ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ինչու է «ծաղկում» Սևանա լիճը․ ԳԱԱ-ն միտումները բացահայտող նոր տվյալներ է հրապարակել

0

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը և դրա փոփոխման միտումները հասկանալու համար։ Դրանք կարող են օգտակար լինել նաև լճի կառավարման համար:

Lճի էպիլիմնիոնային շերտում լուծված թթվածնի և օդերևութաբանական ցուցանիշների իրական ժամանակում անընդմեջ չափման արդյունքների հիման վրա վերջին տասնամյակներում, ինչպես նաև ժամանակակից մեթոդով առաջին անգամ գնահատվել է ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը, դիտարկվել դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում և կանխատեսվել փոփոխման միտումները կլիմայի սպասվող տաքացման համատեքստում:

Ֆիտոպլանկտոնը զբաղեցնում է սննդային շղթայի ստորին օղակը և ստեղծում է թարմ օրգանական նյութ անօրգանական կենսածին նյութերից, ածխաթթու գազից և արևային լույսի էներգիայից՝ սննդային աջակցություն ցուցաբերելով ավելի բարձր տրոֆիկ մակարդակներին:

Միավոր տարածքում, միավոր ժամանակամիջոցում ֆիտոպլանկտոնի կողմից արտադրված օրգանական նյութի քանակը սահմանվում է որպես ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրություն: Սևանա լճի համար այն վերջին անգամ գնահատվել է տասնամյակներ առաջ: «Լճի մետաբոլիկ ակտիվությունն արտահայտվում է ուժեղ սեզոնայնությամբ՝ ցուրտ ամիսներին ցածր առաջնային արտադրություն, իսկ տաք ամիսներին՝ ընդհակառակը: Լճում ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը և էկոհամակարգի շնչառությունը մոտ են հավասարակշռված վիճակին, դիտվում են թույլ արտահայտված ինչպես ավտոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելին է, քան անհրաժեշտ է շնչառությանը), այնպես էլ հետերոտրոֆ (առաջնային արտադրությունն ավելի քիչ է, քան անհրաժեշտ է շնչառությանը) պայմաններ: Արդյունքները հստակորեն ցույց են տալիս առաջնային արտադրանքի էքսպոնենցիալ կախվածություն ջերմաստիճանից: Հայաստանի համար կանխատեսված է դարեվերջին 6°C-ով ավելի բարձր ամառային ջերմաստիճան, քան ներկայում է: Նման սցենարը կարող է հանգեցնել լճի մետաբոլիզմի էական փոփոխության և, ի վերջո, նաև ջրիմուռային ծաղկումների հաճախականության մեծացման»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գոռ Գևորգյանը։ Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով՝ «ՀՀ խոշոր հիդրոէկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության էկոլոգիական վտանգների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում։ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հետազոտությունն իրականացրել են Գերմանիայի Մագդեբուրգի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ։

Հետազոտության մեջ ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում փորձուսուցում անցած Ֆրանսիայի Ազգային օդերևութաբանության համալսարանի ուսանող Մաքսիմե Լաուլհերեն:

The post Ինչու է «ծաղկում» Սևանա լիճը․ ԳԱԱ-ն միտումները բացահայտող նոր տվյալներ է հրապարակել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.