«ՀՀ ԶՈՒ-ն այսօր Հնդկաստանի համար դարձել է գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
Այս տարի որոշել եմ գործս թեթևացնել, բյուջեի նախագծի մասին խոսելիս անցնող տարիների մի թունդ ընդդիմադիրի ելույթներից եմ օգտվել, որ պատրաստեմ ելույթս: Այս մասին ԱԺ հերթական նիստին բյուջեի նախագծի քննարկմանը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա սկսեց մեջբերել Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակահատվածում բյուջեի քննարկման ժամանակ հնչեցրած ելույթներից:
«Բյուջեի քննարկում, 2012 թ., 14 նոյեմբեր, ԱԺ, այս ամբիոն. պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականի բյուջեով արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ հատկացումները գերազանցել են 400 մլն դրամը, և նախատեսվում է այդ նպատակի համար հատկացնել 418 մլն դրամ: Խայտառակություն էր գնահատվում 2012 թվին, 1 մլն դոլար էր մոտավորապես: 2025 թվականի բյուջե՝ արտաքին պարտքի սպասարկման համար 1 մլրդ դոլար»,- նշեց նա:
Պատգամավորը շեշտեց, որ հիմա կառավարությունն ասում է՝ արտաքին պարտքը մեծացնելով՝ որևէ վտանգ չի սպառնում, կարող ենք մեծացնել:
«2015 թվական, Նիկոլ Փաշինյան, նոյեմբերի 4-ին,«ՀԺ»-ում մի հարապարակում եղավ, որ 5,6 մլն բնակչություն, շուրջ 120 մլրդ դոլարանոց բյուջե ունեցող Դանիայում ամբողջ պետական համակարգում կա ընդամենը 23 մեքենա, ու մինչ սահամանադրական փոփոխությունների «այո»-ի ու «ոչ»-ի ճակատները քննարկում են, թե Հայաստանն ինչպիսի պետություն պետք է լինի, крупный գործ անող տղերքը բոլորիս աչքի առաջ կառուցում են այսպիսի չնաշխարիկ պադավապետություն»»,- ամփոփեց մեջբերումը և ավելացրեց.
«Դանիայի խորհրդարանի նախագահը էդ ի՞նչ միամիտ մարդ է, չէ՞ որ իր ՊՊԾ-ին կարող էր ասել, ՊՊԾ-ն ասեր՝ խորհրդարանի նախագահը չի կարող ասել, թե քանի մեքենա առնեմ: Օրինակ ՝Ալեն Սիմոնյանն ասում է՝ ես ի՞նչ կապ ունեմ, երկու հատ ջիպ իմ BMW-ի հետևից գնում է: Էն օրը ՊՊԾ պետի տեղակալն ասում է՝ մենք ենք որոշում՝ ինչ մեքենա գնենք: Հայաստանում որևէ այլ պաշտոնյա իրավունք ունի՞ ասելու՝ ՊՊԾ, դու թանկ մեքենա մի՛ առ, չէ՛, չի՛ կարող»:
Հետո Մանուկյանը հիշեցրեց արագաչափերին վերաբերող Փաշինյանի ելույթներից և ներկայացրեց վիճակագրություն. «2016 թվականին ՀՀ ՃՏՊ-երի արդյունքում մահերը եղել են 267, 2023 թվականին զոհերի թիվը եղել է 378, արագաչափերը կան, ՆԳՆ-ն հպարտանում է՝ արագաչափերի որակը բարձրացնելու են, լրիվ ուրիշ արագաչափեր են բերելու: Տեսախցիկները կան, բարգավաճում են, թիվն աճում է, ժամանակին ասում էին՝ Սաշիկինն է, բայց դե լավ»:
Պատգամավորը խոսեց նաև ՊՆ-ի և ձեռքբերվող ռազմատեխնիկայի մասին: «Այդքան խոսում եմ, կռվում եմ ՊՆ պաշտոնյաների հետ, ռազմական ոլորտը, զենքի վաճառքը գաղտնիություն են պահանջում, ՀՀ ԶՈՒ-ն այսօր դարձել է Հնդկաստանի ռազմարդյունաբերության գովազդային վահանակը: Երեկ ամբողջ հայկական մամուլը գրել է՝ այս ինչ հրթիռը ուղևորվել է Հայաստան, դրա համար անընդհատ ասում եք՝ լոգիստիկ խնդիր կա: Ասում եմ՝ պայմանագրի մեջ կետ ավելացրեք, որ գաղտնի լինի, բայց չէ, կարևոր է, որ հայ մարդը տանը նստած իմանա, որ Հնդկաստանից հրթիռը որ ելավ, չգիտեմ՝ ոնց է գալու, բայց ինքն ասի՝ վերջ»,- շեշտեց նա:
Մանուկյանի այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները սկսեցին տեղից խոսել, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց նրանց:
«Մեկ րոպե լռություն, պարո՛ն Պապիկյան, հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերնե՛ր, չի կարելի տեղից խոսել, պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, և չի կարելի խանգարել, անկախ նրանից, թե ինչ է ասում, չի կարելի խանգարել»,- շեշտեց նա: