեղ էլ մեծ հաշվով գաղտնիք չկա: Ըստ էության, ռազմավարական գործարքի վերաբերյալ մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Այդ խոսակցությունը կարևոր եմ համարում, այն դեռ պետք է քաղաքական դրսևորումներ էլ ունենա, բայց պետք էլ չէ ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար դրսևորում ունենում են»,- ընդգծեց նա:
Կազանում տեղի ունեցած հաջորդ կարևոր իրադարձությունը, ըստ Փաշինյանի, այն էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող են ունենալ լուծում, որը կարող է փոխադարձ, լիարժեքորեն լինել ընդունելի: «Մենք այս առաջարկն արդեն գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասաց նա: